ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ Հումորը, եթե օգնում է կյանքը մի փոքր թեթեւացնելու, լարվածությունը թուլացնելու, ապա երգիծանքը անհրաժեշտ է մթնոլորտի «հավասարակշռությունը» պահելու համար, երեբեմն սուր, երբեմն չափազանցվածՙ տեսանելի դարձնելու այն, ինչը խանգարում, կոշտ խրվում է կյանքի ներդաշնակության մեջ: Ապրիլի 1-ը ծիծաղի օրն է: Այսինքնՙ հումորի, անեկդոտի, երգիծանքի տոնը: Հաճախ հորինովի տոների մեջ այդ մեկը տեղին է: Որովհետեւ հանկարծ նկատում ես, թե ինչպես մեր կյանքից վտարվել է հումորը, առողջ հումորը, որ ինչպես զրուցակիցսՙ Սուքիաս Թորոսյանն (Toto) է համոզված, սթրեսային դժվար վիճակներից մարդուն դուրս հանելու միջոցներից մեկն է եւ օգնում է ավելի պոզիտիվ մոտենալ կյանքին: Տարիներ արդեն սովոր ենք ապրիլի 1-ին տարբեր ցուցասրահներում կամՙ բացօթյա, «Երգիծանկարիչների ազգային ասոցիացիայի» կազմակերպած ցուցահանդեսներին: Այս տարվանը, սակայն, փառատոնային է լինելուՙ միջազգային ընդգրկումով եւ կարծես հավակնում է վերածվելու ամենամյա իրադարձության, եթե ամեն ինչ հաջող ընթանա: «Երգիծանկարիչների ազգային ասոցիացիայի» եւ Նկարիչների միության կազմակերպությամբ գրաֆիկական հումորի առաջին միջազգային «Արեւավիշապ» փառատոնը անդրանիկ փորձն է մեզանում, որի աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է եւ կարելի է ասելՙ անսպասելի: Աշխարհի 60 երկրներից (Իրան, Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Անգլիա, Հոլանդիա, Լեհաստան, Իսրայել, Արգենտինա, Բուլղարիա, Թուրքիա... ) շուրջ 2800 աշխատանքների մասնակցությունը ժամանակակից երգիծանկարչության մասին բավական հիմնավոր տեղեկություն կտա եւ նոր, անծանոթ աշխարհներ կբացի, որտեղ ներկայացված գործերը շատ առումներով բնութագրում են տվյալ երկրները, ժողովուրդների հոգեբանությունը եւ վերաբերմունքը կյանքի տարբեր երեւույթներին: Ծրագրի մտահղացման մասին պատմում է «Երգիծանկարիչների ազգային ասոցիացիայի» նախագահ Սուքիաս Թորոսյանը:
- Մենք բաց մրցույթ հայտարարեցինք, եւ զարմանալիորեն շատերը տարբեր երկրներից մասնակցություն ցուցաբերեցին: Աշխատանքները ստանում ենք էլեկտրոնային ճանապարհով եւ տեղադրվում են humour2013.jimdo.com սայթում: Եթե թվային տվյալներով ներկայացնենք, ամենաակտիվ մասնակցությունը Իրանի Իսլամական Հանրապետությունից էՙ 48 երգիծանկարչի աշխատանքներ, եւ պետք է նշելՙ բարձր մակարդակի գրաֆիկական լուծումներով: - Իրանում եւ առհասարակ աշխարհում այս արվեստը շատ բարձր է գնահատված: Մեր հարեւան իրանցիք երգիծանքի եւ հումորի տուն-թանգարան ունեն, 800 երգիծանկարիչ է գործում այդ երկրում: Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում երգիծանկարչությանը եւ դրա զարգացմանը նպաստող բազմաթիվ քայլեր անում, միջազգային փառատոներ կազմակերպում: - Հայ նկարիչների մասնակցությունն ինչպե՞ս է: - Թվային քանակով մենք չորրորդ տեղում ենք: Ընդամենըՙ 25 նկարիչ, փոքր թիվ է եւ պատճառները կարող եմ ասել: Հայաստանում այսօր երկու թերթ միայն որպես մշտական աշխատակից երգիծանկարիչ ունիՙ «Ազգը» եւ «Հայկական ժամանակը»: Մամուլը դրա հայտը չի ներկայացնումՙ գլխացավանքից հեռու մնալու համար: - Այսի՞նքն: - Մեր օրերում խոսքը կարծես ավելի արժեզրկվել է, կարող ես ամեն ինչ գրել, վիրավորել, բայց դրա տպավորությունը շատ արագ է անցնում: Մինչդեռ պատկերը, հատկապես երգիծանկարը խորը տպավորվում է մարդկանց մեջ: Պատկերայնության ազդեցությունը շատ հզոր է, ուստի եւ խուսափում են դրանից: Տեսնում ենք ահա, թե ինչպես շատ հաճախ տպագիր մամուլը օգտվում է էլեկտրոնային կայքերից եւ մեր իրականության հետ կապ չունեցող, ոչ հայկական կերպարներով տարբեր իլյուստրացիաներ օգտագործում: - Երգիծանկարիչը գործելու, ներկայանալու հարթակ-ամբիոն փաստորեն չունի՞: Իսկ ցուցահանդեսայի՞ն եղանակը: - Դրանք կարող են լինել տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ: Սակայն երգիծանկարիչը պետք է լինի իրադարձությունների կիզակետում, օրվա զարկերակի վրա, պետք է հասարակության ցավոտ, հիվանդ կողմերին անդրադառնա: Իհարկե, թեմայի, նյութի պակաս չկա, սակայն պատվիրատուն է բացակա: Երիտասարդները գալիս են ոգեւորված, անդամակցում մեր միությանը, բայց երբ տեսնում են պատվեր, պահանջարկ չկա, հիասթափվում են: Նկարելը դառնում է կարծես հոբբի, եւ պրոֆեսիոնալ մակարդակի մասին խոսելն արդեն անիմաստ է: - Քանի՞ անդամ ունի միությունը: - Ընդամենը 25-30 եւ այս քչությունը երկրի փոքր լինելուց չէ. Մակեդոնիայից ավելի քիչ աշխատանք ենք ստացել, քան Կոստա Ռիկայից: Նկատեմ նաեւ, որ այս երկրներիՙ մեզ այսքան արագ արձագանքը միջազգային փառատոներին հայ երգիծանկարիչների մասնակցության եւ մրցանակային տեղեր գրավելու հետեւանքն է: Ավելինՙ երգիծանկարչության միջազգային մի շարք կազմակերպություններ առաջարկում են Երեւանը երգիծանկարչության մայրաքաղաք հռչակել, որովհետեւ պոտենցյալ են տեսնում եւ հույսեր կապում: - Ինչպե՞ս եք համակարգում աշխատանքները: Ծրագրի աջակիցներ ունե՞ք, իսկ խոչընդոտնե՞ր: - Փառատոնը անցնելու է ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: Ունենք հրավերքներ Իրանիցՙ երգիծանկարիչների տան տնօրեն եւ միության նախագահ Մ. Թաբաթային, Լեհաստանիցՙ «Բարի հումորի կուսակցության» (որի միության անդամ է նաեւ մեր ասոցիացիան) նախագահ Ս. Սադուրսկին, Ռուսաստանիցՙ երգիծանկարիչների միության նախագահ Մ. Զլատկովսկին. նա աջակցեց մեզՙ կոչ անելով ռուս երգիծանկարիչներին մասնակցելու փառատոնին: Ի դեպ, Ռուսաստանում շատ բարձր մակարդակի վրա է երգիծանկարչությունը, հատկապես մամուլը մեծ տեղ է տալիս ու նշանակություն: Խոչընդոտնե՞ր. սովորական բան, օրինակՙ Նկարիչների միության ցուցասրահի դիմաց, քաղաքապետարանի թույլտվությամբ գետինը փորված է. քար, կեղտ ու փոշի: Փառատոնին on-line հետեւելու հնարավորություն են ունենալու նաեւ մասնակից երկրները, եւ այդ պայմաններում համապատասխան տպավորություն է ձեւավորվելու: Սա հիասթափեցնող է, բայց մենք հումորով ենք վերաբերում նաեւ դրան. ինչ արած, կարմիր գորգի փոխարեն փոս է լինելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ոսկերչական գործարանինՙ մրցանակային մեդալների (1 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե) պատրաստման աջակցության համար: - Որքան հասկացա բաց քվեարկություն է լինելու, ինչպե՞ս եք պատկերացնում դա: - Ժյուրիՙ որպես այդպիսին, չի լինելու, որովհետեւ սուբյեկտիվ այդ կարծիքները հնարավոր է հասարակությունը չընդունի, ուստի բաց, հասարակական քվեարկություն կանցկացվի: Հաղթողի հասկացություն նույնպես չի լինի: Կճանաչվեն ուղղակի որպես լավագույններ: Ներկայացված բոլոր աշխատանքները ցուցադրվելու են ե՛ւ Միության ցուցասրահում, ե՛ւ տարբեր սայթերումՙ յուրաքանչյուր երկիր առանձինՙ իր դրոշով: Մեզ առավել հետաքրքրական է, թե այսօր հասարակությունը դեպի ո՞ր հումորն է հակված, որովհետեւ փառատոնի մասնակցությունը, «ներկապնակը» խիստ բազմազան է: Ամենատարբեր մշակույթներ կրող ներկայություններ կան. Արեւմուտքը, Արեւելքըՙ Մերձավոր, Միջին եւ Հեռավոր: Եթե հոգեբանական վերլուծության ենթարկենք, կարելի է հստակ տեսնել ե՛ւ առանձնահատկություններ, ե՛ւ ընդհանրություններ: Երգիծանկարից կարելի է որոշելՙ որ ժողովուրդն ու որ երկրիրն է ներկայացնում: - Որոշակի թեմայի շրջանակո՞ւմ է անցնում փառատոնը, թե՞ ազատ է: - Փառատոնը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին. թեման հիմնականումՙ գիրք եւ գրատպություն: Ապրիլին Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառման փակումն է կայանալու, որի նախաշեմին էլ բացվելու է մեր փառատոնըՙ ապրիլի 1-7-ը, եւ 12-ին էլ կհրապարակվեն լավագույնների անունները: Փակումը կլինի հաջորդ տարվա փառատոնի սկիզբ: - Որեւէ անակնկալ կամ առանձնահատուկ ակցիա ունենալո՞ւ եք: - Կարծում եմ, թմբկահարների մուտքը տպավորիչ է լինելու ու նաեւՙ բաց քվեարկությունը. որոշել ենք քվեատուփեր տեղադրել, լցոնումներ անել, կաշառք բաժանել, կարելի է հացադուլ էլ անել: - Լավ է, կլինի կենդանի երգիծանկար: |