ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԿԱՅՈՒՆԱՆՈ՞ՒՄ ԵՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ադրբեջանը վերանայելու է պետական բյուջենՙ հիմք ընդունելով 30 դոլար նավթի գինը Նավթի գների անկանխատեսելիությունը կարծես թե սկսում է աստիճանաբար տեղի տալ: Անընդհատ շարունակվող անկումից հետո, անցած շաբաթվա ընթացքում, նավթի միջազգային գները սկսեցին փոփոխական վայրիվերումներ արձանագրել: Ամենացածր գինը հասավ մինչեւ 28 դոլարի Brent տեսակի նավթի 1 բարելի դիմաց, որից հետո այն բարձրացավ մինչեւ 34 դոլարի, ապա կրկին իջավ եւ այժմ կայունանում է 30-32 դոլարի միջակայքումՙ պարբերաբար բարձրանալով եւ իջնելով: Այսինքն, նկատվում է գների որոշակի կայունացման թույլ միտում: Հավանական է, որ այն խորանա, եթե քաղաքական նոր ցնցումներ չլինեն: Սակայն, միջազգային աշխարհաքաղաքական կացության պայմաններում նման ցնցումները, մեղմ ասած, բացառված չեն: Ինչ վերաբերում է տնտեսական գործոններին, ապա դրանցից հիմնականը համարվում էր Իրանի վերադարձը միջազգային շուկա, ինչը պետք է ավելացներ նավթի ծավալները եւ իջեցներ դրա գինը, արդեն տեղի է ունենում: Իրանի վերադարձից առաջ այս գործոնը միջնորդները արդեն հաշվի էին առել բորսայական առեւտրի ժամանակ, եւ այն վաղօրոք իր ազդեցությունն էր թողել նավթի գների վրա: Նավթի գների վրա ազդող մյուս գործոններըՙ ամերիկյան նավթի արտահանման արգելքի վերացումը, խոշոր տնտեսությունների, մասնավորապես Չինաստանի զարգացման տեմպի դանդաղումը եւ նավթ արդյունահանող երկրների կողմից ծավալները անփոփոխ թողնելը, կարծես թե էական փոփոխությունների չեն ենթարկվում: Դրանք, միասին վերցրած, ամբողջացել են եւ արդեն իսկ ձեւավորել նավթի գների ներկա մակարդակը: 2016-ին նավթի գների իր կանխատեսումն է փոխել Համաշխարահյին բանկը: Նախկինՙ 1 բարելը 51 դոլարի փոխարեն, ՀԲ-ն կանխատեսում է, որ նավթի միջին գինն այս տարի կկազմի 37 դոլար 1 բարելի դիմաց: Ներկայիս անկումից հետո նավթի գնի որոշ բարձացումը, ըստ ՀԲ փորձագետների եզրակացության, այնքան մեծ չի լինի, ինչպես նախորդ անկումներից (2008 թ., 1998 թ., 1986 թ.) հետո եւ, նրանց բնութագրմամբ, «նավթի ցածր գները դեռ որոշակի ժամանակահատված կուղեկցեն մեզ»: Ինչ մնում է մեզ նավթով ահաբեկել փորձող Ադրբեջանին, ապա այդ երկրի ԿԲ նախագահ Էլման Ռուստամովն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է երկրի պետական բյուջեի նոր նախագիծը, որտեղ նավթի բազային գին նշվելու է 30 դոլարըՙ ներկայիս 50 դոլարի փոխարեն: Հասկանալի է, որ դա նշանակում է Ադրբեջանի պետական եկամուտների գրեթե համարժեք չափով նվազում, քանի որ հիմնական եկամուտները ստացվում են հենց նավթարդյունաբերությունից: |