ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ Հ. Ծ. Ստամբուլի «Սարըյեր» շրջանի Բույուքդերե թաղամասի հին փողոցներից մեկը վերանվանվել է թուրքահայ վետերան դերասան Նուբար Թերզյանի անունով: Ըստ «Ակօս» թերթի, որից լուրը արտատպել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը, վերանվանման խնդրանքով դեռ անցյալ տարի Բույուքդերեի Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցու գործադիր մարմինը դիմել էր Ստամբուլի քաղաքային իշխանություններին, բայցՙ մերժվել: Գործադիր մարմինը վերանայել էր խնդրանքը եւ այս անգամ հաջողության հասել: Թերզյանը ծնվել էր 1909-ին Ստամբուլում Նուբար Ալյանակ անունով: Դերասանությամբ սկսել էր զբաղվել 1940-ին: Առաջին խոշոր դերը ստանձնել էր 1949-ին խաղալով Հուսեյին Ռահմի Գյուրպինարի «Էֆսանջու Պապա» վեպի էկրանային տարբերակում: Հետագայում հարյուրավոր ֆիլմերում եւ հեռուստատեսային ծրագրերում էր հանդես եկել: Արժանացել էր հասարակության լայն խավերի սիրուն եւ հարգանքին: Մահացել էր 1994 թվին 84 տարեկանում: Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցու գործադիր մարմնի նախագահ Մուրատ Սումեն շնորհակալություն է հայտնել «Սարըյերի» քաղաքապետին Նուբար Թերզյանի անունը հավերժացնելու համար: |