ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ Իրականացվեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հինգերորդ «Ամառային ճամբար» նախագիծը, որի շրջանակում Հայաստանի եւ Արցախի թվով 70 թեքեյանցի աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում: Ծրագիրն ընդգրկում էր մասնավորապես սոցիալապես անապահով եւ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների: Չքնաղ բնաշխարհի մի գողտրիկ անկյունում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից եւ Բերձորից ժամանած թեքեյանցիներին, որոնք ութ օր շարունակ ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով: Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցում էին գիտակների մրցույթին, սպորտային խաղերին, սովորում էին ազգագրական երգեր ու պարեր: Ճամբարը մի փոքրիկ Հայաստան էր, որտեղ առաջնայինը հայրենասիրական դաստիարակությունն էր, որը փաստավավերագրական ֆիլմերի եւ զրույց-բանավեճերի միջոցով սովորեցնում էր երեխաները բացահայտել եւ նորովի ճանաչել իրենց պապերի երկիրը, սիրել հային եւ հայկական հողը: Նույնիսկ ջոկատները ճամբարում կրում էին հայ ականավոր մշակութային գործիչների եւ ազատագրական շարժման հերոսների անունները: Թեքեյանցիները մեծ ոգեւորությամբ մասնակցեցին գիշերային եւ ցերեկային արշավների, որոնց ժամանակ սովորեցին հոգալ ընկերների եւ շրջակա միջավայրի մասին. ծանոթացան նաեւ լեռնագնացության հմտություններին: Կազմակերպվեց էքսկուրսիա դեպի 13-րդ դարում հիմնադրված Տրդատավանք վանական համալիր, որտեղ երեխաները շարականներ երգեցին եւ վառ տպավորություններով վերադարձան ճամբար: Ճամբարում նշվեց նաեւ «Գյումրիի օր» մշակութային միջոցառումը, որում թեքեյանցիները ներկայացրին Գյումրիի պատմությունը, նրա ողջ կոլորիտը հարսանիքի, երգ ու պարի, ասմունքի ու կատակների միջոցով: Իսկ հյուրերն էին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը, կրթության բաժնի պետ Գեւորգ Ղումաշյանը, մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանը եւ այլք: Հանգստի վերջին օրը նույնպես ակտիվ էր` բոլոր չորս Թեքեյան դպրոցները հրաժեշտ տվեցին ճամբարին իրենց ելույթներով: Նրանք մյուս ճամբարականներին ներկայացրին իրենց քաղաքները, դպրոցները, այս ամենը համեմելով երգ ու պարով եւ տոնական խարույկով: Բաժանումը հուզիչ էր, լի արցունքներով եւ ջերմ խոսքերով. դժվար էր հեռանալը մտերիմ ընկերներից, հոգատար «Արագածից», ուր իշխում են սերն ու բարությունը, ժպիտն ու ծիծաղը: «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Ամառային ճամբար» նախագիծը մեծապես նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններից ժամանած երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական ու անհատական զարգացմանը: Հուսանք, որ նախագիծը, որը աշակերտներին պարգեւում է անկրկնելի հանգիստ, անջնջելի տպավորություններ ու նոր գիտելիքներ, կլինի հարատեւ: |