ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ` ԻՐԱՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Խորհրդային Հայաստանի գիտական ներուժի եւ ամբողջ ԽՍՀՄ-ում նրա ունեցած դերի եւ լուրջ մասնաբաժնի մասին շատ է խոսվել: 90-ականներին, սակայն, անկախ Հայաստանի գիտությունը եւ գիտնականները նույնպես ենթարկվեցին նույն փորձություններին, ինչ ամբողջ երկիրը եւ կրեցին լրջագույն կորուստներ, որոնց մեծ մասը վերականգնելի չէ: Այդուհանդերձ, այն ինչ ունենք եւ ինչ պահպանվել է, հնարավորություն է տալիս իրականացնել տարբեր գիտական ծրագրեր, սերտորեն համագործակցեով արտերկրի հեղինակավոր կազմակերպությունների հետ («Քենդլ» ծրագիրն օրինակ): Խնդիրն այժմ այլ է, ինչպե՞ս անել, որպեսզի գիտական մշակումները կիրառվեն կյանքում, տնտեսության մեջ, նպաստեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հայաստանի նախագահն ու վարչապետը անցած տարիների ընթացքում պարբերաբար խոսում են գիտական ներուժի օգտագործման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, այս ոլորտի առաջնահերթության մասին: Սրան զուգահեռ, գիտնականները մշտապես բարձրացնում են գիտության ֆինանսավորման ավելացման հարցը: Այդուհանդերձ, ներկա իրավիճակում նախագահի եւ վարչապետի խոսքերն ու գիտնականների պահանջը իրականություն չեն դառնում եւ չեն էլ կարող դառնալ: Ինչո՞ւ: Մի կողմից պետական բյուջեից գիտությանը որոշակի գումար տրամադրվում է: Մյուս կողմից` անիմաստ է քննարկել` շատ է տրամադրված գումարը, թե՞ քիչ: Դրա համար նախեւառաջ պետք է դիտարկել ի՞նչ արդյունավետություն ունեն գիտությանը տրամադրված միջոցները, ի՞նչ մեխանիզմներ են գործում գիտական մշակումներ իրականացնելու եւ դրանք տնտեսության մեջ կիրառելու ուղղությամբ, վերջին տարիներին մեր տնտեսության ո՞ր ճյուղերում են դրանք ներդրվել: Այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմեցինք իրավասու պետական մարմնին` գիտության պետական կոմիտե: Ըստ կոմիտեից մեզ տրամադրված պատասխանի` «2011-2012 թվականներին գիտության պետական կոմիտեի կողմից իրականացվել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հետազոտությունների նախագծերի հայտերի մրցույթՙ համաֆինանսավորման սկզբունքով, որի արդյունքում ֆինանսավորվել են գիտության տարբեր բնագավառներին (բժշկագիտություն, գյուղատնտեսություն, կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա, քիմիա, ֆիզիկա, էլեկտրոնիկա, երկրաբանություն, նյութագիտություն, մեխանիկա) վերաբերող 17 ծրագրեր: Ֆինանսավորման 85 տոկոսը տրամադրվել է պետական բյուջեի, իսկ 15 տոկոսըՙ համաֆինանսավորմանըՙ ոչ պետական կազմակերպությունների, պետական կազմակերպությունների արտաբյուջետային միջոցների կամ հիմնադրամների միջոցներով»: Ի՞նչ արդյունքներ է տվել ֆինանսավորումը: Ըստ գիտպետկոմի, «ստացված արդյունքները գոհացուցիչ համարելով, կոմիտեն անհրաժեշտ է համարում շեշտել, որ սրանք գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքներ են, որոնք անմիջական տնտեսական էֆեկտ չեն ենթադրում: Նպատակն ավելի շուտ տնտեսության պահանջարկի ուսումնասիրությունն է, տնտեսության կողմից գիտությանը տրվող պատվերների համակարգի ձեւավորումը», ապա նշվում ընդամենը երկու օրինակ, որտեղ ֆինանսավորված ծրագրերով մշակված որոշ տեխնոլոգիաների հիման վրա գործում են փորձնական արտադրություններ: Դրանք են «ԼԱ-2» ժանգի ձեւափոխիչի ստացման եւ «Չորաթան» հայկական թթվակաթնային սննդանյութի ոչ սպիտակուցային ամինաթթուների փոքրածավալ արտադրությունները: Մնացած մշակումների արդյունքներում ստեղծված մտավոր սեփականությունը (արտոնագրերը), ըստ գիտպետկոմի, «կարող է դուրս բերվել շուկաՙ գիտատար նոր արտադրություններ հիմնելուն պատրաստ ներդրողներ ներգրավելու նպատակով»: Այս պատասխանը ավելի է խորացնում մտավախությունը, որ գիտությունն ու գիտելիքահենք տնտեսությունն իրարից հեռու են եւ իրարից անտեղյակ: Փաստորեն, տարեկան պետական բյուջեից գիտությանը հատկացվում է մոտ 12 մլրդ դրամ, որից 1 մլրդ դրամն ուղղվում է թեմատիկ ֆինանսավորմանը`150-ից ավելի գիտական մշակումների համար: Սակայն հանրությանն անհայտ են ֆինանսավորվող թեմաները, յուրաքանչյուրին տրամադրվող գումարը, ստացվող արդյունքները, դրանց տնօրինումն ու տնտեսության մեջ կիրառման ձեւերը: Գիտության պետական կոմիտեի պաշտոնական կայքում այս մասին ոչինչ չկա, այս ամենը շարունակում է արվել ոչ հրապարակային` կարելի է ասել գաղտնի: Բազմաթիվ գիտնականներ այս կացությունից իրենց դժգոհությունն են հայտնել, դիմելով երկրի նախագահին, կառավարությանը, լրատվամիջոցներին` նաեւ մեր թերթին: Սակայն ապարդյուն: Վերջին 3 տարիներին պետական բյուջեից գիտությանն ավելի քան 30 մլրդ դրամ է հատկացվել: Սա ահռելի գումար է, բայց գործնականում կիրառվել է ընդամենը 2 ծրագի՞ր: Բնական է, որ անմիջական տնտեսական արդյունք ակնկալել հնարավոր չէ, բայց այդ դեպքում ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է ակնկալել այդ արդյունքը: Գիտնականներից շատերը հարցադրումներ են բարձրացնում` ի՞նչ չափանիշների հիման վրա է արվում այս կամ այն գիտական թեմայի ֆինանսավորումը, ո՞վ է պատասխանատու դրանց արդյունավետության համար, ինչո՞ւ ֆինանսավորվող թեմաների մրցույթների կազմակերպիչը, հանձնաժողովի անդամների ընտրություն կատարողը, ֆինանսավորողը եւ գնահատման վերջնական որոշում կայացնողը միեւնույն մարմինն է: Ընդ որում, այդ նույն հանձնաժողովի մեջ ընդգրկված մարդիկ կոմպետենտ չեն այս կամ այն ճյուղի նեղ մասնագիտական հարցերից եւ հետեւաբար չեն կարող օբյեկտիվորեն որոշել դրանց ֆինանսավորման նպատակահարմարությունը: Չի երեւում, թե ո՞րն է գիտությունների ազգային ակադեմիայի դերը: Մինչդեռ, խոսքը միլիարդավոր դրամների տնօրինման մասին է, ինչն, ըստ էության, անհասկանալի է եւ անվերահսկելի: Որոշակի չափանիշներ եւ մեխանիզմներ կան պետական գնումների, ճանապարհների շինարարության, պետական կառույցների հիմնանորոգման համար: Դրանք անցնում են աուդիտ, օրենքի պահանջով հրպարակային հաշվետվություններ են հրապարակվում, ստուգվում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, վերահսկիչ պալատի եւ այլ կառույցների կողմից: Գիտության համար որեւէ չափանիշ չի գործում, հետեւաբար պարզել, թե որքանո՞վ են արդյունավետ ծախսվում պետական միջոցները, հնարավոր չէ: Թերեւս միայն արդյունքով, որը բացակայում է... |