ԱՐՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե պետք է արյան «անալիզ» հանձնեն բոլոր հայ քաղաքական գործիչները` պարզելու, թե ով է հայրենասեր, եւ` որքանով: Առաջարկն, իհարկե, հրապարակախոսական էր, հռետորական, բայց դրանից առաջարկի ուշագրավությունը չի կորչում: Ընդ որում, խոսքը միայն քաղաքական գործիչների մասին չէ, այլ նրանց, ովքեր օրեր առաջ Սարյան փողոցում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ բողոքի ակցիա իրագործեցին, նրանց, ովքեր բռնություն կիրառեցին առաջինների հանդեպ, նրանց, ովքեր Ֆեյսբուքում ստատուս գրեցին` այս ամենի հետ կապված, նրանց, ովքեր այս ամենին չեն հետեւում, քանի որ այս ամենը նրանց չի հետաքրքրում, որովհետեւ նրանք չեն ցանկանում` «ներվայնանալ»: Մենք, փաստորեն, այնքան նեղն ենք ու ներքեւում, որ միմյանց հայրենասիրության դոզան քննարկելուց բացի, արդեն քննարկում ենք նաեւ, թե որքան հայրենասիրություն կա անշունչ արձանների մեջ: Ի դեպ, երբ քաղաքացին քաղաքացուն մեղադրում է անհայրենասեր լինելու մեջ, նշանակում է երկիրը վատ է ապրում` շատ վատ, իսկ երբ քաղաքացին արձանների միջեւ համեմատություն է անում, թե ո՞րն է հայրենասեր, որը` ոչ, կնշանակի երկիրը գիտակցության հետ կապված խնդիրներ ունի, լուրջ խնդիրներ: Ինձ համար հայրենասիրությունը ոչ միայն սեփական կյանքի բարելամվանն ուղղված քայլերի ձեռնարկումն ու դրանց արդյունավետ իրագործումն է, այլեւ` ուրիշների կյանքը բարելավելու միջավայրի ստեղծմանն առնվազն չխոչընդոտելը: Օրինակ, երբ մեկը իր արդար կուտակած միջոցներով (սա պարտադիր է) գնում է 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ մեքենա, այն պարագայում, երբ նրա հարեւանը ամսական ստանում է 50 հազար դրամ (եթե ստանում է), ապա թանկարժեք մեքենայի գնումը դեռեւս հակահայրենասիրական գործողություն չէ, ճիշտ հակառակը: Մարդը, այդպիսով ձգտում է սեփական հայրենիքում լավ ապրել եւ ապրում է: Բայց, եթե նույն այդ մարդը իր մեքենան ամեն օր իրենց շենքի բակում կայանում է այնպես, որ երթուղայինով աշխատանքի գնացող 50 հազար աշխատավարձ ստացող տղամարդու կինը չի կարողանում լվացք փռել, արդեն զբաղվում է հակահայրենասիրական գործունեությամբ: Հիմա, Սարյան փողոցում հավաքված մարդիկ իհարկե հայրենասեր են, քանի որ նրանք ուղղակի ցանկանում են եւ ի տարբերություն հազարավորների նաեւ պահանջում են, որպեսզի իրենց կյանքը իրենց երկրում եթե չբարելավվի էլ, ապա գոնե էլ ավելի չվատթարանա: Այս մարդիկ ինձ համար հայրենասեր կմնան այնքան ժամանակ, քանի դեռ իրենց` «խաղաղ ակցիաների ժամանակ», կամ դրանցից դուրս, չեն սկսել խմբակային կամ անհատական կերպով հայհոյել հասարակական կարգ պաշտպանող, լուռ ոստիկաններին: Վերջիններս, ի դեպ, եւս հայրենասեր են, քանի որ պարտավորված են թույլ չտալ որեւէ ապօրինություն, հասարակական կարգի խախտում, եւ գործում են` ելնելով իրենց այս պարտավորությունից: Ոստիկանը, ոստիկանությունն առհասարակ ինձ համար կդադարի հայրենասեր լինելուց ճիշտ այն պահից, երբ իր գործողությունները չպայմանավորի վերոհիշյալ` իր իսկ պարտավորություններից, այլ գործի զգացմունքային, տղայական, «մենթական» վարքով: Մարդիկ, ովքեր նախընտրում են չխառնվել բողոքի կենդանի գործողություններին,փոխարենը «Ֆեյսբուքում» ստատուս են գրում, եւս կարող են համարվել հայրենասեր: Ակցիաներին չմասնակցելու նրանց որոշումը կարող է պայմանավորված լինել սեփական անձի, ընտանիքի անդամների անվտանգության պահպանման շարժառիթներով, իսկ սեփական անձի, առավել եւս ընտանիքի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը կամ մտահոգությունները եւս ընկալելի են` որպես հայրենասիրություն, համենայն դեպս` այդտեղից է սկսվում հայրենասիրությունը: Ինձ առավել մտահոգում են նրանք, ովքեր, իրենց իսկ խոսքերով` «հետաքրքրված չեն այս ամենով», քանի որ` «ներվայնանում են այս ամենից»: Ըստ էության այս անտարբերությունը չի տեղավորվում հայրենասիրության շրջանակներում, քանի որ անտարբերությունն ու հայրենասիրությունը հականիշներ են: Իհարկե անտարբերների այս` օրեցօր ստվարացող խումբը եւս ցանկանում է սեփական կյանքը սեփական երկրում բարելավել, բայց խնդիրն այն է, որ ի տարբերություն, ասենք, թեկուզ, «Ֆեյսբուքում» ստատուս գրողների, նրանք իրենց կյանքի բարելավման համար որեւէ քայլ չեն անում: Իրականում` «Ո՞վ է հայրենասերը» հարցը ամենեւին էլ մտորելու առիթ չպետք է հանդիսանա մեզ համար: Հայրենասերի, հայի կամ «չհայ»-ի փնտրտուքը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, ուրեմն այլ ճանապարհ է պետք: Ասենք, երկրում կյանքը բարելավելու ճանապարհը: Այս առումով աշխատանք շատ կա, բոլորս էլ անելիք ունենք, հետեւաբար ոչ մեկս ժամանակ չենք ունենալու մտածել, թե ով է հայրենասերը: Ես արդեն ժամանակ չունեմ... անգամ «արյան անալիզ» հանձնելու: |