ԲԱՇԱՐ ԱՍԱԴԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Է ՏՎԵԼ «Paris Match»-ԻՆ Պ. Ք. Ֆրանսիական «Paris Match» շաբաթահանդեսի փոխխմբագրապետ Ռեժի Լը Սոմյեին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անդրադարձել է հակաահաբեկչական պատերազմին առնչվող խնդիրներին: Նա ասել է, որ Սիրիայի ճգնաժամի առաջին իսկ օրերից իշխանությունները պայքարել են ահաբեկիչների դեմ եւ հանուն ժողովրդի: Քաթարից, Թուրքիայից եւ Արեւմուտքից ահաբեկիչների ստացած աջակցությունը երկարաձգում է պատերազմը: Ոմանք սիրիական բանակին ամբաստանում են խաղաղ բնակիչներին ռմբակոծելու մեջ, ինչը անտրամաբանական է: «Եթե մենք չպաշտպանեինք մեր ժողովրդին, ապա չէինք կարող դիմակայել մինչեւ օրս», ասել է նախագահը, ավելացնելով, որ Սիրիան ստիպված է պատերազմել ոչ միայն ավազակախմբերի, այլեւ պետությունների դեմ: Ասադը վստահեցրել է, որ ամեն գնով նախագահի պաշտոնում մնալը իր նպատակը չէ: «Յուրաքանչյուր պետության մեջ նախագահը իր պաշտոնը ստանձնում եւ թողնում է սահմանադրական միջոցներով. նա չի կարող գալ եւ գնալ քաոսի միջոցով: Ամեն դեպքում մենք, որպես սիրիացիներ, չենք ընդունի, որ Սիրիան դառնա Արեւմուտքի խաղալիքը», ընդգծել է Ասադը: Անդրադառնալով այն պնդումներին, թե Սիրիան իբր ինքն է նպաստել «Իսլամական պետություն» խմբավորման ստեղծմանը, նախագահն ասել է, որ այդ ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է Իրաքում ամերիկյան օկուպացման տարիներինՙ 2006 թվականին, իսկ դրա պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին եղել է ոչ թե սիրիական, այլ ամերիկյան բանտերում, այնպես որ ԱՄՆ-ը ինքն է ստեղծել այդ խմբավորումը: Բաշար Ասադի խոսքերով, եթե քսան տարի առաջ ահաբեկչության բնօրրանը Սաուդյան Արաբիան էր, ապա այժմ ահաբեկիչները Սիրիա են գալիս Եվրոպայից, հատկապեսՙ Ֆրանսիայից, այնպես որ ահաբեկչությունը Եվրոպայում այլեւս քնած չէ: «Իսլամական պետությանը» ամերիկյան օդուժի հասցրած հարվածները չեն ստացել ՄԱԿ-ի ԱԽ հավանությունը, դրանք անօրինական են եւ անարդյունավետ: Վերջին երկու ամսվա ռմբահարումը շոշափելի արդյունք չի տվել. դրա պատճառներից մեկը տարածաշրջանում Թուրքիայի տեւական աջակցությունն է «Իսլամական պետությանը»: Խոսելով այն մեղադրանքների մասին, թե Սիրիան իբր քիմիական զենք է օգտագործել, նախագահն ասել է. «Սիրիան չի օգտագործել քիմիական զենք: Եթե նման բան անեինք որեւէ վայրում, ապա հարյուր հազարավոր մարդիկ կզոհվեին, մինչդեռ անցյալ տարի խոսվեց հարյուր կամ երկու հարյուր զոհերի մասին»: |