ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԱՄՆ-ԻՑ ՀԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՍԿԻՆ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ Պ. Ք. Եվրոպայի ֆինանսական ճգնաժամը որոշ երկների ստիպում է ոսկու եւ արտարժույթի սեփական պաշարները վերադարձնել տեղական պահոցներ: Այսպես, Հոլանդիան Նյու Յորքից հետ է բերել 5 մլրդ դոլար արժողությամբ 122 տոննա ոսկի: Նման ձեռնարկումները ավելի ու ավելի շատ կողմնակիցներ են գտնում Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ Գերմանիայում: Մի շարք խոշորագույն կենտրոնական բանկերում փողերի տպագրության աննախադեպ տեմպերը մտահոգություն են առաջացրել եվրոպական երկրներում, որոնք լրջորեն անհանգստացած են արտերկրում պահվող սեփական ոսկու պաշարների համար, նշում է RT կայքէջը: Այսպես, Հոլանդիայի ԿԲ-ն հայտարարել է, որ Նյու Յորքից արդեն Ամստերդամ է տեղափոխել իր 612 տոննանոց ոսկու պաշարի 1/5 մասը: Բանկի ղեկավարությունը դա բացատրել է ոսկու պաշարը հավշեկշռված բաշխելու եւ բնակչության վստահությունը մեծացնելու անհրաժեշտությամբ: «Դա արվեց ուրիշ բանկերի ձեռնարկումներից հետո, որոնք իրենց երկրում են պահում ոսկու պաշարի մեծ մասը: Դա նպաստում է ոչ միայն ոսկու պաշարի առավել հավասարակշռված բաշխմանը, ասվում է բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ: Այսօր Հոլանդիայի ոսկու պաշարի 31 տոկոսը Ամստերդամում է, 31 տոկոսըՙ Նյու Յորքում, 20 տոկոսըՙ Օտտավայում, 18 տոկոսըՙ Լոնդոնում»: Շվեյցարիայում ոսկու «փրկության» նպատակով անցկացվում է հանրաքվե: Դրա դրական արդյունքի դեպքում Ազգային բանկը ստիպված կլինի իր ակտիվների 1/5-ը փոխարկել ոսկու եւ վերադարձնել սեփական պահուստները Մեծ Բրիտանիայից եւ Կանադայից: «Շվեյցարիայի նախաձեռնությունը հանուն ոսկու եւ անվերջանալի փողատպությունից հրաժարման համընդհանուր պայքարի մի մասն է միայն», պարզաբանում է սինգապուրյան Bullion Star ընկերության վերլուծաբան Կոոս Յանսենը: Ֆրանսիայում ոսկու պահուստի վերադարձման կոչ է անում Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենը: Ազգային բանկի կառավարիչ Քրիստիան Նուայեին գրած բաց նամակում նա խնդրել է անցկացնել 2345 տոննանոց ոսկու պաշարի աուդիտ, ինչպես նաեւ Ֆրանսիա վերադարձնել ուրիշ երկրներում պահվող պաշարները: 2013 թ. սկզբներին Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից սեփական ոսկին վերադարձնելու ցանկություն էր արտահայտել Գերմանիան, բայց հետո հրաժարվել էր այդ մտադրությունից: Ֆրանկֆուրտի Ազգային բանկում պահվում է Գերմանիայի ոսկու պաշարի ընդամենը 1/3-ը: |