RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015



Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1653, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԻՍԿ ՄԵԶ ՈՉ ՈՔ ՉԻ՞ ՍԻՐՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում ԱՄՆ-ին, այդ երկրում այսօր տեղի է ունեցել մի հրաշալի բան. նախագահ Օբաման սեր է խոստովանել, ընդ որում տիկնոջը` Միշելին չէ (ինչը էլի հրաշալի կլիներ, առնվազն ԱՄՆ առաջին տիկնոջ համար), այլ բոլոր ամերիկացիներին: Հանդես գալով ամերիկացիներին ուղղված ռադիոուղերձով` Բարաք Օբաման հայտարարել է, որ սիրում է Ամերիկան եւ ամերիկացիներին... Մինչ կշարունակենք ԱՄՆ նախագահի խոսքը, պատկերացնենք ՀՀ նախագահը հանդես է գալիս ռադիուղերձով: Արդեն տարօրինակ է, չէ՞, արդեն չենք հավատում... Բայց պատկերացնենք, ավելին, պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանն իր` հայ ժողովրդն ուղղված ուղերձում սեր է խոստովանում, որպես ՀՀ նախագահ նա իրավունք ունի, որպես ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտՙ նույնպես նա կարող է: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքն ըստ էության ասելիք չունի, եւ այս ուղերձով դիմում է ժողովրդին միայն տեղեկացնելու, որ ինքը սիրում է հայ ժողովրդին եւ Հայաստանը, սիրում է բոլորին, ամեն տեսակի մարդու` գրագետներին, անգրագետներին, իշխանության եւ հարստության ձգտողներին, իշխանությունից եւ հարուստներից զզվողներին, խոպանչիներին, ընտանիքի խոպանչի անդամին տուն վերադարձնել ցանկացողներին, վարկի տակ ճռռացողներին, վարկ վերցնել չկարողացողներին, վատ ապրողներին, նրանց, որոնց կարծիքով իրենք ամենավատն են ապրում... Մի խոսքով` Ազատության հրապարակին, մեզ....

Շարունակելով իր միտքը Օբաման ասել է. «ԱՄՆ-ում բնակվում են տարատեսակ մարդիկ` ծեր, թույլ, ուժեղ, խելացի, հիմար: Եւ, երբ իսկապես հիմար մարդիկ իրենց ծաղրածուի պես են պահում, ես շարունակում եմ սիրել նրանց, քանի որ նրանք ԱՄՆ-ի մի մասն են, ավելին` ԱՄՆ-ի մեծամասնությունը»: Եթե Օբաման իր այս խոսքերն ասեր Կոնգրեսում, կամ Սենատում, ապա այնտեղ նստած մեծամասնություն` հանրապետականները չի բացառվում, որ հետո, երբ ամեն ինչ հանգստանար` պահանջեին, որ ԱՄՆ նախագահը նայեր իրենց աչքերի մեջ ու «աչոտ» տար ԱՄՆ-ի մեծամասնությանը հիմար անվանելու համար: Բայց Օբաման Կոնգրեսին չի ասել այս խոսքերը, չնայած չի բացառվում, որ մեծամասնություն ասելով նկատի է ունեցել հենց Կոնգրեսի մեծամասնությանը,որին, փաստորեն, ԱՄՆ նախագահն էլի սիրում է:

...Սերժ Սարգսյանն, ինչպես գիտենք, ոչ միայն չի սիրում հիմարներին եւ անգրագետներին, ովքեր հատկապես իրենց ծաղրածուի պես են պահում, այլեւ թույլ չի տալու, որ մեր հայրենիքը վերածվի կրկեսի:

Ես չգիտեմ,թե որքանով է նպաստել ԱՄՆ-ի հզորացմանը այն հանգամանքը,որ նրա նախագահները հաճախ են ուղերձներով սեր խոստովանում Ամերիկային եւ ամերիկացիներին, ես նաեւ չգիտեմ, թե որքան կծիծաղեինք, երբ Սերժ Սարգսյանը սիրո խոստովանություն աներ: Բայց ես գիտեմ, որ վերջին պարագայում մենք հաստատ կծիծաղեինք ու կծիծաղեինք` անսովորությունից, առաջին անգամ նման բառեր նման պաշտոնյայից լսելուց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ