RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-06-04 23:10:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1622, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Առաջին անգամ այդ մասին խոսեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Հետո, իհարկե, խոսեց նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, բայց այստեղ կարեւոր է այդ «հետո» -ն: Երկու պետական կառույցներից էլ չմոռացան շնորհակալություն հայտնել` «վեհ գործում ներդրած ավանդի համար», ինչին էլ հաջորդեց շնորհակալությունների մի ամբողջ շքերթ` արդեն սոցիալական կայքերում... Բրազիլիան Պարագվայը չէ, Պերուն չէ, Գվատեմալան կամ Հայիթին չէ, «Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»:

Այսինքն` չի ճանաչել: Ոչ թե զղջացել է, այլ ուղղակի չէր էլ ճանաչել: Դե բրազիլական խորհրդարանում` Սենատում քննարկել են հարցը, մի շարք բրազիլացի պատգամավորներ ելույթներ են ունեցել, ինչպես ասում են` հայամետ, կամ` մարդասիրական, հետո բրազիլացի 81 սենատորներից 47-ը ստորագրել են մի փաստաթղթի տակ, որը ոչ թե ճանաչում է Ցեղասպանությունը, այլ այն ճանաչելու հարցը մտցնում է Սենատի օրակարգ, ավելի ուշ էլ 55 սենատոր կողմ է արտահայտվել, որպեսզի Սենատն ընդունի ցավակցական փաստաթուղթ... Հետո, գոնե մինչեւ այս պահը Բրազիլիան Ցեղասպանությունը ճանաչելու մասին որեւէ փաստաթուղթ չի ընդունել, հարցն անգամ քվեարկության չի դրվել:

Սա չի նշանակում, անշուշտ, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը կամ ԱԳՆ-ն ապատեղեկատվություն են տարածում: Սա նշանակում է, որ Հայաստանի դիվանագիտական խողովակները լավ չեն աշխատում: Օրինակ` կոնկրետ Բրազիլիայում մենք ունենք ոչ միայն համայնք (ի տարբերություն, օրինակ, արգենտինահայերի կամ ուրուգվահայերի, այդքան էլ ակտիվ չէ, բայց կա), ոչ միայն Հայ դատի գրասենյակ, այլեւ ուշադրություն` դեսպանատուն, հետեւաբար` նաեւ դեսպան: Մինչդեռ «Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը» տեղեկատվությունը ոչ ՀՀ նախագահի աշխատակազմը, ոչ ՀՀ ԱԳՆ-ն կարիք չեն տեսել ճշտելու կամ բրազիլահայերից, կա՛մ Բրազիլիայի Հայ դատի գրասենյակից, կա՛մ էլ 2014-ի հունվարի 25-ից Բրազիլիայում ՀՀ դեսպան նշանակված Աշոտ Գալոյանից: Դեսպանի պարագայում, անկեղծ ասած` վստահ չենք, բայց վստահ ենք, որ Հայ դատի գրասենյակը, առավել եւս բրազիլահայերը հաստատ տեղյակ կլինեին, թե ինչ է իրականում տեղի ունեցել Բրազիլիայում:

Ի դեպ չորեքշաբթի օրը, ԵԱՀԿ գործող նախագահողի, Սերբիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը ոչ միայն չի հերքել իր իսկ ղեկավարած գերատեսչության ավելի վաղ տարածած տեղեկատվությունը` ճանաչման մասին, այլեւ վերահաստատել է, որ «այո, բրազիլական Սենատի կողմից ճանաչում եղել է»:

Ո՞վ է նման բաներ հաղորդում ՀՀ ԱԳՆ-ին, եւ, որը պակաս կարեւոր չէ` քանի՞ դեսպան ունենք, որ նման բաներ են հաղորդում ՀՀ ԱԳՆ-ին:

Ինչ վերաբերում է հայկական կողմի խմբակային շնորհակալությանը, ապա ասենք, որ պետք չէ մտահոգվել դրա անիմաստ լինելու համար: Հայաստանը հանգիստ կարող է հայտարարել, որ այո, ինքը շնորհակալություն է հայտնել Բրազիլիային, բայց ոչ թե Ցեղասպանության ճանաչման համար, այլ` ....միջազգային ֆուտբոլում այդ երկրի ունեցած մեծ ներդրման համար, ինչը նույնպես վեհ գործ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ