ԱՊԱՀՈՎ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս Գյումրի էր գնացել: Տեղիՙ Ամենափրկիչ եկեղեցում, որն, իմիջիայլոց, ամենեւին էլ Ծառուկյանը չի կառուցել, նա հիշատակել է 26 տարի առաջ ավերիչ երկրաշարժի զոհերին, ապա պատասխանել եկեղեցու բակում իրեն սպասող լրագրողներին: Ծառուկյանը ընդգծել է, որ քաղաքականութունից ինքն այս օրը չի խոսելու, որ շուտով, եթե պետք լինի, ինքը բոլոր հարցերին սպառիչ կպատասխանի: Ապա արդեն Գյումրիի Մշակույթի պալատում գյումրեցիների հետ հադիպմանը հայտարարել է, որ ինքը 45 մլն է տվել «մեր քաղաքապետ» Սամվել Բալասանյանինՙ որպեսզի «ինքը կազմակերպի ժողովրդին իմ կողմից թեթեւակի բարեգործության համար, տանք այդ գումարըՙ բաժանեն ծանր ապրող ընտանիքներին, որ կարողանան թեթեւակի իրենց հոգսը թեթեւացնեն, ես էլ կարողանամ ինձ լավ զգամ, որ իմ հնարավորության սահմաններում աջակից մասնակից եմ եղել»: Ծառուկյանն այդ մասին ոչինչ չի ասել, բայց ենթադրում ենք, որ 45 մլն-ը դրամ է, ոչ թեՙ բարձրացած կուրսով ԱՄՆ դոլար: Հիմա Գյումրիի քաղաքապետարանում այս 45 մլն-ը հավանաբար նախ կհաշվեն, հետո կկազմեն եւ քաղաքապետ Բալասանյանին կներկայացնեն քաղաքի «ծանր ապրող ըտանիքների» ցուցակը, հետո 45 մլն-ը կբաժանենՙ այդ ընտանիքների թվի վրա, արդյունքում, եթե Գյումրիի բոլոր «ծանր ապրող ընտանիքները» այդ ցուցակում ներառվեն, եւ եթե քաղաքապետ Բալասանյանը կարգադրի, որ բոլորն անխտիր պետք է ստանան Գագիկ Ծառուկյանի ունեցած հնարավորություններից, ապա կստացվի, որ յուրաքանչյուր ընտանիք կստանա 1000-ական դրամ, քանի որ Գյումրիում այսօր հաստատ կգտնվեն 45 հազար «ծանր ապրող» ընտանիքներ: Բայց սաՙ լավագույն դեպքում. հնարավոր է, որ չնայած ԲՀԿ-ական լինելու փաստին, քաղաքապետ Սամվել Բալասանանը որոշի, որ ստացած 45մլն-ից, ենթադրենքՙ մի 15 մլն-ը ինքը պետք է ծախսի քաղաքապետարանի այլեւայլ կարիքների համար, քանի որ հեշտ ապացուցելի է, որ Գյումրու քաղաքապետարանը եւս «ծանր է ապրում», ենթադրենքՙ կարմիր գրիչ չունի: Մի խոսքով 600-700-ական դրամի օգնություն, կարծում ենք, Գյումրիի «ծանր ապրող ընտանիքները» կստանան, հատկապես Նոր տարվա շեմին այս օգնությունը հերոս քաղաք Գյումրիի բնակիչների մոտ անպայմանորեն կծնի նորանոր անեկդոտներ, որոնց խոստանում ենք անդրադառնալ արդեն հաջորդ տարում, երբ եռյակը վերսկսի իր աշխատանքները երկրում իշխանափոխություն կատարելու ուղղությամբ: Ի դեպ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ումից ժամանակին պաշտպանում էին մարդու եւ մամուլի իրավունքները, դեկտեմբերի 10-ին ինքն է մասնակցել մարդու իավունքների պաշտպանությանը նվիրված ավանդական երթին, եւ հայտարարել, որ իր կարծիքով եռյակը իշխանափոխության գործընթացը երկարացնում է: Ինչ վերաբերում է երթին, ապա դրան եռյակի լիդերներից չեն մասնակցել ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ Գագիկ Ծառուկյանը, փոխարենը մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, սակայն, խնդրել է իրեն ներկայացնել ոչ թե եռյակի լիդերներից մեկը, այլՙ սովորական քաղաքացի: Րաֆֆին հայտարարել է, որ պետք է տղամարդկություն ունենալՙ հայտարարելու, որ մենք գնում ենք ամբողջական իշխանափոխության, Րաֆֆին չի հայտարարել, թե ինքը ո՞ւմ ի նկատի ունի, բայց մենք նոր չենք ավարտել մանկապարտեզը: Նույն ընթացքում, երբ ոչ իշխանական ուժերն իրենց միջին մակարդակով Ազատության հրապարակից երթ էին սկսում եւ իրականացրեցինՙ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը, մայրաքաղաքի «Մարիոթ» հյուրանոցում ՄԻՊ Կարեն Անդրիասյանը հրավիրել էր կլոր սեղան, որին մասնակցում էինՙ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կառավարութան աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պետական քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հասկանալի է, որ այս մարդիկ խոսակցության մեկ ընդհանուր թեմա պետք է ունենային (բացի էբոլա վիրուսից, անշուշտ)ՙ մարդու իրավունքների վիճակը: Այս համատեքստում առնվազն տարօրինակ է գլխավոր դատախազ Արմեն Կոստանյանի բացակայությունը, ինչեւէ... Կլոր սեղանի մասնակիցիները անշուշտ շեշտել են մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, արձանագրել իրենց ոլորտներում գրանցված հաջողությունները այս հարցում: Նրանցից ոմանք անգամ դատարկաձեռն չէին եկելՙ Մարդու իրավունքների պաշտպանի մոտ, օրինակՙ Աղվան Հովսեփյանը պաշտպան Անդրիասյանին ժամացույց է նվիրել, իսկ Վլադիմիր Գասպարյանըՙ Աստվածաշունչ: Հուսանք, որ այս նվերները չեն դիտարկվի որպես կոռուպցիոն դրսեւորումներ, եւ, օրինակ, ՄԻՊ-ի հաջորդ տարվա զեկույցում ոստիկանությունն ու պետքննչական կոմիտեն մարդու իրավուքներն ամենաքիչը խախտած կազմակերպությունները չեն լինի, եւ նշենք, որ մարդու իրավունքները հարգելն անհամեմատ ավելի դժվար է, քան մարդու իրավունքների հարգման կարեւորության մասին խոսելը: Օրինակ, խախտվե՞լ է արդյոք գյումրեցիների իրավունքը, երբ իրենց հասանելիք գումարը տվել են ոչ թե հենց իրենց, այլ քաղաքապետարանին: Կարծում ենքՙ խախտվել է, քանի որ նախՙ ճիշտ չէ աշխատունակ մարդուն փող տալըՙ ոչ մի բանի համար, ապա եւՙ միջնորդավորված տալը: Օրինակ, մեկ այլ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքանյանը փող չէ, բայց անվճար լավաշ տալիս է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ցուցակագրված բնակիչներին եւ հենց իրենց, ոչ թե թաղապետարանին, որպեսզի վերջինս բաժանի: Չի բացառվում, սակայն, որ Ալեքսանյանը փող էլ է տալիս ում ուզում է, եւ երբ ուզում է, ինչպես եւ Գագիկ Ծառուկյանը: Հետեւաբար ամենակարեւոր հարցըՙ Հայաստանի քաղաքացուն փող տալըՙ ուղղակի, եւ ոչ թե որեւէ աշխատանքի դիմաց, արդյոք մարդու իրավունքների խախտում չէ՞, մի քանի տեղ աշխատող եւ մի ամբողջ աշխատավարձ չստացող մարդու: Չէ՞, որ փողը կա՛մ աշխատում են, կա՛մ գողանում... Չմոռանանք նշել, որ եթե Սամվել Ալեքսանյանի թիմը իր իսկ խոսքերով իրեն «պոդձեռշկա» անի, ապա ինքը պատրաստ է առաջադրվելՙ նախագահի թեկնածու, Հանրապետութան նախագահի՛, ինչպես եւ Գագիկ Ծառուկյանը: Առաջինի ընտրվելու պարագայումՙ Բաղրամյան 26-ից ձրի լավաշ կտան, երկրորդի ընտրվելու պարագայումՙ ամեն ընտանիքիՙ 1000 դրամ, պլյուսՙ տրանսպորտը կդառնա անվճար: Իսկ եթե մեկի նախագահության օրոք մյուսը վարչապետ դառնա՞... Թքա՛ծ մարդու իրավունքների վրա: |