ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵ ՔԱՂԱՔԱՅԻՆ` ՓՈՂԻՑ Է ԿԱԽՎԱԾ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Մոտ մեկ շաբաթից կմեկնարկի մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Մարտի 31-ն այն ժամկետն է, երբ ԿԸՀ-ում պետք է գրանցված լինեն մասնակցության հայտ եւ ցուցակներ ներկայացրած կուսակցություններից ու մեկ դաշինքից նրանք, որոնց փաստաթղթերը լիարժեք են: Օրինակ` մարտի 27-ին ԿԸՀ-ն թերի էր գտել «Առաքելություն» կուսակցության փաստաթղթերը եւ մինչեւ երեկվա ժամը 14-ը ժամանակ տվել լրացնելու դրանք: «Առաքելությունը» երեկ լրացրեց թերին, իսկ ԿԸՀ-ն գրանցեց բոլոր 6 կուսակցությունների եւ 1 դաշինքի համամասնական ցուցակները: Նախընտական քարոզչությունը սկսվելու է ապրիլի 7-ին (այդ օրը հավանաբար բոլոր գրանցված կուսակցությունները որպես քարոզզարշավ կօգտվեն հայ կանանց եւ մայրերին շնորհավորելու վերջին առիթից): ՀՀԿ նախընտրական ցուցակն, ինչպես գիտեք, գլխավորում է Տարոն Մարգարյանը: ՀՀԿ նախընրական շտաբի ղեկավարը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն է, որը նախորդ օրը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներիս փոխանցեց, որ այս ընտրություններում ՀՀԿ կարգախոսն է «Ավելի լավ Երեւան»: ՀՀԿ-ն, փաստորեն, ընտրություններում հաջողության հասնելուց հետո իր քաղաքապետով պատրաստվում է ամեն օր էլ ավելի լավը դարձնել Երեւանը, քան նախորդ օրն էր, համենայն դեպս այդպես է ասում Է. Շարմազանովը: ՀՀԿ-ն ձեւավորում է արդեն իր տեղական շտաբները, ըստ տեղեկություների` դրանք կարող են լինել մի քանի հարյուր, ամեն դեպքում` ընտրատեղամասերի թվի 400-ին ձգտելի թվով նախընտրական շտաբ ունենալու ցանկություն ՀՀԿ-ն ունի: ԲՀԿ ցուցակի առաջատարը Վարդան Օսկանյանն է, ԲՀԿ նախընտրական շտաբի պետըՙ Աբրահամ Մանուկյանը (ցուցակի 3-րդ համարը), քարոզչության պատասխանատուն` ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ն, ինչպես ավելի վաղ հայտնել էր Ն. Զոհրաբյանը, չի բավարարվելու մեկ կարգախոսով, այլ կունենա մի քանիսը, դրանցից հայտնի են` «Սկսենք Երեւանից», «Փոխելու ենք»: Այո, ԲՀԿ-ն պատրաստվում է փոխել մեր կյանքը` սկսելով Երեւանից: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` սպասվում է , որ ԲՀԿ-ն ձեւավորելու է մինչեւ 200 շտաբ: «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորելու է Արմեն Մարտիրոսյանը, իսկ շտաբը` նախկին ՕԵԿ-ական, նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Նա ԶԼՄ-նեից մեկին ասել էր, թե իր ձկնաբուծարանի տնօրինությունը հանձնել է ուրիշի, որ շտաբը ղեկավարելու ընթացքում ձեռքերն ազատ լինեն: Այս դաշինքում կարգախոսներ շատ են առաջարկվում ու վերջնականներն ընտրելու հարցում դեռ մտմտում են: ՕԵԿ նախընտրական ցուցակը ղեկավարում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, իսկ շտաբըՙ Խաչիկ Հարությունյանը: ՕԵԿ-ը Հայաստանի ողջ տարածքում մոտ 40-50 շտաբ է ձեւավորելու, կարգախոսների վերաբերյալ դեռ քննարկումներ կան: ՀՅԴ ցուցակը ղեկավարելու է Արմեն Ռուստամյանը, շտաբը` Աղվան Վարդանյանը: Կարգախոսները դեռ պաշտոնապես չեն հայտնվել, բայց ՀՅԴ-ն եւս համարում է, որ փոփոխությունները պետք է սկսվեն Երեւանից, եւ հնարավոր է, որ լինի այս բովանդակության` «Երեւան, փոխիր Հայաստանը»: ՀԱԿ ցուցակը գլխավորում է Վահագն Խաչատրյանը: Ավագանու ընտրություններն մասնակցում է նաեւ հասարակությանը քիչ հայտնի, կարելի է ասել` անհայտ «Առաքելություն» համեմատաբար նորաստեղծ կուսակցությունը, որտեղ երիտասրդներ են ընդգրկված, ու այստեղ բոլորը պատրաստակամ են խմբային աշխատանք անել` մեկը մյուսին օգնելով: Երեւանի ավագանու ընտրությունները բավական ծախսատար են լինելու, եթե հաշվենք, որ 4 հարյուր ընտրական տեղամաս կա: Ասենք, ՀՀԿ-ն բացում է 4 հարյուր տեղամաս` ինչ-որ ձեւով փոխհատուցվող անդամներով, միայն դա կարող է թիվ կազմել: Պետք են լինելու պաստառներ, բուկլետներ տպագրել, հսկայական լուսային գովազդեր տեղադրել, տրանսպորտի ու «պերերիվի» հարցեր լուծել: Ստացվում է, որ այդպիսի ծախսերի միայն կարող են դիմանալ ֆինանսական հզոր ռեսուրս ունեցողները: Անկախ նրանից` ըտրակաշառքը տեղ ունենալու է, թե ոչ, միայն պաշտոնապես արտացոլված ծախսերն արդեն ընրտրությունների մասնակիցների վրա շատ թանկ են նստելու եւ մեկ ուժի առումով կարող են հատել յոթանիշ թվի սահմանագիծը` դոլարային համարժեքով: Ամենամեծ` 5 քառակուսի մետրը գերազանցող քարոզչական պաստառներ ԿԸՀ-ին պատվիրել են բոլոր մասնակիցները, օրինակ` ԲՀԿ-ն 57 այդպիսի պաստառ է ունենալու, դրացից յուրաքանչյուրը բավական սոլիդ գումար արժե, գումարած տեղադրման վարձավճարը: ՀՅԴ-ն 30 վահանակ է ունենալու` 108 հազար եւ 162 հազար դրամ արժողության, բայց կան նաեւ մինչեւ կես միլիոն դրամ արժողության վահանակներ, որոնցից չենք կարծում, որ չունենան ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Դրանց պետք է գումարել նաեւ պաստառների տպագրման ծախսերը, դահլիճների վարձակալման, տրանսպորտային եւ մի շարք այլ ծախսեր: Խոսքն, ասում ենք, վերաբերում է բացառապես օրինական արտացոլված ծախսերին: Ավելացնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից կուսակցությունները հիմնադրամում ընտրությունների համար կարող են ունենալ առավելագույնը 75 մլն դրամ: Դե հիմա մեր վերը նշած կողմնորոշիչներով հաշվարկեք, ու կտեսնեք, որ ծավալապաշտական կուսակցությունների հիմնադրամային հնարավորություններն ու ցանկությունները կարող են իրար չբռնել` ցանկություններն ավելի շատ լինելու պատճառով, իսկ աղքատ կուսակցություններինը` հնարավորությունների պակասի պատճառով: Հ. Գ.- Մեր այս տեխնիկական նյութին «ոգեղենություն» հաղորդենք` փոխանցելով ԲՀԿ ցուցակի 1-ին համար Վարդան Օսկանյանի` երեկվա ֆեյսբուքյան գրառման կարճառոտ բովանդակությունը, ուր նա նշում է, թե «Գագիկ Ծառուկյանը, ես, ավագանու բոլոր թեկնածուները եւ կուսակցությունն իր ողջ ներուժով լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին եւ գնում ենք հաղթելու: Այս ընտրությունները խիստ կարեւոր են: Ֆորմալ իմաստովՙ այո, սրանք քաղաքային ընտրություններ են, բայց ըստ էությանՙ համապետականՙ հաշվի առնելով Երեւանի կշիռը հանրապետությունում: Երեւանն իր ներուժով եւ կարողություններով պետություն է պետության մեջ: Ես կուզենայի, որ մեր հասարակությունը նույնպես լրջագույնս վերաբերվեր այս ընտրություններին եւ անպայման դիտարկեր ե՛ւ քաղաքական, ե՛ւ քաղաքային հարթություններում: Սա քաղաքական ընտրություն է: Նախ, որովհետեւ քաղաքապետի պաշտոնում ոչ իշխանական կուսակցությունից քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ անձը փաստացի դառնում է հանրապետության երկրորդ կարեւորագույն դերակատարը»` հավելելով, որ ԲՀԿ-ի կողմից առանձին կամ քաղաքական այլ ուժերի հետ քաղաքային իշխանությունը վերցնելու դեպքում քաղաքական համակարգում առաջին անգամ լրջագույն հակակշիռ կստեղծվի իշխող կուսակցությանը, որից կշահեն երկիրը, ժողովրդավարությունը եւ քաղաքացին: Նա նաեւ ավելացրել է, թե այս ընտրությունները տեղի են ունենալու այն պահին, երբ թերեւս նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը հանգուցալուծված չի լինելու, ուստի ժողովրդի բողոքի կանչը եւ պահանջատիրությունը կարող են իրենց արտահայտությունը գտնել նաեւ այս ընտրությունների ընթացքում: |