ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ Բոդենզեի շրջանում ատելությունը շատանում է, դաշնային ոստիկանությունը հսկում է Կոնստանցի թատրոնը, գրում են գերմանական համարյա բոլոր լրատվամիջոցները: Տեղական հեռուստատեսային ալիքը մի քանի րոպեանոց անդրադարձում ցույց է տալիս մարտի 21-ին պրեմիերային նախորդած 150 հոգանոց թուրքական ամբոխի բողոքի ցույցըՙ իբր ներկայացման ազդագիրը վիրավորում է իրենց ազգային արժանապատվությունըՙ անհանդուրժելի է, որ թուրքական դրոշը ծածանվի մահացածի գլխավերեւում: Իսկ մահացածըՙ սպանված Հրանտ Դինքն է... Ազդագրին Էրդողանի բառերն ենՙ «Մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել»: Գերմանացիներն ազդագիրը հանում են, սակայն ներկայացումը չեն պատրաստվում ջնջել. դեռ 14 անգամ Էդգար Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» պիտի խաղարկվի: Բայցՙ նորից զիջումՙ ամեն անգամ վարագույրը բացելիս նախ պիտի ընթերցվի թուրք հյուպատոսի նամակը, որում նա իր դժգոհությունն է հայտնում ներկայացման մեջ «Հայոց ցեղասպանություն» եզրը գործածելու համար: Էդգար Հիլզենրաթն էլ, իրազեկ անցուդարձին, իր կայքէջում է հստակեցնում.« Այդ առիթով որեւէ բանավեճ չկա, դա ցեղասպանություն էր»: Ինչո՞ւ, ինչի՞ց են վախենում Գերմանիայի իշխանությունները, թատրոնի տնօրենը: Այս գրաքննությունից ազատ երկրում գրաքննությո՞ւն են սահմանում, երբ խոսքը Հայոց ցեղասպանությանն է վերաբերում: Այս հարցերի պատասխանըՙ «Ազգ»ի հաջորդ համարում: |