ԱՅՍՕՐ ՊԻԱՑՈԼԱՅԻ ՏԱՆԳՈՆԵՐԸ ՖԵԴԵՐԻԿՈ ՄՈՆԴԵԼՉԻԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հայաստանի կամերային նվագախումբն իր գործունեության 50-ամյակի կապակցությամբ կազմակեպում է մի շարք համերգներ` միջազգային երաժիշտների հետ համատեղ: Այսօր տեղի կունենա սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի հետ համատեղ համերգը: Նա առանձնանում է Աստոր Պիացոլայի տանգոների իր յուրովի մշակումներով, եւ այս համերգին եւս կհնչեն դրանք: Արամ Խաչատրյան համերգասրահում մարտի 30-ին տեղի կունենա շատ սպասված համերգը: Ի դեպ, Ֆեդերիկո Մոնդելչին առաջին անգամ չէ Հայաստանում: Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց սաքսոֆոնահարը, շատ ուրախ է եւս մեկ անգամ գտնվելու Հայաստանում եւ համագործակցելու կամերային նվագախմբի հետ: Ֆ. Մոնդելչին նշեց, որ համերգին կկատարվի նաեւ հայկական ստեղծագործություն իր իսկ մշակմամբ: Ծրագրում կհնչեն` Ալեքսանդր Գլազունով` Կոնցերտ Mib սաքսոֆոնի եւ լարայինների համար, Անտոնին Դվորժակ` Երկու սլավոնական պար լարայինների համար, Ջորջ Գերշվին` I got rhythm լարայինների համար, Էնիո Մորիկոնե` Պրոմենադ Մորիկոնեի հետ, Նիկոլա Պիովանի` La Vita est Bella (Կյանքը հիասքանչ է), Լերոյ Անդրսեն` Plink, Plank, Plunk, The Syncopated ClockBlue, TangoFiddle-Faddle, Խավիեր Ջիրոտո` Morronga la Milonga, Աստոր Պիացոլա` Հրաժեշտի տանգո, Oblivion, Ռոբերտո Մոլինելի` Tango Club: Ֆ. Մոնդելչին հիշելով իր առաջին այցը Հայաստան, ասաց. «Հայաստանում առաջին անգամ համագործակցել եմ Կոստանտին Օրբելյանի հետ: Ի դեպ, մի առթիվ իրար հետ գնացել ենք մի միջոցառման, որի ընթացքում հնչեց դուդուկ եւ բոլորը լուռ լսում էին: Հիացած էի, քանի որ նման դեպքերում իտալացիներն ուղղակի խոսում են ու չեն լսում: Հայերն իսկապես հիանալի ունկնդիր են»: Մոնդելչին ավելացրեց, որ այս համերգին շատ իմպրովիզացիաներ չի անի, ի տարբերություն այլ համերգների: Իտալացի սաքսոֆոնահարը նկատեց, որ հայերն ու իտալացիներն ունեն նմանություններ` թե՛ արտաքնապես, թե՛ տաքարյունությամբ: Ինչպես երաժիշտը տեղեկացրեց, ընտրել է հենց սաքսոֆոն գործիքը, քանի որ դրա ձայնը շատ նման է մարդու ձայնին: Ֆեդերիկո Մոնդելչին միջազգային 4 եւ ազգային 2 մրցույթների դափնեկիր է: Ձայնագրել է մի շարք ձայնասկավառակներ: Համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում, այդ թվում Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ֆինլանդիայում: Որպես մենակատար հանդես է եկել Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբում` Ս. Օզավի ղեկավարությամբ, Մոսկվայի կամերային նվագախմբում` Կ. Օրբելյանի ղեկավարությամբ: Սաքսոֆոնի հետ միաժամանակ ուսանել է երգեցողություն, կոմպոզիցիա եւ դիրիժորություն: 1982թ. Ֆ. Մոնդելչին ստեղծեց «Իտալիայի սաքսոֆոններ» կվարտետը, որի հետ տվել է շուրջ 250 համերգ: Սաքսոֆոնահարն ակտիվորեն պրոպագանդում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, դասավանդում է Պազերոյի կոնսերվատորիայում: |