«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՐՀԱՎԻՐՔՆԵՐ ՇԱՏ Է ՏԵՍԵԼ, ԲԱՎԱԿԱՆ Է...» ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից Հայտարարեց ՌԴ վաստակավոր շինարար եւ բարեգործ Վարդգես Արծրունին իր հովանավորությամբ Մոսկվայում ռուսերենով հրատարակված ֆրանսահայ պատմաբան Ռայմոն Գեւորգյանի «Հայոց ցեղասպանություն. ամբողջական պատմություն» գրքի շնորհանդեսին Փետրվարի 10-ին Ռուսաստանի մայրաքաղաքում, Ժուռնալիստների կենտրոնական տան լեփ-լեցուն դահլիճում, տեղի ունեցավ Ֆրանսահայ ճանաչված պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռայմոն Գեւորգյանի «Հայոց ցեղասպանություն. ամբողջական պատմություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջՙ ռուսերենով: 908 էջանոց գիրքը, որի տպագրության ծախսերը հոգացել է մոսկվաբնակ մեր հայրենակից, ՌԴ վաստակավոր շինարար Վարդգես Արծրունին, համեմված է բացառիկ վավերական փաստերով եւ արժանահավատություն ներշնչող պատմական փաստաթղթերով: Ռայմոն Գեւորգյանը արդեն երկար տարիներ Փարիզի Սեն Դենիս Աշխարհաքաղաքականության ինստիտուտի դասախոս է, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող ամենահեղինակավոր գիտնականներից մեկը: 1987 թվականից ՀԲԸ Միության Փարիզի Պողոս Նուբարի անվան գրադարանի տնօրենն է, որը երկու ֆրանսերեն հանդես է հրատարակում` «Հանդես հայկական արդի հարցերու» (Revue arme՛nienne des question contemporaires), «Հանդես հայոց արդի պատմության» (Revue d՛histoire arme՛nienne contemporaine): Գեւորգյանը Հայաստանի եւ հայերի նոր ու նորագույն պատմությանը նվիրված մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է: Գիտնականի վերջին` «Հայոց ցեղասպանություն. ամբողջական պատմություն» (The Armenian Genocide: A Complete History) գիրքը առաջինը հրատարակվել է ֆրանսերեն, ապա անգլերեն, իսկ այսօր նաեւ ռուսերեն, եւ համարվում է կոթողային ամբողջական աշխատանք: Պատմաբան Ռայմոն Գեւորգյանն այս գրքով զգալի ներդրում է կատարել 1915-1916 թթ. Հայոց ցեղասպանության պատմագրության մեջ: Օգտագործելով նախկինում սակավ ուսումնասիրված փաստաթղթեր, որոնք նա «պեղել» է տարբեր երկրների արխիվներում, հասարակության ուշադրությանն է ներկայացնում արդիականացման եւ պետականացման ժամանակաշրջան ապրող պետության կողմից հայերի զանգվածային կոտորածների գաղափարական նախապայմանների, պլանավորման եւ իրականացման վերաբերյալ մանրամասն եւ համոզիչ զեկույց, որը ոչ այլ ինչ է, քան շառաչուն ապտակ եղեռնագործությունը այսօր էլ պարտակողներին: Նաեւ Գեւորգյանի ծավալուն ուսումնասիրության շնորհիվՙ այդ զանգվածային ոճրի պատմությունն այժմ նաեւ թուրք հասարակության ուշադրության կենտրոնում է: Գրքում բերվում են արխիվային փաստաթղթեր, ականատեսների վկայություններ, պարզաբանվում է Հայոց ցեղասպանության տեղը թուրքական ազգային պետության ստեղծման գործում: «Հորս կողմը` Խարբերդ, մորս` Սեբաստիա,- իր մասին ասում է պատմաբանը: Այսօր սա ամենաամբողջական գիրքն է 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին: Իմ գրքում նկարագրվում է այն մահվան ուղին, որով անցան 1,5 միլիոն հայերը Օսմանյան կայսրությունում: Գրքիս հիմնական մասը բաղկացած է մանրակրկիտ վերլուծությունից, թե կոնկրետ ինչեր են տեղի ունեցել բոլոր գավառներում: Օրինակ, թե որ թվականին որ գավառից ճամփա ելավ քարավանը, քանի՞ հայ կար, ի՞նչ ճանապարհով են գնացել, որտե՞ղ են հարձակման ենթարկվել, թալանվել ու քանիսը ողջ մնացին, եւ տարբեր փաստաթղթերի հիման վրա կազմել եմ այդ գավառներում տեղական իշխանությունների ոճրագործների հստակ ցուցակներ եւ ներկայացրել, թե ինչպես են նրանք հարստացել հայերի «բացակայության» պայմաններում: Գրքում խոսք կա նաեւ Թուրքիայիՙ մեկ դար տեւող ժխտողական քաղաքականության մասին, որի պայմաններում դժվար է ճանաչման հարցում լուրջ հաջողությունների հասնել, բայց կասկած չկա, որ կրթված մարդկանց շրջանում ծիծաղելի է դառնում նրանց երկրի մերժողական քաղաքականությունը: Ակադեմիական շրջանակներում Հայոց ցեղասպանության փաստը որեւէ կասկած չի առաջացնում, կան ընդամենը իշխանական պրոպագանդիստներ, որոնք շարունակում են հերքել Եղեռնի փաստը»: «Հայոց ցեղասպանություն. ամբողջական պատմություն» գրքի ռուսերեն տարբերակով հրատարակումը, ինչպես հեղինակը, այնպես էլ գրքի հովանավոր Վարդգես Արծրունին, ջանացել են ռուս ընթերցողին ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Այս գիրքը հատկապես հրատապ ու հետաքրքրական է ինչպես ռուս հասարակության, այնպես էլ Ռուսաստանի հայազգի քաղաքացիների համար, առավել եւս այն պարզ պատճառով, որ ավելի քան երկու դար հայերի պատմությունը սերտորեն կապված է ռուսների պատմության հետ: Եվ ինչպես Ռայմոն Գեւորգյանը, այնպես էլ Վարդգես Արծրունին հույս ունեն, որ գրքի հրապարակումը կնպաստի նաեւ հենց Ռուսաստանում նոր ուսումնասիրությունների իրականացմանը, քանի որ ռուսական ռազմական եւ դիվանագիտական արխիվները նոր են միայն սկսվել կիրառվել այդ հարցի ուսումնասիրության գործընթացում: Գրքի ռուսերեն հրատարակության հովանավոր Վարդգես Արծրունին մոսկովյան շնորհանդեսի ընթացքում իր ելույթում նշեց, որ պատմական մեծ արժեք ներկայացնող ուսումնասիրությունը հատկապես ռուսերեն լեզվով կյանքի կոչելու գաղափարը իրեն երկար ժամանակ հանգիստ չի տվել: «Ես կյանքում բարեգործություններ շատ եմ արել, բազմաթիվ գրքերի տպագրություն եմ հովանավորել, բայց հավատացեք, այս մեկն ուրիշ էր: Այս գրքում անթեղված է մեր ժողովրդի պատմական հիշողությունը, ես այս աշխատությանը մոտեցել եմ մեծ ակնածանքով, սրտի թրթիռով եւ իմ նախնիների արյան կանչով: Մեր պատմական հայրենիքի հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր հայ այստեղ կարող է տեսնել իր գերդաստանի պատմությունը, ինչպես, օրինակ, ես: Հորս ծնողները ապրել են Կարսում, տատիկիս եղբայրը` Բզնունիների տոհմից, եղել է Կարսի քաղաքապետը, ավագ հորեղբայրս` Սարգիսը, բանակի պորուչիկ էր, մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, իսկ նրա կրտսեր եղբայրը` Արտաշեսը, Հայաստանում հայտնի լրագրող էր, նրան բանտարկեցին 1937-ին, գաղափարական ինչ-ինչ անհեթեթ մեղադրանքով, եւ ազատ արձակեցին միայն 1954-ին, Ստալինի մահից հետո...»: Դեռեւս տարիներ առաջ Վարդգես Արծրունու հովանավորությամբ Մոսկվայում ստեղծվել է Տարածաշրջանային հասարակական գիտահետազոտական կազմակերպությունՙ Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների հասարակական ինստիտուտ: Ուշագրավ էր հատկապես 2013 թ.-ին «Լիտերատուրնայա գազետա» մոսկովյան շաբաթահանդեսում տպագրված Վարդգես Արծրունու եւ նշված ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի «Պատմական ճշմարտության իրավական պաշտպանության անհրաժեշտության մասին» հոդվածը, որը արժանի հակահարված է ռուսաստանյան նեոֆաշիստական շրջանակներին, որոնց համար հիտլերական վայրագությունները եւ Թալեաթ-Էնվեր-Ջեմալ-Աթաթուրք ցեղասպանների արարքները դատապարտելի չեն: Այդ ծավալուն հոդվածը, որը, ի դեպ, տպագրվել է նաեւ «Ազգ»-ում (տես` http://www.archive.azg.am/AM/2013090313) մեծ արձագանք գտավ ոչ միայն ռուսաստանյան քաղաքական շրջանակներում, այլեւ հակահայկական հիստերիայի ալիք բարձրացրեց թուրք պատմաբանների շրջանում: Ի դեպ, Վարդգես Արծրունին նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման Մոսկվայի տարածաշրջանային հանձնաժողովի համանախագահն է եւ պատմում է, որ մինչեւ հոդվածի հրապարակումը Մոսկվայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Ռուսաստանի հասարակական-քաղաքական կենտրոնի դահլիճում տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանության100-ամյակի միջոցառումների համակարգման Մոսկվայի տարածաշրջանային հանձնաժողովի հիմնադիր նիստը, որի ավարտին ընդունվեց Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: «Մենք համարում ենք, որ հնարավորինս շատ թվով պետությունների եւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր քաղաքական նշանակություն ունի, եւ ես որպես այդ հանձնաժողովի համանախագահ ամեն ինչ անում եմ, որպեսզի մեր գործունեությամբ նպաստենք Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքում Հայոց ցեղասպանության թեմային ավելի հնչեղություն տալուն: Ասվածի հերթական վկայությունը Ռայմոն Գեւորգյանի մեծարժեք աշխատության ռուսերեն լեզվով տպագրությունն է: Մենքՙ ճակատագրի բերումով Ռուսաստանում հավաքված հայերս, նաեւ այս գրքի լուսընծայումով, մեկ անգամ եւս դատապարտում ենք ոճրագործություններն ու բռնությունները: Մեր ժողովուրդը արհավիրքներ շատ է տեսել, բավական է...»: Նկար 3. Ռայմոն Հարություն Գեւորգյան |