RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 27-06-2014



Տեղադրվել է` 2014-06-27 00:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1627, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

Հերթական անգամ Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացրեց «Այցելություն թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում Թեքեյան դպրոցների թվով 120 սոցիալապես անապահով, ինչպես նաեւ դպրոցում գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները եւ նրանց ուղեկցող ուսուցիչները հնարավորություն ունեցան այցելելու մեր հայրենիքի պատմամշակութային կենտրոններ: Հայաստանի` Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբիի թեքեյանցի դպրոցականների համար կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Գառնի եւ Գեղարդ, իսկ Արցախի` Բերձորի աշակերտներն այցելեցին Ամարասի վանական համալիրը:

Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը, Հայաստանի տարբեր մարզերից ժամանած Վ. Թեքեյանի անվան չորս դպրոցների սաները հանդիպեցին Գառնիում: ԹԿ հիմնադրամի այլ ծրագրերի շնորհիվ արդեն մտերմացած երեխաներն ուրախ էին տեսնելու միմյանց եւ կիսվելու տպավորություններով: Աշակերտները Գառնիի տաճարի վերաբերյալ բաց դաս էին պատրաստել, որն էլ մեծ ոգեւորությամբ ներկայացրին, հաղորդելով հետաքրքրական մանրամասներ:

Թեքեյանցիները տաճարի տարածքով, գեղատեսիլ շրջապատով զմայլվելուց հետո, ուսումնասիրեցին նաեւ Գառնիի բաղնիքը, որը հին հայկական ճարտարապետության ուշագրավ նմուշներից է: Իր խճանկար հատակով, որի սյուժեն հունական դիցաբանությունից է, այն ունի գեղարվեստական մեծ արժեք:

Պատմական ակնարկից հետո Կարբիի դպրոցի երգչախումբը, որը էքսկուրսիայի մասնակից էր` խմբավար Մ. Մկրտչյանի ղեկավարությամբ կատարեց մի քանի երգ, անտարբեր չթողնելով նույնիսկ զբոսաշրջիկներին:

Այնուհետեւ թեքեյանցիները ուղեւորվեցին դեպի Գեղարդ, որտեղ նույնպես բավականին հետաքրքրական եւ բովանդակալից ժամանակ անցկացրին:

Երեխաները ամփոփեցին Գեղարդի պատմությունը, ներկայացրին նրա մասին ավանդազրույցներ, ուսուցիչների օգնությամբ կազմակերպեցին պատմամշակութային վիկտորինաներ: Իսկ վանքում Կարբիիի դպրոցի երգչախումբը կրկին կատարեց շարականներ. երգչախմբին միացավ ամերիկահայ 84-ամյա զբոսաշրջիկ տիկ. Սեդան:

Այնուհետեւ, Ազատ գետի ափին` գողտրիկ մի անկյունում թեքեյանցիները կազմակերպեցին իրենց հանգիստը. ճաշեցին, մրցեցին սպորտային խաղերում: ԹԿ հիմնադրամի նախաձեռնած էքսկուրսիայի շնորհիվ երեխաները ձեռք բերեցին նոր գիտելիքներ եւ ընկերներ, մտերմացան, անցկացրին հաճելի ժամանակ եւ անմոռանալի հիշողություններով վերադարձան տուն:

Երկու օր անց Բերձորի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիների համար կազմակերպվեց էքսկուրսիա` ճանաչելու հայրենի հողը: Էքսկուրսիան սկսվեց Ամարասի վանական համալիրից, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների մոտ: Նրանք շրջեցին վանքի տարածքով, զմայլվեցին եկեղեցու եւ բնության գեղեցկությամբ եւ մեկը մյուսին տեղեկություն հաղորդեցին Ամարասի պատմության վերաբերյալ:

Ամարասից թեքեյանցիների ճամփորդությունը շարունակվեց դեպի Ազոխի քարանձավ, որը հանդիսանում է քարի դարի Կովկասյան բնակավայրերից հնագույններից մեկը: Այն կարեւոր հնագիտական վայր է, որը նաեւ նշանակալի է մարդու էվոլյուցիայի ուսումնասիրման առումով: Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, թե մարդիկ Կովկասի շրջանում ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ:

Քարանձավից դուրս գալուց հետո թեքեյանցի աշակերտները գետի ափին փոքրիկ հանգիստ կազմակերպեցին, որից հետո շարունակեցին էքսկուրսիան դեպի Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղ, որտեղ էլ գտնվում է ԱՊՀ-ի տարածքում ամենահին եւ ամենաբարձր ծառը: Այս հսկա չինարի ծառը ավելի քան 2000 տարեկան է. բարձրությունը 54մ է, իսկ խոռոչն ունի 44քմ մակերես: Ծառի ներսում կարող է հանգիստ տեղավորվել հարյուր մարդ: Այս ծառի շողքի տակ էին հանգստանում մեր անցյալի երեւելի մարդիկ` Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին (XIXդ.) եւ շատ ուրիշներ:

Այսպիսով, ավարտվեց թեքեյանցիների էքսկուրսիան, որը լի էր մեծ տպավորություններով եւ ոգեւորությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 27-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ