«ԼԵՓՍԻՈՒՍԻ ԵՎ ԷՆՎԵՐԻ ԶՐՈՒՅՑԸ»` ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներից դուրս, սակայն վեհաժողովի շենքում հունվարի 26-ին կազմակերպվել էր «Հոմո պոլիտիկուս» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը, որը ներկայացնում է Հովհաննես Լեփսիուսի եւ Էնվեր փաշայի զրույցըՙ թուրք ռեժիսորի եւ թուրք պրոդյուսերի համատեղ մի աշխատանք, որ հիմնված է Լեփսիուսի կյանքից վերցված փաստերի վրա ու մատուցվում է որպես ֆիլմ: Ըստ 20 րոպեանոց ֆիլմի սյուժեի, Լեփսիուսը, լինելով գերմանական միսիոներների անունից աշխատող ազդեցիկ աստվածաբան, հայերի նկատմամբ բռնությունները տեսնելովՙ գնում է Էնվեր փաշային այցելությանՙ կանխելու Օսմանյան կայսրության «դեպորտացիայի» քաղաքականությունը հայերի նկատմամբ: Ֆիլմում հանդիպման կեսից փիլիսոփայական, մտավորական բացառիկ պատերազմը որոշ պահերի շախմատ է հիշեցնում, որոշ պահերիՙ բռնցքամարտ: «Հոմոպոլիտիկուսը Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում պատրաստված առաջին ֆիկշըն ֆիլմն է: Քաղաքականության ավերիչ բնույթի վրա կենտրոնանալով երկու հզոր մարդկանց լարված երկխոսության միջոցով, որոնցից մեկը ռազմամոլ է, զինվոր, մյուսըՙ աստվածաբան, մեկը Արեւելքից, մյուսըՙ Արեւմուտքից, Հոմո պոլիտիկուսը ցույց է տալիս, որ մարդասիրությունն ընդդեմ ազգայնականության եւ բարոյականությունն ընդդեմ քաղաքականության միամիտ են ու հուսահատ», ասում է ֆիլմի ռեժիսոր Հաջը Օրմանը: Ֆիլմի հովանավորն է ԵԽԽՎ թուրք պատվիրակ Էրթուղուլ Քյուրքչուն: Նա իր մարդկային պարտականությունն է համարել մասնակից լինել այս գործին, ներկայացնելով Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որն առաջինն է զանգվածային քաղաքական կուսակցություններից, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ֆիլմը ներկայացվել է Ստամբուլի ֆիլմերի միջազգային փառատոնում եւ Երեւանում արժանացել Հայաստան-Թուրքիա կինո պլատֆորմի մրցանակին: Ռեժիսոր Օրմանը մշակութային հիմնադրամի ղեկավար է, եղել է քաղբանտարկյալ, եւ մի քանի ամիս է, ինչ ազատության մեջ է: Իր իսկ խոսքերով, նա իր մարդկային պարտքն է համարել այս ֆիլմի ստեղծումը, որ ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջին: «Ազգի» հետ զրույցում ռեժիսորը տեղեկացրեց, որ արդեն իսկ սկսել է աշխատել նոր ֆիլմի վրա, որ նվիրված է Սողոմոն Թեյլերյանին: Այս հարցում նա աշխատում է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի աջակցությամբ: Հաջը Օրմանը հույս ունի, որ համապատասխան միջոցների հայթայթման պարագայում ֆիլմը 2-3 տարուց պատրաստ կլինի, քանի որ սցենարի վրա աշխատանքները բավականաչափ կատարված են: |