Ո՛Չ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ Հ. Հ. Բողոքի ակցիա նախագահական նստավայրի դիմաց. կան ձերբակալվածներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպման հայտարարությունը, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը, Երեւանում միանշանակ չընդունվեց: Նախՙ քննարկումներ ու քննադատական կարծիքներ համացանցում, հետոՙ բողոքի ակցիաներ: «Back to USSR», «Մենք չենք ուզում ռուսահպատակ լինել», «Նատաշաներ, պուծինկաներ» ու նմանատիպ վանկարկումներով երեկ շուրջ 150 քաղաքացի նախագահի նստավայրի դիմաց էին: Նրանց խոսքերով, սա ընդամենը զգուշացում է, այս կերպ նրանք տեղեկացնում են նախագահ Սարգսյանին, որ այլեւս չփորձի առանց հասարակության հետ խորհրդակցելու եւ նրա կարծիքը հարցնելու որոշումներ կայացնել երկրի վերաբերյալ: «Եթե նախագահական նստավայրից հաջորդ անգամ խոսեն Մաքսային միության կամ նրա անդամակցության մասին, ապա բողոքի ակցիաները կլինեն ավելի հզոր ու ավելի մարդաշատ: Մեզ չեն կարող պարտադրել կրկին վերադառնալ ԽՍՀՄ», ասում էին ակտիվիստներըՙ հավելելով, որ Հայաստանի նախագահը չորս տարի շարունակ հայտարարել է, որ պետությունն ամեն ինչ անում է Ասոցիացման համաձայնագիր ստորագրելու համար եւ վերջին պահին, առանց որեւէ հայտարարության եւ զգուշացման, Սարգսյանը մեկնում է Մոսկվա եւ ներկայացնում Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը: «Նման դիրքորոշում չկա, նախագահից սկսած մինչեւ արտգործնախարար եւ ՀՀԿ վերջին կուսակցականն ասում էին, որ շուտով պայմանագիր ենք կնքում, ու Հայաստանի համար նոր հորիզոններ են բացվում: Բա էդ ժամանակ ինչի՞ նախագահը այլ դիրքորոշում չէր ներկայացնում: Ի՞նչ եղավ, Կրեմլում շա՞տ նեղեցին, ասացինՙ սիրուն չէ՞, ասացինՙ լեգիտիմ չե՞ս ու ինչ ասենք, էդպես պետք է լինի՞: Չի լինելու նման բան, Հայաստանը նորից ԽՍՀՄ չի դառնալու», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանըՙ հավելելով, որ եթե անգամ նախագահի վրա ճնշումներ են գործադրվել, ապա նախագահը պետք է լսեր իր քաղաքացիների կարծիքը: «Նախագահը չի կարող 3 միլիոն հոգու փոխարեն որոշում կայացնել, թող անցկացնեն հանրաքվե, եւ հասարակությունը հայտարարիՙ ուզում է միանալ Մաքսային միությանը, թե՞ Եվրոպական», ասաց մեկ այլ ակտիվիստՙ Կարինեն: Ակտիվիստներից ոմանք ի նշան սարկազմի գնել էին CCCR պաղպաղակներ եւ կարմիր վզկապներ, նրանք երգում էին ԽՍՀՄ հիմնը եւ հավելում, որ Հայաստանը չի վաճառվում Ռուսաստանին: Ակցիայի մասնակիցները պահանջում էին նաեւ նախագահի հրաժարականըՙ վանկարկելովՙ «հե-ռա-ցեք»: Որոշ ժամանակ անց ակտիվիստներն անցան դիմացի մայթ, սակայն ոստիկանները սկսեցին քաշքշել նրանց եւ մի քանի հոգու բերման ենթարկեցին: Յոթ ակտիվիստ դեռ պահվում է Արաբկիրի ոստիկանությունում: Բողոքի ակցիան, որ սկսել էր ցերեկը ժամը մեկին, ավարտվեց ժամը 4-ի սահմաններում: Ակտիվիստները հայտարարեցին, որ սա վերջին ակցիան չէ, նման եւ ավելի մարդաշատ ակցիաներ լինելու են, եւ իրենք ապացուցելու են, որ երկրի տերը ՀՀ քաղաքացին է: |