ՐԱՖՖԻՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅԼԵՎ «ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ» Մ. Խ. Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա գնալու համացանցային հեգնանքը երեկ քիչ մնաց սարկազմի հասնի ու գուցե հասավ. «Գնում է` ի՞նչ անի», «8 մլն մոսկվացուն բարեւելու է գնացել», «Գնացել է` Պուտինից ժողովրդի հաղթանակը բերի»: «Ուղիղ Տիզբոն»: «Չերեզ Մոսկվա` Վաշինգտոն», հեգնել էր Է. Շարմազանովը դրա նախորդ օրը: «Էլ չի գալու», ասել էր ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը: Դե իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը տարածել էր, որ Մոսկվայից գալու էր ու հենց ժամը 18-ին երեկ հանդես գար ծրագրային ելույթով: Ճիշտն ասած, Ր. Հովհաննիսյանը գալը` եկավ, բայց ծրագրային ելույթ այդպես էլ չլսեցինք: Եթե ելույթի ծրագրայինը համարվում է նա, որ ասաց եկող շաբաթ «Անի» հյուրանոցում հավաքվելու մասին, երեւում է, տարբեր պատկերացումներ ունենք ծրագրային ելույթի մասին: Բացի այդ էլ` ոչ մի կարգին պարզաբանում, թե ինչու էր Մոսկվա գնացել` Մոսկվան իրեն հրավիրե՞լ է ժողովրդի կարծիքը լսելու: Ազատության հրապարակում երեկ կրկին թագավորում էր անձրեւը: Կարծեցինք, թե մարդ չի գա Րաֆֆու հրավիրած հանրահավաքին, բայց, պատկերացրեք, եկել էին: Թեեւ` ավելի շատ «Բարեւի» ակտիվիստներն էին, եւ ընդհանուր թվով` մարդիկ շատ չէին: Ու էլի չնայած` Րաֆֆին ասաց, թե հրաշալի եղանակ է: Սպասելի էր նրա ցասումը ապրիլի 9-ին տեղի ունեցածից երեկվա օրվա` նրան ոււղղված ողջ հեգնանքից հետո: Նրա ցասումից բաժին հասավ եւ իր կողքին չկանգնած ընդդիմադիրներին, եւ «դեպի արյուն տանող սրիկա» սադրիչներին, որոնք այլեւս չեն լինելու. «Չենք ընդունում նրանց, ովքեր լինելով գործող իշխանության մեջ, թաքուն քաղաքացի ձեւանալով` մեր արյան վրայով քաղաքական կարիերա էին ուզում սարքել»: Խոսեց նաեւ, որ հնարավոր է` սխալներ արել է, բայց որ խոստացել է` հաղթանակը տանելու է, եւ արյուն չի լինելու: Ընդունելով իրեն քննադատելու ուրիշների իրավունքը` ամոթ ուղղեց նրանց, ովքեր, իր բառերով, ապրիլի 9-ին իր կողքին չէին ու տաքուկ կուսակցական անկյուններից Րաֆֆու տապալման մասին էին խոսում, եւ ովքեր օտվելով նրա «մի ժամվա բացակայությունից ուզում էին ժողովրդի վոժդ համարել իրենց»: Անուն չտրվեց, բայց բոլորը հասկացան, որ վերջին խոսքն ուղղված էր Անդրիաս Ղուկասյանին, ով մի պահ, երբ Ր. Հովհաննիսյանը գնացել էր Ծիծեռնակաբերդ, փորձեց իրադրությունը վերցնել իր ձեռքը: Նա նաեւ պահանջեց այն ոստիկանի հրաժարումը, որը ձեռք է բարձրացրել «ապագա քաղաքապետի»` Արմեն Մարտիրոսյանի վրա: Նա հրաժարական էր պահանջում ոչ միայն իշխանությունից, այլեւ կեղծ ընդդիմությունից, իսկ ապրիլի 9-ին իշխանությունը, նրա կարծիքով, հասկացավ, որ ժողովուրդը ոչխարի հոտ չէ: Ասաց, որ պայքարը շարունակելու է, ժողովրդի հաղթանակը տանելու է գյուղեր: Ամենահետաքրքականը, սակայն, այն էր, որ իր կողքին չկանգնած ընդդիմությանն իր տեղը դնելուց հետո Ր. Հովհաննիսյանը պարզեց իր մտադրությունը` հաջորդ ուրբաթ ժամը 18-ին «Անի» հյուրանոցում միասնական թիմ առաջ բերելու մասին. փաստորեն` նա հրավիրեց բոլորին, ով հարգում է ժողովրդին, լինել այդ դահլիճում եւ միասնական ուժ ձեւավորել հետագա պայքարի համար: Ապրիլի 24-ին էլ Ազատության հրապարակից գնալու են Ծիծեռնակաբերդ: Իսկ արդեն «Բարեւ, Երեւան» դաշինքով նախընտրական հանդիպումներ են լինելու Երեւանի համայնքներով: Ահա. սա թերեւս ամենաէականն է` «Բարեւի» բոլոր հեղափոխական մեսիջներն այսուհետեւ եւ գուցե հենց սկզբից ուղղված էին եւ են դեպի Երեւանի ավագանու ընտրություններ, իսկ նրա շուրջը աղմուկի պատճառով ընտրությունների մյուս մասնակիցների քարոզարշավը փաստորեն ստվերվում է: |