ՔՈՒՐԴ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ Պ. Ք. Իրաքի քուրդ նախարարները օգոստոսի 20-ին հայտարարեցին, որ վերադառնում են կառավարություն: Քուրդ դիվանագետ Խոշիյար Զեբարին ասել է. «Ես Բաղդադ վերադարձա զբաղեցնելու արտործնախարարի պաշտոնը»: Կառավարությունում քրդերի առավել բարձրաստիճան ներկայացուցիչը փոխվարչապետ Ռոժ Նուրի Շավեյսն է: Քրդերը հունիսից բոյկոտում էին նախկին վարչապետ Նուրի ալ Մալիքիի կառավարության նիստերը: Բողոքի առիթը ալ Մալիքիի այն հայտարարությունն էր, թե Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլը «ջիհադիստների ապաստարան է»: Նա քուրդ առաջնորդներին նաեւ ամբաստանել էր «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» գրոհայիններին թաքցնելու մեջ: Քուրդ նախարարների վերադարձը կարելի է համարել նոր վարչապետ Հայդեր ալ Աբադիի առաջին էական հաջողություններից մեկը, նշում է Ռոյթեր գործակալությունը: |