ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՄՈՒՇՆԵՐՈՎ Հայոց ցեղասպանության տարիներից պահպանված եւ մեզ հասած յուրաքանչյուր վկայություն, նամակ, լուսանկար, բացիկ անչափ կարեւոր է այդ ժամանակաշրջանի իրադարձությունների ուսումնասիրության հարցում: Տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվել է բազմաթիվ արժեքավոր նմուշներով, որոնք ձեռք են բերվել անհատների ֆինանսական աջակցության եւ նվիրատվությունների շնորհիվ: Այս առումով արդեն ավանդույթ է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համագործակցությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անմիջական աջակցությամբ, նախկինում ձեռք են բերվել թանգարանային եզակի միավորներ: Մասնավորապես` Արեւմտյան Հայաստանի պատկերներով եւ հայկական թեմաներով հնատիպ բացիկների հավաքածու, հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականություն, պատմական վավերագրեր` Մեծ եղեռնը վերապրած հայերի նկատմամբ ցուցաբերված մարդասիրական օգնության մասին, հայ գաղթականներին պատկերող բնօրինակ լուսանկարներ, մինչեւ ցեղասպանությունը արեւմտահայ կյանքին վերաբերող իրեր, նամակներ, նամականիշներ, հայտնի հայկական ընտանիքների լուսանկարներ, ցուցադրական կարեւոր նշանակություն ունեցող հնատիպ թերթեր: Նմուշների զգալի մասը հնարավոր է եղել հայթայթել Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ հայր եւ որդի Օհաննես եւ Հրաչ Հանեսյանների օժանդակությամբ: «Շիրակ» տպագրատան սեփականատեր Հանեսյան ընտանիքը տարիներ շարունակ հավաքել է Ցեղասպանության փաստը վավերագրող արժեքավոր նյութեր, որոնք այսօր հասանելի են հանրությանը: Այս անգամ եւս` Ռալֆ Յիրիկյանի եւ Հրաչ Հանեսյանի ջանքերով ձեռք են բերվել եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել արժեքվոր նմուշներ: «Ճշմարտությունը միայն իմանալը դեռ քիչ է: Արդարության հասնելու համար անհրաժեշտ է այդ ճշմարտությունը հասցնել հանրությանը, անհերքելի ապացույցներ եւ փաստեր ներկայացնել: Ցանկացած հայ կրում է ցեղասպանության ծանր հետեւանքները, եւ մենք ազգովին պետք է լծվենք դրա ճանաչման եւ հետեւանքների վերացման գործին` ամենքս մեր ուժերի չափով: Անգնահատելի է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը եւ նվիրված աշխատանքը, եւ մենք պատրաստակամ ենք կանգնելու այս կառույցի կողքին», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : |