ԽՍՀՄ light. ՊՈՒՏԻՆԻ ՃԱՇԱՑԱՆԿԸՙ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱ, ՄՈԼԴՈՎԱ, ԲԵԼԱՌՈՒՍ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՎՐԱՍՏԱՆ, ԱԲԽԱԶԻԱ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա «Ռուսաստանի տարածքային քաղցը. էլ ո՞ր պետություններն են Պուտինի ճաշացանկում» վերնագրում է գերմանական «Ֆոկուսը»ՙ մարտի 20-ի իր ծավալուն անդրադարձում, որը կփորձենք ստորեւ համառոտ փոխանցել: Ռուսաստանի նախագահը երազում է «ԽՍՀՄ light» ստեղծել: Կարելի՞ է դիտարկել, որ Ղրիմի բռնակցումն այդ ուղղությամբ առաջին քայլն է, հարցնում է հոդվածագիրն ու Կրեմլի ղեկավարի տեսլականն ուրվագծումՙ Արեւելյան Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս… գերմանական լրատուն ներկայացնում է «Ռուսաստանի նախագահի չհագեցող ախորժակից երկնչող պետությունների քարտեզըՙ Հայաստան, Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսեթիա»:
Թվում է, թե Պուտինը ցանկություն ունի ռուսական կայսրությունը նորացնելՙ ետխորհրդային տարածքում առաջնորդողի դերը ստանձնելով: Արեւելյան հարցերի փորձագետ Էբերհարդ Շնայդերի խոսքերով, Պուտինը տպավորված է ԽՍՀՄ-ով, նա 1991-ին ԽՍՀՄ անկումը որակել է որպես «20-րդ դարի աշխարհաքաղաքական մեծագույն աղետ», ինչը ցույց է տալիս, թե որքան խոցված է Վլադիմիր Պուտինի ռուսական հոգին (*): «Կորուսյալ» տարածքի վրա ազդեցություն ունենալու բացակայությունը, դրանով պայմանավորված նաեւ գերտերության կարգավիճակի կորուստը խոր նստվածք են թողել:Ռուսները դժվար են հաշտվում սրա հետ: «Նրանք մի խնդիր ունենՙ չկա ազգային հպարտություն առանց կայսրության», մեկնաբանում է պատմաբան Յուլիա Օբերթրայսըՙ մատնացույց անելով Մոսկվայի Կարմիր հրապարակում հավաքված հոծ բազմությանՙ 120 000 մարդկանց Ղրիմի «վերադարձի» առթիվ համերգին մասնակցելու ուրախությունը: Ակնառու է, որ հրապարակման մեջ, ուր առանձին- առանձին անդրադարձ կա նախկին ԽՍՀՄՙ վերը թվարկված պետությունների հանդեպ Կրեմլի ղեկավարի հետաքրքրություններին, Հայաստանը դիտարկված է ոչ թե առանձին, այլ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի հետ միասին: «Առաջավոր Ասիայի կովկասյան տարածաշրջան, բնակչության ընդհանուր թիվըՙ մոտ 3,6 միլիոն, որիցՙ 11,9 տոկոսը ռուսներ: Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում էթնիկ ռուսները քիչ են, փոխարենը Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողների թիվն է գերակշռում: Ինչպես անցյալ ամիսներին Ուկրաինայում, այնպես էլ տարիներ առաջ այստեղ առատաձեռն կերպովռուսական անձնագրեր բաժանեցին: Աբխազիան Վրաստանի դեմ պատերազմում թեեւ երախտապարտ է Ռուսաստանի օժանդակությանը, բայց ցանկություն ունի անկախ լինել: Հարավային Օսեթիան կարող է միանալ Հյուսիսայինին եւ մտնել Ռուսաստանի Դաշնություն:Բայց սա, գրում է «Ֆոկուսը»ՙ Ռուսաստանի փորձագետ Մանգոթի կարծիքը ներկայացնելով, Ռուսաստանի հետաքրքրությունների առանցքը չէ: Հայաստանում Պուտինը 2013-ի սեպտեմբերին հասավ նրան, որ ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիրը չկնքվեց: Փոխարենը Հայաստանի նախագահ Սարգսյանը վճռեց Ռուսաստանի առաջնորդող Մաքսային միությանը անդամակցելՙ ամենից առաջ տնտեսական հիմնավորմամբ: Պուտինը Ռուսաստանը համարում է այդ երկրի համար կարեւորագույն առեւտրային գործընկեր եւ «հայկական տնտեսության խոշորագույն ներդրող», նույնիսկ հավաստիացրել են ռուսական գազի համար հատուկ գին սահմանել: Միաժամանակ Հայաստանին շահեկան է Ռուսաստանի ռազմական սատարումը, գրում է «Ֆոկուսը»: (*) Քարոզչական պատերազմի պայմաններում արեւմտյան լրատվամիջոցները Պուտինի վերոնշյալ խոսքը վերջերս բազմիցս գործածեցինՙ մեղանչելով իրենց իսկ քարոզած լրագրողական պարկեշտության դեմ: Նրանք «մոռացան» նույն խոսքի երկրորդ մասը կամ շարունակությունը, որը մեջ ենք բերում խիստ մոտավոր ձեւակերպմամբ. «Իսկ այսօր միայն հիմարը կարող է մտածել ԽՍՀՄ-ն վերականգնելու մասին»... Խմբ.: |