ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՐԳԱՆՔ, ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ Բժշկությունը աշխարհի չափ հին է: Բժշկական հնագույն մշակույթ ունեցող Հայաստանում անվանի բժիշկների մասին առաջին հիշատակությունները դեռեւս 5-րդ դարից են, ինչպես հայկական, այնպես էլ` օտար աղբյուրներում: Ըստ այդ աղբյուրներից մեկի` հայ մեծանուն գիտնական, բժիշկ, հայկական դասական բժշկության հիմնադիր Մխիթար Հերացու ապրած ժամանակաշրջանում` 12-րդ դարում, Հայաստանում թույլ է տրվել ուսուցողական նպատակներով կատարել դիահերձումներ, մի բան, որ Եվրոպայում իրականացվեց 16-րդ դարում: 12-14-րդ դարերում Հայաստանում կատարվել են վիրահատություններ, կեսարյան հատում, ներքին ուռուցքների հեռացում, կանացի զանազան հիվանդությունների վիրահատական բուժում եւ այլն: Եվ ահա դարերի ընթացքում կիրառելով եւ ընդհանրացնելով մեր մեծ բժշկապետերի հսկայական փորձն ու գիտելիքները, որոնք արտացոլվելով միջնադարյան բժշկարաններում, այսօր էլ ունեն ոչ միայն պատմական ու տեսական, այլեւ կիրառական նշանակություն` հայկական բժշկության լավագույն ավանդույթները հասել են մեր օրերը: Հասել, ու նույնքան փառահեղ ծլարձակումներով` հայի բախտի պես` տարածվել են աշխարհով մեկ (չգիտեմ, ուրախությա՞մբ արձանագրեմ այս փաստը, թե՞ տխրությամբ): Եվ այսօր ես` հայ լրագրողս, ապրելով ՌԴ մայրաքաղաքում, ազգային հպարտության բերկրանք եմ ապրում, երբ այս հսկայական երկրի բոլոր ծայրերից հիացմունքի խոսքեր եմ լսում հայ բժիշկների հասցեին: Նրանց մասին, ովքեր սնվելով մեր ազգային բժշկության ավանդույթներով, ճակատագրի բերումով հաստատվելով այս երկրում եւ ավելի կատարելագործելով գիտելիքները` հասել են փառքի ու ճանաչման: Եվ այն իրողությունը, որ հայ բժիշկները Ռուսաստանում մշտապես եւ այսօր էլ մեծ հարգանք, հեղինակություն եւ պահանջարկ ունեն, վկայում են հենց իրենք` այդ երկրի քաղաքացիները` ամենասովորական մարդկանցից մինչեւ ականավոր գիտնականներ, հասարակական-քաղաքական եւ մշակույթի ճանաչված գործիչներ, մինչեւ երկրի նախագահը, ով այդ ամենը պարբերաբար հաստատում է խրախուսանք-հրամանագրերի տեսքով: Եվ, վերջապես, Ռուսաստանի հայ բժիշկների կատարած ամենաբարդ, անհավանական վիրահատությունների եւ սխրանքների մասին վկայում են հենց իրենք` նախկինում օրհասական վիճակում հայտնված, բայց մեր հայրենակիցների «ոսկե ձեռքերի» շնորհիվ երկրորդ կյանք ստացած հիվանդներն ու նրանց հարազատները: Թվարկեմ մոսկովյան ամենատարբեր բուժհիմնարկներում մեծ հարգանք եւ հեղինակություն վայելող ընդամենը մի քանի հայ բժշկի անուն. - Մոսկվայի մանկական անհետաձգելի վիրաբուժության եւ վնասվածքաբանության կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննեսի Սարուխանյան : Բացի ճանաչված գիտնական լինելուց` նա այսօր էլ, հավատարիմ այն պատգամին, որ բժշկի կոչումն առաջին հերթին հիվանդի կողքին լինելն է, որպես վիրաբույժ կատարում է երեխաների հարյուրավոր վիրահատություններ, ինչպես ավանդական, այնպես էլ էնդոսկոպիկ եւ միկրովիրաբուժական եղանակով: - Ա. Ն. Բակուլեւի անվան սիրտ-անոթային հիվանդությունների գիտական կենտրոնի ռենտգեն վիրաբուժության հետազոտությունների եւ բուժման բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Բագրատ Գեղամի Ալեքյան : Ծնվել է Երեւանում, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Գեղամ Ալեքյանի որդին է, 1974-ին ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը, 1975-ից Մոսկվայում է: Փայլուն տիրապետում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման մեթոդաբանությանն ու գաղտնիքներին, հարյուրավոր վիրահատությունների, այդ թվում` աշխարհում առաջին անգամ սրտի փոխպատվաստման վիրահատությունների հեղինակ է: 2007-ից անվանական կրթաթոշակներ է հովանավորում Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում: - Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր բժիշկ, եվրոպական էնդոկրինոլոգների ասոցիացիայի անդամ Աշոտ Մուսայելի Մկրտումյանն այսօր անուրանալի ավանդ ունի հատկապես համաշխարհային էնդոկրինոլոգիայի զարգացման ասպարեզում: Նա Մոսկվայի պետական բժշկական-ստոմոտոլոգիական համալսարանի էնդոկրինոլոգիայի եւ դիաբետոլոգիայի ամբիոնի վարիչն է, ծնունդով` Տավուշի մարզի Ենոքավան գյուղից: - Վնասվածքաբանության ինստիտուտի ոսկրային պաթոլոգիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Գուրգեն Ապավենի Քոսյան . ճանաչված եւ բազմաշնորհ մասնագետ, ում Ռուսաստանում հենց այսպես էլ կոչում են` «ոսկե ձեռքերով բժիշկը»: Նրա մոտ են գալիս ոչ միայն Ռուսաստանի, այլեւ աշխարհի ամենատարբեր ծայրերից, այդ թվում նաեւ` իր հայրենակիցները, որոնց մի առանձնակի ջերմությամբ է վերաբերվում: - Մոսկվայի պրոֆիլակտիկ մանկաբուժության եւ վերականգնողական ախտորոշիչ կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Անահիտ Ղազարի Գեւորգյանն ավելի քան երկու տասնամյակ բուժում է երեխաներին: Նրա մասին առանձնակի հարգանքով եւ հիացմունքով են խոսում ալերգիկ եւ իմունոլոգիական խնդիրներ ունեցող երեխաների ծնողները: Մայրական անսահման գորովանքով լեցուն հայազգի բժշկուհու համար միշտ էլ առավել կարեւորը սիրած մասնագիտությանն անմնացորդ նվիրումն է եւ իր փոքրիկ հիվանդների ապաքինումը, ինչը նրան ոգեշնչում եւ ուրախություն է պատճառում: - Մոսկվայի 20-րդ հիվանդանոցի դիագնոստիկայի բաժնի այսօր արդեն փնտրված մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Լեւոն Իվանի Փուսկուլյանը երկար տարիներ աշխատել է Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանցում, մեծ վաստակի եւ ճանաչման արժանացել, ու թեեւ ընդամենը երեք տարի առաջ է հաստատվել Մոսկվայում, բայց արդեն հասցրել է նվաճել գործընկերների եւ հիվանդների վստահությունն ու հարգանքը: Ամեն օր տասնյակ հիվանդների է ընդունում 65-ամյա բժիշկը: Տարիների փորձառությունը նրան բերել է այն համոզմանը, որ սերը դեպի բժշկման արվեստը` դա հենց սերն է մարդկության հանդեպ... Ես հպարտանում եմ իմ հայրենակիցներով, հպարտանում եմ, որ նրանք զբաղված են շատ կարեւոր առաքելությամբ` մարդկանց կյանք պարգեւելով, առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն: Ռուսաստանի հայ բժիշկների համբավը անընդհատ տարածվում է, քանզի հարյուր-հազարավոր մարդիկ նրանց հավատում եւ վստահում են ամենաթանկը` կյանքն ու առողջությունը: Նկար 1. Հովհաննես Հովհաննեսի Սարուխանյան Նկար 2. Բագրատ Գեղամի Ալեքյան Նկար 3. Աշոտ Մուսայելի Մկրտումյան Նկար 4. Գուրգեն Ապավենի Քոսյան Նկար 5. Անահիտ Ղազարի Գեւորգյան Նկար 6. Լեւոն Իվանի Փուսկուլյան |