ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Տարիներ առաջ ամերիկյան ոչ հայտնի համալսարաններից մեկում պրոֆեսոր Ադամ Հերիֆիլդը ապագա բժիշկ ուսանողների համար իր դասախոսությունը սկսեց հետեւյալ նախադասությամբ. «Չնայած մարդկանց մեծամասնությունը հիվանդ է, բայց մարդկանց մեծամասնությունը որեւէ հիվանդություն չունի»: Այս նախադասությունից հետո պրոֆեսորը դադար վերցրեց ու շարունակեց. «...Նրանց ուղղակի թվում է, որ իրենք հիվանդ են. իսկ դա արդեն հիվանդություն է»: Հետո, Հերֆիլդն, անշուշտ, շարունակեց իր դասախոսությունը, խոսելով կենտրոնական նյարդային համակարգի, մարդու հիմնական, կենսական նշանակություն ունեցող օրգանների մասին, բայց դա արդեն կարեւոր չէ` այս պարագայում: Կարեւորն այն է, որ մեզ` մեր իսկ մասին հաճախ թվում է մի բան, ինչն իրականում այդպես չէ: Այլ կերպ ասած` մարդկանց մեծամասնությունը տառապում է (հենց տառապում է) խնդիր հորինելով ու այդ խնդրից տանջվելով: Չգիտեմ այս հիվանդության ճիշտ անվանումը, բայց վստահ եմ, որ սա հիվանդություն է: Ընդ որում, հաճախ, այդ մտացածին խնդիրները չեն վերաբերում հենց մեր առողջությանը, ավելի շատ դրանք առնչվում են մարդկային սովորական փոխհարաբերություններին: Օրինակ, երբ գյուղից քաղաք` որդու տուն եկած ծնողներին, երեխայով զբաղված հարսը մոռանում է գոնե սուրճ առաջարկել, ծնողները հեռանում են` վստահությամբ, որ, «ուրեմն մեր հարսը մեզ չի ցանկանում ընդունել, հյուրասիրել. էլ չենք գա»: Կամ, երբ ամուսնացած աղջիկը` սկեսուրի ու սկեսրայրի ներկայությամբ սեփական մորը դիմում է ոչ թե «մամ ջան», այլ ուղղակի` «մամ», վերջինս հասկանում է, որ ուրեմն` «աղջիկս սառել է իմ հանդեպ»: Սրանք սովորական, կենցաղային մանր խնդիրներ կլինեին, եթե հետեւանք չունենային, ընդ որում` արդեն իսկ մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող հետեւանք: Խնդիր ստեղծած մարդը կարող է այնքան հավատալ «խնդրին», այն դարձնել իր համար բացարձակ ճշմարտություն, որից էլ ստանալ արդեն իրական հիվանդություններ: Սաՙ եթե մանրացնենք հարցը: Ավելի գլոբալ առումով մենք ազգովին տառապում ենք դժբախտության սինդրոնով: Այսինքն իրականում մենք դժբախտ կոչվելու իրական հիմքեր չունենք, մեր դժբախտ լինելն ուղղակի մեզ թվում է, բայց մենք այդ մասին ոչինչ չգիտենք, չենք էլ ուզում իմանալ, քանի որ` անքննելի է, որ «դժբախտ ենք»: Մինչդեռ, համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ եթե մենք, մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի աղոթելու այնտեղ, որտեղ ավանդաբար աղոթում է` առանց վախենալու, որ մեզ կարող են ծեծել, կամ սպանել, ուրեմն մենք, մեզանից յուրաքանչյուրը աշխարհի 3 միլիարդ բնակիչներից երջանիկ է, քանի որ վերջիններս այդ հնարավորությունը չունեն: Եթե մենք, յուրաքանչյուրը մեզանից իր տան սառնարանում ունի թեկուզ միայն մեկ ուտելիք, պահարանում` թեկուզ միայն մեկ հագուստ, վայրՙ որտեղ կարող է գիշերել, ուրեմն մենք, յուրաքանչյուրը մեզանից ավելի հարուստ է, քան աշխարհի ողջ բնակչության 75 տոկոսը: Իսկ, եթե մեզանից յուրաքանչյուրը ունի սեփական բանկային հաշվեհամարը, դրամապանակում թեկուզ չնչին գումար, ուրեմն աշխարհի 100 բնակիչների միջեւ 8 ամենաերջանիկներից մեկն ենք: Իհարկե պետք է այս մասին հաճախ մտածել, մանավանդ, երբ մենք, մեզանից յուրաքանչյուրը վստահ է, որ ինքը հիվանդ է: |