ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ` ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը, սփյուռքի նախարարության հետ համատեղ հայտարարում են 2013թ. ստեղծագործական եւ գիտական աշխատանքի միջազգային մրցանակաբաշխություն: Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը: Մրցանակաբաշխությունը համագործակցում է կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների, ինչպես նաեւՙ ԳԱԱ, Հայաստանի գրողների, ժուռնալիստների, նկարիչների, կոմպոզիտորների միությունների ու երաժշտական ընկերության հետ: Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից եւ սփյուռքից: Այս տարի ԳԱԱ 70-ամյակն է, եւ այս մրցույթը գիտության գծով կնվիրվի Գիտությունների ազգային ակադեմիայի հոբելյանին: «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթին սահմանված է 12 անվանակարգ` ֆիզիկա, մաթեմատիկա եւ մեխանիկա, ինֆորմատիկա, տեխնիկական գիտություններ, քիմիա, կենսաբանություն, պատմություն, սոցիոլոգիա եւ իրավագիտություն, երկրաբանություն, արվեստ, լեզու եւ գրականություն, տնտեսագիտություն, հայագիտություն եւ ազգագրություն ուղղություններով: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 12 միլիոն դրամ: Ինչպես երեկ Ռուսաստանի հայերի միությունում կայացած հանդիպմանը տեղեկացրեց ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը, արդեն հայտեր են ստացել, ինչպես Էստոնիայից, այնպես էլ Լատվիայից եւ Ուկրաինայից: Անդրադառնալով մրցույթի մյուս ճյուղին, որը նախատեսված է գրողների համար, նշենք, որ անցկացվում է «Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար» նշանաբանով: Իսկ անվանակարգերը հետեւյալն են` արձակ, պոեզիա, դրամատուրգիա կամ մանկապատանեկան գրականություն: Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ` արձակի համար նախատեսված է 1. 650. 000 դրամ, պոեզիայի` 1.650.000 դրամ, իսկ դրամատուրգիայի կամ մանկապատանեկան գրականության` 1. 650. 000: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ ստացել են 20 հայտ, որոնցից երկուսը արձակ, տասը` պոեզիա, չորսից-հինգըՙ մանկական եւ այլն: Լ. Անանյանն ընդգծեց, որ ժյուրիի կազմում ընդգրկված են ինչպես գրականության ինստիտուտից, այնպես էլ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, գրողների միությունից, ԵՊՀ-ից մասնագետներ: Հայտարարվել է նաեւ լրագրողական լավագույն հրապարակումների մրցույթ` «Մեր հավատամքը` պետականություն, միասնականություն, ազգային ինքնություն» թեմայով: Մրցույթին ներկայացվող հրապարակումները պետք է արտացոլեն մեր պետականության, միասնականության, ազգային ինքնության հիմնահարցերը, Հայատանի հետագա հզորացման, բարգավաճման, ժողովրդավարացման ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման գործընթացները: Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ: Սահմանվել են հետեւյալ մրցանակները` տպագիր մամուլ, 3 մրցանակ` 500.000 դրամ, հեռուստահաղորդումներ, 2 մրցանակա` 500.000-ական դրամ, ռադիոհաղորդումներ, 2 մրցանակ` 500.000-ական դրամ, սփյուռքահայ լրատվամիջոց, 2 մրցանակ` 500.000-ական դրամ, ինչպես նաեւ սահմանվել է հատուկ մրցանակ Ռուսաստանի հայերի միության բազմաբնույթ գործունեությունը լուսաբանող լավագույն հրապարակումների համար` 500.000 դրամ: ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն ուրախությամբ փաստեց, որ արդեն ստացել են հետաքրքրական նյութեր: Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել միայն Հայաստանի ժուռնալիսների միության անդամները: Իսկ կերպարվեստի զարգացմանը նպատակաուղղված լավագույն ստեղծագործությունների մրցույթում ներառված են գեղանկարչության, քանդակի, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի անվանակարգեր: Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հանդիպմանը փաստեց, որ սեպտեմբերին կցուցադրվեն 100-ից ոչ պակաս նկարներ, ինչպես նաեւ ցուցահանդեսին կներգրավեն սփյուռքի նկարիչներին: Հայտարարվել է նաեւ լավագույն կոմպոզիտորական եւ երաժշտագիտական ստեղծագործությունների մրցույթ, որին կարող են մասնակցել այն կոմպոզիտորներն ու երաժշտագետներն, որոնք ունեն պորֆեսիոնալ երաժշտական կրթություն: Իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ: Կոմպոզիտորական արվեստի գծով ներկայացված են հետեւյալ անվանակարգերը` վոկալ-սիմֆոնիկ, կոնցերտային երաժշտության ժանրում գրված ստեղծագործություն` 1. 280. 000դրամ, գործիքային անսամբլների համար գրված ստեղագործություններ`1.100.000 դրամ, խմբերգային վոկալ-գործիքային երաժշտության ժանրում գրված ստեղծագործություն` 250.000 դրամ: Իսկ երաժշտագիտության ասպարեզում ներառված են ինչպես գիտական հոդվածների ժողովածու, այնպես էլ երաժշտագիտական հրապարակախոսություն, մենագրություն: Մրցանակային ֆոնդը կազմում է 900.000 դրամ: Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն ուրախությամբ նշեց, որ մրցույթին հայտեր են ստացել ե՛ւ Սիրիայից, ե՛ւ Արգենտինիայից: Նա փաստեց, որ արտերկրում ավելի ակտիվ են: Հայաստանում երգչախմբային արվեստի հետագա զարգացման նպատակով հայտարարվում է նաեւ երիտասարդական երգչախմբերի հանրապետական փառատոն-մրցույթ, որին կարող են մասնակցել Հայաստանի եւ ԼՂՀ երիտասարդ երգչախմբերը, որոնց անդամների տարիքը չի գերազանցում 35-ը: Փառատոն-մրցույթը ներառում է ինչպես Կոմիտասի խմբերգերից, այնպես էլ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ժողովրդական երգերի մշակումներից, եւ երգչախմբի գեղ. ղեկավարի կողմից ներկայացված ստեղծագործություն: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 4 միլիոն դրամ: Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը նշեց, որ վերոնշված անվանակարգում ներկայացվել է 7 հայտ: Այս տարի նաեւ ավելացել է եւս մի անվանակարգ` ռեժիսորների գծով, որոնք պետք է անդրադառնան սահմանամերձ, հեռավոր գյուղերի խնդիրներին: Երեկ` Ռուսաստանի հայերի միությունում կազմակերպված խորհրդակցության ժամանակ հետաքրքրական միտք առաջարկեց կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը եւ պատրաստակամություն հայտնեց ի կատար ածել. ՌԴ-ում կազմակերպել հեղինակային համերգներ, որոնց հասույթը կտրամադրվի սահմանամերջ կարիքավոր գյուղերին: Այս գաղափարին միացավ նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` ասելով, որ Նկարիչների միությունը եւս կտրամադրի նկարներ, որոնցից գոյացած հասույթը կարող են տրամադրել այդ գյուղերին: |