ՆՈՐ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԴԱՆԱԿ Հ. Ծ. Լոնդոնի «Իմպերիալ քոլեջի» հետազոտող գիտնականների խումբը վերջերս նոր վիրահատական դանակ է հայտնագործել, որին տվել է «iknife» (խելացի դանակ) անունը, որտեղ «i»-ը «intelligent» բառի սկզբնատառն է, տեղեկացնում է «Irish Health» պարբերականը, որտեղից լուրը արտատպել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Նորաստեղծ դանակը գրեթե հարյուր տոկոսի ճշգրտությամբ կարողանում է վիրաբույժներին տեղեկացնել, թե կտրվող հյուսվածքը քաղցկեղով վնասված է, թե ոչ: Հայազգի պրոֆ. լորդ Արա Դարզին, որը համահեղինակ է նորարարության, բացատրում է, որ քաղցկեղով հիվանդ մարդու վիրահատության ժամանակ շատ կարեւոր է հնարավորին քիչ առողջ հյուսվածքներ հեռացնել: Նոր դանակը տալիս է այդ հնարավորությունը: Առայժմ 91 հիվանդների հյուսվածքների ուսումնասիրությունը բացահայտել է, որ դանակը ճիշտ է կողմնորոշվում: Եթե լաբորատոր ստուգումները մոտ կես ժամ էին պահանջում, «խելացի» կամ «հասկացող» դանակը այդ նույն տեղեկությունըՙ հյուսվածքի քաղցկեղով վարակված լինել-չլինելու վերաբերյալ, տալիս է ընդամենը 3 վայրկյանի ընթացքում: Նման հնարավորությունը մեծապես կրճատելու է կրկնագոյացումները, համոզված են գիտնականները: Նորաստեղծ վիրաբուժական դանակի մասին հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել «Science Translatronal Medicine» պարբերականում: |