«ԱՅԲ» ԴՊՐՈՑԸ ԵՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ «Այբ»-ի ռոբոտիկայի թիմը միջազգային հարթակում շարունակում է պատվով ներկայացնել մեր երկիրը: Այդ նվաճումներին իր գործընկերությամբ աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Այբ» դպրոցի աշակերտների ստեղծած` ֆուտբոլ խաղացող ռոբոտները 2014 թվականին հաջողությամբ են ներկայացվել Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային: Ռոբոտիկայի լաբորատորիայում ներկայացվել են այս եւ մյուս` գծին հետեւող եւ հրշեջ ռոբոտները, անօդաչու թռչող սարքերն ու ներկա պահին «Այբ»-ի աշակերտների ուշադրության կենտրոնում գտնվող մյուս նախագծերը: «Հայաստանում շատ ոլորտների արագ զարգացմանը խոչընդոտում է անհրաժեշտ գիտելիքի, փորձի եւ ենթակառուցվածքի բացակայությունը: Ռոբոտիկայի ոլորտը, սակայն, գտնվում է բուռն զարգացման այնպիսի շրջանում, երբ սիրողական խմբերը հաճախ հասնում են ավելի հետաքրքիր արդյունքների, քան փորձառու գիտական հաստատությունները»,-նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտումն ու դրա հետագա զարգացումը: Մենք այնտեղ ենք, որտեղ կա այդ հնարավորությունը: Հաճելի է տեսնել, որ ռոբոտաշինությամբ զբաղվող երիտասարդների ջանքերը հաջողությամբ են պսակվում»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: |