RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 27-06-2014



ՀՐԱՏԱՊ

Տեղադրվել է` 2014-06-27 00:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1597, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԿՅԱՆՔԸ ՎԻԼՆՅՈՒՍԻՑ ՀԵՏՈ

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Վրաստանը տնտեսական ինտեգրման մի տիրույթում, Հայաստանը` մեկ այլ

Եվրոպական միությունն ու Ուկրաինան կստորագրեն Ասոցիացման համաձայնագրի, այսպես կոչված տնտեսական հատվածը, իսկ Վրաստանի հետ կստորագրվի ասոցիացման համաձայնագիրը, նույնը նաեւ Մոլդովայի հետ: Եվրոպական խորհրդի պաշտոնական հաղորդագրության համաձայն, դա տեղի կունենա այսօր` հունիսի 27-ին, Բրյուսելում` Եվրոպական խորհրդի հանդիպմանը, քանի որ Եվրոպական միության խորհուրդն արդեն ավարտել է այս երկրների հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրման տեխնիկական նախապատրաստման աշխատանքները:

Անկախ 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության գագաթաժողովից, ուկրաինական իրադարձություններից հետո մռայլ կանխատեսումներից` այս երեք երկրների պարագայում հայտարարություններն ու գործնական քայլերը չտարբերվեցին, մինչդեռ Հայաստանի պարագայում 3.5 տարվա բանակցությունների ավարտին ամեն ինչ եւ ակնթարթորեն փոխվեց: Մաքսային միության ուղղությամբ շրջված Հայաստանն այդպես էլ չի կարողանում եվրոպական ուղղությամբ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու համաձայնությանը հասնել, մինչդեռ Արեւելյան գործընկերության նշված երեք երկրներն այսօր իրականություն կդարձնեն տարիների աշխատանքի նպատակը:

Ուկրաինայի հետ համաձայնագրի քաղաքական մասն արդեն իսկ ստորագրվել էր մարտի 21-ին, եւ հունիսի 27-ին ըստ էության կամբողջացվի ստորագրման գործընթացը այն դեպքում, երբ Վրաստանի եւ Մոլդովայի հետ կստորագրվի փաստաթուղթն ամբողջությամբ` խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի հետ միասին:

«Նոր համաձայնագրերը նշանակալիորեն կխորացնեն ստորագրող կողմերի քաղաքական ու տնտեսական կապերը` երկարաժամկետ առումով ավելի սերտ քաղաքական ասոցիացման ու տնտեսական ինտեգրման հեռանկարով», ասվում է մամուլի հաղորդագրությամբ: Այդուհետեւ, ինչպես Եվրոմիության, այնպես էլ անդամ առանձին երկրների հետ կսկսվեն աշխատանքներ տարբեր ոլորտներում համագործակցության նպատակով` պայքար կոռուպցիայի դեմ, իրավունքի գերակայության ապահովում, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հանդեպ հարգանք, ժողովրդավարական ինստիտուտների հզորացում եւ այլն:

Վրաստանի ու Մոլդովայի պարագայում հակամարտությունների, ճգնաժամերի կառավարման ու տարածաշրջանային կայունության առնչությամբ կարեւոր դրույթներ կկիրառվեն, իսկ Ուկրաինայի պարագայում առանձին դրույթ կա Ղրիմի առնչությամբ:

Համաձայնագրերի ստորագրմանը կհետեւի ԵՄ անդամ 28 երկրների, նաեւ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի խորհրդարանների կողմից վավերացման գործընթացը:

Իսկ մինչ այդ փորձագիտական հաշվարկներով նշվում է, որ համաձայնագրերի ստորագրումից հետո Մոլդովայի մասնակցությունը ազատ առեւտրի գոտուն կարող է խթանել մոլդովական արտահանումը ԵՄ մոտ 16 տոկոսով, իսկ ներկրումը ԵՄ-ից` մոտ 8 տոկոսով: Ավելին, եթե բարեփոխումներն իրականացվեն ու ամբողջացվեն, Մոլդովայի ՀՆԱ-ն տարեկան կարող է աճել մոտ 5.4 տոկոսով:

Ուկրաինայի պարագայում Եվրոպական հանձնաժողովի գնահատականներով ուկրաինական արտահանումը դեպի ԵՄ կաճի տարեկան 1 մլրդ եվրոյով:

Վրաստանի պարագայում տնտեսական աճը, բոլոր բարեփոխումների իրականացման դեպքում, կկազմի տարեկան մոտ 4.3 տոկոս: Ընդ որում, Վրաստանի պարագայում ԵՄ բնութագրականներում հստակորեն նշվում է նաեւ, որ համաձայնագրի ստորագրմամբ ոչ միայն նոր հնարավորություններ կբացվեն Եվրոմիության հետ առեւտրի առջեւ, այլեւ այլ երկրների, որտեղ կիրառական են ԵՄ նորմերն ու ստանդարտները: Ասել է, թե Հայաստանի հետ առեւտուրը կարող է ոչ այնքան հարթ լինել` Վրաստանի ԵՄ, իսկ Հայաստանի` Մաքսային միության ուղղությամբ շարժվելու հետեւանքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 27-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ