RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1504, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Երբ Հայաստանը անկախություն ձեռք բերեց, սփյուռքահայ մի շարք կազմակերպություններ եւ փորձառու լրագրողներ Երեւան փոխադրվեցին «ազատագրելու» խորհրդային ոճի լրատվությունն իր անհամ ձեւաչափից եւ վերականգնելու նրա իսկական առաքելությունը: Թերթերը, ռադիոն եւ հեռուստահաղորդումները մեծապես բարելավեցին իրենց թողարկումները, լուրերը հավաքելու, ներկայացնելու եւ մանավանդ ազատ մեկնաբանելու ձեւերը: Դրանով սփյուռքահայերը իրենց հայրենասիրական լուման ներդրեցին հայրենիքում:

Բայց, զուգահեռաբար, հզոր պետությունները իրենց իրացման շուկաները ներկրեցին Հայաստան, որպեսզի հետապնդեն իրենց քաղաքական շահերը:

Մինչ հայկական կազմակերպությունների կողմից հիմնված եւ գործող թերթերը անընդհատ նյութական դժվարությունների առաջ են կանգնած եւ տուժում են որակապես, արտասահմանյան ֆինանսավորմամբ ստեղծված լրատվամիջոցները ծաղկում են եւ հրատարակվում արհեստավարժ ձեւով: Ջորջ Օրուելի «Մեծ եղբայրը» ամենուր, այդ թվում նաեւ Հայաստանում, ներկա է, եւ իր գործն է առաջ տանում:

Բաց հասարակություն հիմնադրամը, Ազատություն ռադիոկայանը եւ այլ գործակալություններ ազատորեն գործում են Հայաստանում եւ առողջ դատողությունը հուշում է մեզ, որ նրանք բոլորովին էլ չեն մտահոգվում հայ ժողովրդի բարեկեցությամբ կամ էլ Հայաստանի առաջ ծառացած խնդիրներով: Նրանք աշխատանքի են վերցրել արհեստավարժ լրագրողների եւ մեկնաբանների, որոնք հնչեցնում են իրենց տերերի շեփորները:

«Բաց հասարակության ֆորումը» (ԲՀՖ) (*), օրինակ, կարող է ձեւացնել, որ ժողովրդավարության առաջխաղացմանն է նպաստում Եվրոպայում եւ երրորդ աշխարհի երկրներում, սակայն, ի վերջո, նա հետապնդում է ավելի մեծ քաղաքական նպատակներ: ԲՀՖ-ն մտահղացումն էր միլիարդատեր Ջորջ Սորոսի, ով փախչելով բռնապետության դաժանություններից Հունգարիայում, հանգրվանեց Մ. Նահանգներում եւ հարստացավ այնտեղ: Բուշ-Չեյնի վարչակազմի օրերին նա բացահայտորեն քննադատեց Մ. Նահանգների արտաքին քաղաքականությունը: Բայց միաժամանակ նրա կազմակերպությունը մարզեց եւ Ուկրաինա ու Վրաստան (վստահաբար նաեւ աշխարհի այլ վայրեր) ուղարկեց որոշակի թվով երիտասարդների, որպեսզի իրականացնեին նարնջագույն եւ վարդագույն հեղափոխությունները, մի սխրագործություն, որ Մ. Նահանգների ռազմական իշխանությունը այդքան հեշտությամբ չէր կարող իրագործել:

Իհարկե պրն. Սորոսը իրավունք ունի իր փողերը ծախսելու եւ իր գաղափարները տարածելու աշխարհով մեկ, սակայն նա իրավունք չունի խաղալու ճակատագրի հետ հայ ժողովրդի, որն այդքան շատ է տառապել իր պատմության ընթացքում հզոր տերությունների մրցակցություններից:

Նման գործակալությունների լրագրողներն ու մեկնաբանները կարող է գտնվեն եւ գործեն Երեւանում եւ Ղարաբաղում, սակայն նրանց ղեկավարող ուղեղը գտնվում է Պրահայում կամ Վաշինգտոնում գործող հեռակառավարման վահանակներում: Վերահսկվող լրատվամիջոցը առանձին, մեկուսացված չի գործում, եւ ինչպիսի բարձր ու վեհ գաղափարներ ձգտի հետապնդել, միեւնույն է, նա անբաժան մասն է կազում ինչ-որ մի հզոր ուժի համընդհանուր մարտավարության: Մենք կարող ենք հեշտությամբ առնչություն հաստատել այն «լավ-յուղոտված» բոլոր կրոնական աղանդների հետ, որոնք կրծող կենդանիների նման Հայաստանի հասարակության մեջ են ներթափանցում քայքայելու եւ ապակողմնորոշելու նպատակով: Ամենանենգ ու դավաճանական արարքը երիտասարդների ուղեղների լվացումն է, որպեսզի զենք չկրեն, այն դեպքում, երբ Հայաստանը, ոչ իր ընտրությամբ, պատերազմի մեջ է ներգրավված իր հարեւանների հետ:

Կովկասում Հայաստանի անվտանգությունը ՆԱՏՕ-ի նպատակներին ծառայեցնելու եւ առուծախի առարկա դարձնելու ցայտուն օրինակ կարող է հանդիսանալ «Բաց հասարակության ֆորումի» կողմից ֆինանսավորվող «lragir.am» կայքում տեղադրված բազմաթիվ հոդվածներից մեկը, որի վերնագիրն է «Աշխարհաքաղաքական լուրջ հեռանկար Ջավախքի համար»: Հեղինակը աչքի ընկնող քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է:

Ջավախքը հայաբնակ շրջան է Վրաստանում: Պատմականորեն այն մեկ հայերի, մեկ վրացիների ձեռքն է անցել: Ներկայիս շրջանի կեսից ավելին հայերով է բնակեցված: Ախալցխայում եւ Նինոցմինդայում համապատասխանաբար հայերի թիվը հասնում է 94.3 եւ 95.8 տոկոսի: Շրջանը դիտավորյալ վատ էր կառավարվում եւ տնտեսական հուսահատ վիճակում էր հայտնված Թբիլիսիի իշխանությունների կողմից, որպեսզի հայերը ստիպված լինեին հեռանալու այնտեղից: Մինչեւ 2007 թիվը Ախալքալաքում էր տեղակայված ռուսական զինվորական բազան, որը շրջանի հայ բնակչությանը աշխատանքով էր ապահովում եւ հոգում նրա անվտանգությունը: Սակայն, Մոսկվան հապճեպ, նախքան պայմանագրի ավարտը, դուրս բերեց այնտեղից իր բազանՙ հայերին թողնելով Վրաստանի կառավարության քմահաճ վերաբերմունքի փաստի առաջ: Թբիլիսիի ոտնձգությունները եւ Ռուսաստանի անողոք քայլը, որոշ առումով, բավարարեցին Վրաստանի կառավարության նպատակները: Հուսահատ հայերը Ռուսաստան մեկնեցին աշխատանք եւ ապահովություն որոնելու նպատակով: Ռուսաստանը պատերազմեց Վրաստանի դեմ Հարավային Օսիային եւ Աբխազիային անկախություն ձեռք բերելու համար, մինչդեռ Ջավախքի եւ Աջարիայի ճակատագրերը մնացին Թբիլիսիի կառավարության ձեռքերում: Նախագահ Սաակաշվիլին բանտարկել տվեց մարդու իրավունքների պաշտպան եւ ակտիվիստ Վահագն Չախալյանին եւ վարեց այնպիսի քաղաքականություն, որ վրացերենը չյուրացնելու քողի ներքո ստիպեց հայերին կամ հեռանալ տարածաշրջանից, կամ էլ ձուլվել:

Հակառակ իշխանության փոփոխության, Թբիլիսիի նոր կառավարությունը ձգտում է եթե ոչ անդամակցել, ապա առնվազն ապահովել ՆԱՏՕ-ի ներկայությունն իր երկրում: Հայերն արդեն «վայելել են օգուտները» թուրքական սահմանում ունենալով ՆԱՏՕ-ի անդամ մի երկիր: Այժմ վերոնշյալ լրագրողը ողջունում է ՆԱՏՕ-ի մի նոր բազայի ստեղծումը հենց Ջավախքում, հայաբնակ այդ շրջանում: Նա գրում է. «ՆԱՏՕ-ն կարող է ինքզինքն օժտել ոչ անդամ երկրների հետ գործակցության նոր գործիքներովՙ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի համար: Իսկ դա կարող է նշանակել, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքը կստանա Վրաստանի անդամ չլինելու պարագայում այնտեղ լրջորեն ներկայացված լինելու հնարավորություն կամ հեռանկար: Այդ իմաստով, Ախալքալաքում Վրաստանի ռազմակայանը ստրատեգիական նշանակություն կստանա, քանի որ գտնվում է թե Հայաստանում ռուսական ռազմակայանին մոտ, թե մի տարածքում, որտեղ հավանական է դիտվում Ռուսաստանի սադրանքը Վրաստանի հասցեին, թե Արցախի հակամարտության գոտում, որը տարածաշրջանի ապակայունացման հավանական օջախներից է»:

Նախ նշենք, որ Հարավային Ռուսաստանի ամենախոցելի հատվածում ՆԱՏՕ-ի միջամտությունը կամ ներկայությունը ամենավրդովեցուցիչ սադրանքն է: Եվ հետո, լրագրողին պետք է հիշեցնել, որ նույնիսկ Վաշինգտոնը մեղադրեց Սաակաշվիլուն 2008ի պատերազմը սանձազերծելու համար: Իր անհեռատես եզրակացության մեջ լրագրողը ցնծագին ողջունում է ՆԱՏՕ-ի ընդարձակումը, որպես «հավասարակշռող գործոն» հենց այն ժամանակ, երբ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպում են Նախիջեւանում ծրագրելու պատերազմական խաղեր եւ մոգոնելու հնարքներն է՛լ ավելի սեղմելու օղակը Հայաստանի շուրջը:

Հոդվածի եզրակացությունն ավելի անհեթեթ է, քան ամբողջ հոդվածը: Եզրակացության մեջ նա նշում է. «Հետաքրքիր կլինի հետեւել, թե Ախալքալաքում Վրաստանի ռազմակայանի ստեղծման գործընթացը ինչ արձագանքներ է ունենալու Ռուսաստանում, Ջավախքում եւ նաեւ Հայաստանում, ովքեր են սկսելու տորպեդահարել Հայաստանի, Արցախի ու Ջավախքի անվտանգության համար տարածաշրջանային հավասարակշռության կարեւոր հեռանկար պարունակող այդ գործընթացը եւ ինչ շեշտադրումներով»:

Ներկայացված գաղափարը համահունչ է Ղարաբաղում ամերիկյան խաղաղապահ ուժեր տեղակայելու Ջեյմս Ուորլիքի վերջերս կատարած հայտարարությանը եւ կարծես ամբողջացնում է այն:

Վիրավորանքին անարգանք ավելացնելով ԲՀՖ-ն կեղծ բարեպաշտությամբ իր վրայից գցում է պատասխանատվությունըՙ նշելով, որ հոդվածում արտահայտված գաղափարներն ու մեկնաբանությունները հեղինակի անձնական խոհերն են եւ չեն ներկայացնում ԲՀՖ-Հայաստանի կամ նրա վարչության կարծիքը: Երբ ԲՀՖ-ն է վճարում լրագրողների աշխատավարձն ու հոնորարները, առնվազն անազնիվ է նման հայտարարություններ անելը:

Հակոբ Բադալյանը լավ որակավորում ունեցող լրագրող է եւ առավել արժանապատիվ աշխատանքի է արժանի, քան լրատվության ծուռ հայելու միջոցով ՆԱՏՕ-ի «ապրանքների մանրավաճառությամբ» զբաղվելը:

(* Ճշգրիտՙ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ