ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ՊԱՐԳԵՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի 3 պատվիրակներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 18-ամյա Անդրանիկ Կարապետյանը, որն առաջին մեդալը պարգեւեց մեր հավաքականին: Պատանեկան եւ երիտասարդական մրցահարթակներում մրցանակակիր դարձած մեր ծանրորդը հաջողությամբ նշեց նորամուտը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Անդրանիկը շատ վստահ ելույթ ունեցավՙ չեմպիոնի տիտղոսի համար պայքար մղելով իր ավելի փորձառու մրցակիցների հետ: Նա անթերի կատարեց պոկում վարժությունըՙ հաջորդաբար բարձրացնելով 153, 157 եւ 160 կգ: Այդ ցուցանիշով Անդրանիկը պոկում վարժությունում արժանացավ արծաթե մեդալիՙ ընդամենը 1 կգ-ով զիջելով ռուսաստանցի Դմիտրի Խոմյակովին: Բրոնզե մեդալը նվաճեց մոլդովացի Ալեքսանդր Սպակըՙ 157 կգ: Շատ լարված ու դրամատիկ պայքարում ընթացան հրում վարժության մրցումները, որոնց արդյունքում էլ պետք է որոշվեր Եվրոպայի չեմպիոնը մինչեւ 77 կգ քաշային կարգում: Հայ ծանրորդը վարժությունը սկսեց 180 կգ-ով: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Խոմյակովը: 2-րդ մոտեցման ժամանակ Անդրանիկին չենթարկվեց 185 կգ-անոց ծանրաձողը, իսկ ահա նրա ռուս մրցակիցը հաջողությամբ բարձրացրեց այդ ծանրությունը: 3-րդ մոտեցման ժամանակ հայ ծանրորդը պատվիրել էր 186 կգ: Փորձը հաջողությամբ պսակվեց: Անդրանիկ Կարապետյանը երկամարտում ցույց տվեց 346 կգ (160+186) արդյունք: Նույնպիսի արդյունքի էին հասել նաեւ մոլդովացի Ալեքսանդր Սպակն ու ռումինացի Ռազվան Մարտինը: Արծաթե եւ բրոնզե մեդալակիրներին որոշելու համար հարկ եղավ հաշվի առնել ծանրորդների անձնական քաշերը: Կարապետյանը մի քանի 100 գրամով ծանր էր նրանցից, ուստի զրկվեց երկամարտում մրցանակակիր դառնալու հնարավորությունից եւ բավարարվեց 4-րդ տեղով: Ինչ խոսք, ցավալի է մեդալից զրկվելը: Սակայն Անդրանիկի ելույթն իրոք գոհացուցիչ էր: Եվ այսպես, մինչեւ 77 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Դմիտրի Խոմյակովը երկամարտի 351 կգ (161+190) արդյունքով: Արծաթե մեդալը բաժին հասավ Ալեքսանդր Սպակին, բրոնզըՙ Ռազվան Մարտինին: |