RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1769, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 10

Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ ՀԱՐՎԱՐԴԻ ԿԱՄ ՍՈՐԲՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Փոխանակ փնթփնթալու Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի բացման կապակցությամբ

Երեւանում բացվելու է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը: Նման համաձայնություն արդեն կայացրել են երկու երկրները, որը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից: Թե ի՞նչ նշանակություն ունի վերոնշյալ համալսարանը խորհրդային շրջանում ապրածների համար, երեւի հարկ չկա բացատրելու: Այսօրվա բնորոշումներով, այն խորհրդային երկրի «պաշտամունքային» բուհն էր, Մոսկվայի «էլիտար» միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտից հետո իհարկե: Հետխորհրդային տարիներին նույնպես Լոմոնոսովի անվան պետհամալսարանն իր գրավչությունը չի կորցրել: Համենայնդեպս, այն միջազգային բարձր վարկանիշ ունի եւ այստեղ մասնաճյուղ բացելու դեպքում կդառնա Հայաստանում գործող ամենահայտնի բուհերից միակը:

Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան համալսարանը ներառում է 9 գիտահետազոտական ինստիտուտ, 40 ֆակուլտետ, ավելի քան 300 ամբիոն, ունի մի շարք արտասահմանյան մասնաճյուղեր, այստեղ սովորում է 32,5 հազար ուսանող, 4,5 հազար ասպիրանտ, դոկտորանտ, հայցորդ, ավելի քան 10 հազար ունկնդիր, աշխատում է ավելի քան 4 հազար դասախոս, 5 հազար գիտական աշխատակից:

Տեղեկացնենք, որ այս պահին Հայաստանում գործում են եւս 3 օտարերկրյա համալսարաններ` Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը: Դրանք բոլորն էլ մասնավոր համալսարաններ են եւ հայտնի միայն մեր երկրում:

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հիմնվել է 1991-ին Երեւանում: 2013-ից ունի նաեւ բակալավրիատի ծրագիր: Կրթությունը անգլերենով է: Հայաստանում ֆրանսիական համալսարանը 1995-ին, կրթությունը ֆրանսերենով է: Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը հիմնադրվել է 1997-ին, ուսուցումը ռուսերենով է:

Վերոնշյալ երեք համալսարանների բացումը Հայաստանում ողջունվեց բոլորի կողմից: Այս բուհերը կայացան եւ գտան իրենց տեղը մեր բուհական համակարգում: Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացման մասին նորությունը նույնպես Հայաստանի հանրային կարծիքի կողմից դրական ընդունվեց: Ի վերջո, երկիր է մուտք գործելու հանրաճանաչ բուհ` կրթական բարձր չափորոշիչներով, ավանդույթներով եւ ընդգրկվածությամբ:

Սակայն, ինչպես հաճախ է պատահում վերջերս, որոշակի նեղ շրջանակներ նեղսրտել են այս հեռանկարից: Նրանց չի հետաքրքրում այս բուհի վարկանիշը կամ կրթական մակարդակը, նրանց հուզում է, որ դա ռուսաստանյան բուհ է: Իսկ քանի որ նրանք Արեւմուտքից դրամաշնորհներ են ստանում միայն նրա համար, որ անառարկելիորեն կատարեն այն, ինչ հրահանգում են իրենց ֆինանսավորողները, ապա նման մոտեցումը զարմանալի համարել չի կարելի: Նույն մարդիկ դժգոհում էին Հայաստանի` Մաքսային միություն ընդունվելու մասին որոշումից եւ միաժամանակ այսպես կոչված գազային պայմանագրից, որի շնորհիվ Հայաստանի համար պահպանվում էր ռուսական գազի ցածր գինը:

Մի խոսքով, այս անգամ եւս գործել է «գրանտակերների» տրամաբանությունը, որն է` ամբոխավարություն եւ տրամաբանության բացակայություն, եթե օտարերկրյա «տերերի» շահերը պաշտպանելու մասին է խոսքը: Իսկ թե ինչո՞ւ նույն Արեւմուտքը չի ցանկանում իր հանրահայտ, օրինակ` Հարվարդի կամ Սորբոնի համալսարանների մասնաճյուղերը բացել Հայաստանում, փոխանակ խանգարելու, երբ Ռուսաստանն է դա անում, մնում է միայն ենթադրել: Ամեն դեպքում, միջազգային ճանաչում ունեցող մեկ բուհ կսկսի գործել Հայաստանում, եւ դա միանշանակ դրական իրադարձություն է, հակառակ վերջին ժամանակներում ակտիվացած ջուր պղտորողների մարազմատիկ փնթփնթոցներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ