ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆ ԱՄԵՆԱԷՆԵՐԳԱՏԱՐՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Կրկին Հայաստանում էներգաարդյունավետությամբ 132 մլրդ դրամ խնայելու հնարավորության մասին Հունիսի 25-ին Բրյուսելում Համաշխարհային բանկը ներկայացրել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կլիմայական փոփոխություններին նվիրված երեք զեկույց, որոնք, այլ հարցերի թվում, անդրադառնում են էներգիայի այլընտրանքային աղբյուրների ու արդյունավետ օգտագործման հարցերին: Անդրադարձ է կատարված նաեւ այս տարածաշրջանում գտնվող Հայաստանին: Առաջին` «Անցումը տնտեսական աճի էկոլոգիացման` կլիմայի փոփոխություններին հակազդելու պլանի տնտեսական շահերը» զեկույցում նշվում է, որ ի նպաստ տնտեսական աճի կլիմայի փոփոխություններին հակազդելու ռազմավարության հիմնական բաղադրիչներն են էներգաարդյունավետությունը, էներգիայի ավելի մաքուր աղբյուրները եւ բնական ռեսուրսների կառավարումը: Որպես օրինակ նշվում է, որ 2012-ին երաշտի պատճառով Ղազախստանում ոչնչացավ բերքի 50 տոկոսը, Ռուսաստանում` 25 տոկոսը, Ուկրաինայում` 20 տոկոսը: Նման կլիմայական փոփոխությունները չեն բացառվում, որ ապագայում եւս կկրկնվեն: Նշվում է, որ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների արձագանքն այս երեւույթներին շատ դանդաղ է: Ըստ զեկույցի, այս տարածաշրջանը ամենաէներգատարն է աշխարհում: Մասնավորապես, մեկ միավոր թողարկվող արտադրանքի էներգածախսերը 50 տոկոսով գերազանցում են համաշխարհային միջին ծախսերը: Մյուս զեկույցում «Էներգաարդյունավետություն` հաջողված օրինակներից քաղած դասերը» վերլուծվում են Եվրոպական միության այնպիսի երկրների, ինչպիսիք են Դանիայի, Գերմանիայի, Իռլանդիայի եւ Շվեդիայի ռազմավարությունները արեւմուտքում եւ Լիտվայինը, Լեհաստանինն ու Ռումինիայինը` Կենտրոնական Եվրոպայում: Այդ երկրներում հաջողվել է առավելագույնս բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը: Սակայն տարբեր երկրներում իրավիճակը տարբեր է: Առավել հաջողված երկրներն այստեղ Դանիան ու Իռլանդիան են, իսկ, օրինակ, Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Կենտրոնական Ասիայի մյուս երկրներում այդ ցուցանիշն ամենացածրն է աշխարհում: Համաշխարհային բանկի փորձագետները կապ են տեսնում էներգաարդյունավետության մեջ կատարված ներդրումների եւ կայուն տնտեսական աճի միջեւ, նշելով, որ դա առավել նկատելի է Գերմանիայում եւ Շվեդիայում: Երրորդ զեկույցում` «Հավասարակշռության ապահովումը` էներգետիկ սուբսիդիաների կրճատումը հասանելիության պահպանման պարագայում», նշվում է, որ էներգիայի սակագների սուբսիդավորման վերացումը կարող է զուգակցվել բարեկեցության բարձրացման հետ: Այսինքն, պարտադիր չէ, որ այդ քայլը բերի աղքատության ավելացման եւ կյանքի պայմանների վատթարացման: ՀԲ զեկույցի գնահատմամբ, էներգակիրների գների բարձրացման դեպքում, առավել աղքատ տնային տնտեսություններին փոխհատուցման տրամադրումը էներգաարդյունավետության բարձրացման մեջ փոքր ներդրումներուվ զուգակցելով, հնարավոր կլինի ապահովել համախառն ներքին արդյունքի 1 տոկոս աճ տարածաշրջանի երկրների կեսի համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նշվում է, որ մեր երկրի էներգետիկ կարիքների մոտ 90 տոկոսը բավարարվում է ներմուծվող հումքի միջոցով: Վերստին հիշատակվում է, որ էներգաարդյունավետության մեջ ներդրումներ կատարելու միջոցով տարեկան հնարավոր կինի խնայել 132 մլրդ դրամ կամ 360 մլն դոլար, որը երկրի համախառն ներքին արդյունքի 4,3 տոկոսն է կազմել 2009-ին: Այս մասին մենք նախկինում գրել ենք («132 մլրդ դրամ կարող ենք խնայել միայն էներգախնայողությամբ», «Ազգ», 4 հունիսի, 2013 թ): ՀԲ-ն տեղեկացնում է, որ վերականգնվող եւ այլընտրանքային էներգիայի հիմնադրամը որոշակի ծրագրեր է իրականացնում այս ուղղությամբ: Մասնավորապես, հիմնադրամը տարեկան 2-3 մլն դոլարի ներդումներ է կատարում այստեղ: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ էներգախնայողության միջոցով էներգաարդյունավետության ծրագրերի իրականացումը Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պարագայում առավել հրատապ է դարձել: Եվ ամենեւին էլ պարտադիր չէ, որ դրա անհրաժեշտության մասին խոսեն ՀԲ փորձագետները կամ նշվի զեկույցներում: Էներգախնայողության ծրագրերի իրականացումը հնարավոր է ավելի արագ եւ համեմատաբար ավելի քիչ ներդրումներով իրագործել, իսկ դրան զուգահեռ` նախադրյալներ ստեղծել այլընտրանքային էներգիայի զարգացման համար: |