ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ Հիսունվեց րոպե շարունակվեց դրամատիզմով լի այդ թռիչքը, որում հայ օդաչուներըՙ Յակ-40-ի հրամանատար Վարդան Սարգսյանը, օդաչու-հրահանգիչ Միհրան Խաչատրյանը, երկրորդ օդաչու Միքայել Եփրեմյանը, մեխանիկ Աշոտ Այվազյանը, ցուցաբերելով բացառիկ արիություն եւ հնարամտություն, խափանեցին ինքնաթիռի առեւանգման փորձը: Հիսունվեց րոպե ուղեկցորդուհի Դոլորես Ղազարյանը, գործնականում միայնակ, հոգեբանական (եւ ոչ միայն) մարտի մեջ էր ահաբեկչի հետ, որը սպառնում էր պայթեցնել ինքնաթիռը, եթե չկատարվեն իր բոլոր պայմաններն ու պահանջները: Մեր օդաչուների սխրանքի մասին խորհրդային ժամանակներում ես բազմիցս եմ փորձել մամուլով բարձրաձայնել: Ճիշտ է, ԽՍՀՄ փլուզումից հետո ես պատմեցի Յակ-40-ի անձնակազմի սխրանքի մասին մի քանի հրատարակություններում:Այդ նյութերում տվյալներ չկային այն ողբերգական թռիչքի ոչ երթուղու, ոչ էլ տարեթվի մասին: Ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում նյութեր այն մասին, թե ինչպես է դա եղել:
Վերջերս, երբ աչքի էի անցկացնում իմ արխիվները, ձեռքս ընկավ շատ տարիների վաղեմության մի չբացված ծրար: Իր համառոտ նամակում մոսկովյան «Սովետսկայա ժենշչինա» ամսագրի աշխատակցուհի Լյուդմիլա Կիրիլյուկը ճշտել էր բոլոր շեշտադրումները իմ ակնարկի տպագրության հանելուկային մերժման պատմության մեջ: Ինտրիգը կայանում էր նրանում, որ «մեր լեգենդար ժամանակակցուհու կերպարը բացահայտող» այդ հոդվածը պատվիրել էր հենց «Սովետսկայա ժենշչինա» ամսագրի խմբագրությունը: Իմ ակնարկի հիմքում ընկած սյուժեն հեշտությամբ կարող էր հոլիվուդյան ֆիլմի սցենար դառնալ: Բայց քանի որ այն վերցված էր իրական կյանքից, ապա այդ «հանցապատումը» այն լճացած շրջանում ուղղակի գյուտ էր ամսագրի համար: Պետք է ասել, որ խմբագրության կողմից ոչ մի դժգոհություն չէի ստացել, ավելին, հայտնել էին, որ իմ հերոսուհու դիմանկարը ռոմանտիկորեն զարդարելու էր ամսագրի շապիկը: Հատվածական խմբագրման գործընթացը հաջողությամբ առաջ էր գնում, եւ ես անհամբերությամբ կանխավայելում էի այն երջանիկ պահը, երբ համարը լույս կտեսներ: Կարելի էր ինձ հասկանալ. «Սովետսկայա ժենշինա»-ն այն պարբերականների շարքում էր, որոնց տպաքանակն անցնում էր մեկ միլիոնից: Սակայն որքա՜ն մեծ էր հուսախաբությունս, երբ բառացիորեն տպարան ուղարկվելուց առաջ նյութը հանվեց համարից: Երբ իմացա այդ մասին, համակվեցի վրդովմունքով: Առաջին հերթին ցավալի էր, որ մեր հայրենակցուհու սխրանքի մասին չեն իմանալու «ցամաքի մեկ վեցերորդի» ընթերցողները, ինչպես այն ժամանակ էին հպարտորեն կոչում ԽՍՀՄ-ը: Եվ երկրորդՙ ես չէի խնդրել-աղաչել, ի՛նձ էին խնդրել: Պատճառները պարզելու իմ բոլոր փորձերը արդյունք չտվեցին: Չեմ թաքցնիՙ չէի կարող չզգալ, որ ինձանից ոչ պակաս վշտացած էին ամսագրի աշխատակիցները: Ճիշտ է, վերջիվերջո ինձ խոստովանեցին, որ հոդվածի ճանապարհը փակել են Հայկական ԽՍՀ-ում: Եվ դա ինձ չափազանց զարմացրեց, քանի որ, որքան ես էի տեղյակ, հանրապետության քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը իր համաձայնությունը տվել էր հրապարակմանը: Ակնարկի վրա դրված արգելանքը այդպես էլ ինձ համար կմնար որպես յոթ կողպեքով փակված գաղտնիք, եթե անցյալից ինձ չհասներ Լյուդմիլա Կիրիլյուկի նամակը, 1986 թվականի տարեթվով: Իսկ այն չէի բացել միայն մի պատճառով. երբ այն տեղ էր հասել, ես գործուղման մեջ էի: Փոստս կուտակվել էր, եւ հավանաբար, պարզապես ինչ-որ բան ձեռքիս տակ չէր ընկել: Երեւի հետաձգել էի նամակի ընթերցումը, որը տասնամյակներ շարունակ թղթերի տակ սպասել էր իր ժամին: Նամակից հետեւում էր, որ ակնարկը «մկրատել» էր ոչ թե Հայաստանի քաղավիացիան, այլ ԽՍՀՄ ՊԱԿ-ը: Ուղղակի ուզում ես գրելՙ «ինչը եւ պետք էր սպասել»: Թեպետ, հենց այս դեպքում թվում էրՙ կարելի է հարցնել. «Իսկ ինչո՞ւ: Չէ՞ որ երջանիկ հանգուցալուծումը լիովին խորհրդային ոգով էր»: Բայց հավանաբար դա այն շրջանն էր, երբ վերեւներում ինչ-որ մեկը գտնում էր, թե Խորհրդային Միությունում ընդհանրապես չպետք է տեղի ունենան պատմություններ, որոնք նման էին իմ նկարագրածին, եթե նույնիսկ դրանք կատարվում էին կյանքում: Կգբականների տրամաբանությունը հետին թվով հասկանալն ավելի դժվար է, քան այն ժամանակ: Գլխավորն այն է, որ գոնե մեր ժամանակներում կարելի է պատմել Դոլորես ոչ հայկական անունն ունեցող ուղեկցորդուհու հիրավի զարմանալի սխրանքի մասին: Եվ իհարկե, խիզախ օդաչուների սխրանքի մասին: *** Լինում են օրեր, որոնք էությամբ ճիշտ եւ ճիշտ հիշեցնում են երկուշաբթին, երբ ամեն ինչ թարս է գնում: 1988 թվականի հունվարի 25-ին ձյան առատ տեղումների պատճառով Յակ-40-ի թռիչքը երեք անգամ հետաձգվել էր: Վերջապես նստեցում հայտարարվեց: Ուղեւորներն արագ շտապեցին դեպի սանդուղք, ասես վախենալով, թե եղանակը կարող է նորից կամակորություններ անել: Ուշացման համար անձնակազմի անունից ուղեկցորդուհու քաղաքավարի ներողություններին նրանք ավելի շուտ անտարբեր մնացին: Միակ բանը, որ հուզում էր մարդկանցՙ հնարավորինս արագ «Էրեբունի» օդանավակայանից Բերդ շրջկենտրոն հասնելն էր: Թեպետ կար նրանց մեջ նաեւ մի տատիկՙ այն տեսակից, որը գրողի համար կարող է նախատիպ հանդիսանալ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների հերոսուհուՙ անդադրում ծեր տիկին Մարփլի կերպարի համար, թեեւ իրական կյանքում նրանց համարում են չափից ավելի հետաքրքրասեր: Եվ իզուր: Առաջինը հենց «միսս Մարփլն» էր, որ ուշադրություն դարձրեց համակրելի երիտասարդի տարօրինակ պահվածքին: Ավելի ճիշտ, նա դեռ դեպի ինքնաթիռ «վազքուղում» էր գրավել նրա ուշադրությունը: Երիտասարդը, տեսնելով, որ տատիկը գերբեռնված է, սիրահոժար օգնեց նրան եւ իհարկե, արժանացավ համակրանքի: Բայց սրահում, երբ վերջապես բոլորը տեղավորվեցին եւ ընկղմվեցին թռիչքային կիսաթմբիրի մեջ, երիտասարդը բոլորովին այլ առիթով սկսեց աչքի զարնվել: Նախկին հանգստությունից եւ բարեմտությունից հետք անգամ չէր մնացել նրա մեջ: Այսպես ասածՙ ոչ կովկասյան ազգության տղան նյարդայնանում էր, թվում էր չափազանց լարված, իրեն կորցրած: Վերջապես սրտացավ տատիկը, չտանելով այդ ամենը, մոտ կանչեց ուղեկցորդուհուն եւ կամացուկ խնդրեց օգնել երիտասարդին: Աղջիկը գլխով դրական նշան արեց եւ մոտեցավ տարօրինակ ուղեւորին, որի դեմքը համարյա սուզված էր բարձրացված օձիքի մեջ: Նրա քաղաքավարի «Լավ չե՞ք զգում» հարցը մնաց անպատասխան: Նա այնքան անշարժ էր, որ Դոլորեսն անհանգստություն զգաց ու նորից հարցրեց. «Ձեզ օգնե՞մ»: Պատասխանը, որին վերջապես արժանացավ աղջիկը, կարող էր հիմար կատակ թվալ, եթե չուղեկցվեր «իրեղեն ցուցադրանքով». «Եթե հենց հիմա ուղղությունը չփոխեք դեպի Թուրքիա, ես կպայթեցնեմ ինքնաթիռը: Կորցնելու բան չունեմ»: Նա արձակեց վերարկուն, եւ Դոլորեսը դժվարությամբ զսպեց «Ա՜խ» կանացի բնական բացականչությունը: Երիտասարդի կրծքին ահավոր կախազարդի պես երեւում էր պայթուցիչ սարքը, իսկ ձախ ձեռքով նա ցուցադրաբար խաղում էր դրա հետ: Տեսարանը համարյա հիպնոսող էր, ինչի վրա էլ առեւանգիչը հավանաբար կառուցել էր իր հաշվարկը: Վերջապես, կամքը ժողովելով, Դոլորեսն իրեն ստիպեց ոտքի ելնել եւ ուղղվեց երկրորդ օդաչուի կողմը, որը հենց այդ ժամանակ դուրս եկավ անձնակազմի խցիկից: Ուղեւորներին չանհանգստացնելու համար, դեմքին մասնագիտական ժպիտով, աղջիկը շշուկով նրան ներկայացրեց իրավիճակը: Միքայել Եփրեմյանը գլխով արեց եւ հանգիստ շարժվեց դեպի երիտասարդի զբաղեցրած նստատեղը: Կռանալով ականջին, փորձեց համոզել երիտասարդին հրաժարվել իր հիմար մտադրությունից, վկայակոչելով, որ վառելիքը չի բավականացնի մինչեւ Թուրքիա եւ չվերթն էլ անձնակազմին անծանոթ է: Ի պատասխանՙ վերջինս մի թուղթ գցեց հատակին, գլխով նշան անելով, որ այն բարձրացնեն: Գրության տեքստը հետեւյալն էր. «Պահանջում եմ թռչել Թուրքիա: Որպեսզի համոզվեք իմ մտադրությունների լրջությանը, բավական է ծանոթանալ ռումբի կառուցվածքի ներկայացվող սխեմային: Բավական է մատով ձգեմ, եւ կհնչի պայթյունը»: Ուղերձը կտրական էր, եւ առեւանգիչի հենց տեսքն էլ կասկածանքի տեղ չէր թողնում նրա վճռականության վերաբերյալ: Սակայն երիտասարդի նյարդայնությունն սկսեց աճել այն պահից սկսած, երբ երկրորդ օդաչուն քայլերն ուղղեց դեպի հրամանատարը, նրան զեկուցելու արտակարգ իրավիճակի մասին: Նրա կարծիքով ավելի քան բավարար ժամանակ էր անցել պատասխան ստանալու համար: Կորցնելով ինքնավերահսկումը, նա զայրույթը թափեց ուղեկցորդուհու վրա. այնպիսի ուժով հարվածեց նրա որովայնին, որ աղջիկը ճչալով կծկվեց: Ուղեւորներից երկուսը բնազդաբար վեր ցատկեցին, ցանկանալով կարգի հրավիրել սանձարձակին, բայց Դոլորեսը, ցավից գալարվելով, նրանց խստորեն խնդրեց չմիջամտել: Հասկանալով, որ հիմա ամենագլխավորն է անձնակազմին ժամանակ տալ կապվելու երկրի հետ եւ որոշում ընդունելու, աղջիկը նորից նստեց երիտասարդի հետեւում եւ փորձելով դիմել նրա մարդկային զգացմունքներին, հետ կանգնեցնել հանցավոր մտադրությունից: Բայց ամեն ինչ ապարդյուն էր: Ահաբեկիչը, կում անելով տափաշշից, նրան էլ առաջարկեց: Ի պատասխան մերժման, հարվածեց նրա դեմքին: Դոլորեսն ստիպված էր ոչ միայն հանդուրժել դա, այլեւ նորից ու նորից հանգստացնել տղամարդկանց, որոնք նետվում էին նրան օգնության: Ապա, հաղթահարելով ցավը, նա դիմեց երիտասարդին. - Ինչո՞ւ եք այդպես վարվում: Ի դեպ, գուցե կասե՞ք ձեր անունը: - Որտե՞ղ են քո տականքները,-արհամարհելով հարցը պոռթկաց նա:-Ինչո՞ւ չեն գալիս: Ես հիմա ամեն ինչ կպայթեցնեմ: - Հանգստացեք, նրանք շուտով կգան: Չէ՞ որ պետք է ամեն ինչ հաշվարկել: Ի՞նչ է ձեր անունը,-նորից հարցրեց Դոլորեսը: - Քեզ ի՞նչ,- չարացած նետեց նա: - Գոնե երեխային խղճա,-հոգոց հանեց աղջիկը, գլխով ցույց տալով զգոն տատիկի թոռնիկին, որը ողջ կոկորդով գոռում էր: Բայց առեւանգչի գթասրտությունը շարժել չհաջողվեց: - Ես դրանց բոլորին կգնդակահարեի,-նա կում արեց շշից եւ նորից մեկնեց նրա կողմը,- խմի՛ր, թե չէ կձգեմ օղակը եւ ամեն ինչ հօդս կցնդի: Աղջիկը մի կում արեց, եւ տղան անսպասելիորեն հարցրեց. - Քո անունն ի՞նչ է: - Դոլորես: - Դե ուրեմն, լսիր, Դոլորե՛ս: Ես հիմա կսկսեմ հաշվել...Մինչեւ հարյուրը: Եթե չհայտնվեն քո տականքները, կհնչի պայթյունը: Նա սկսեց հաշվել: Որքան ավելի էր հաշվում, այնքան բարձր էր լալիս երեխան: Նրան խլացնելու համար երիտասարդը ձայնը բարձրացրեց. «Իննսուն...իննսունհինգ...իննսունութ...»: Երբ ընդամենը երկու նիշ էր մնացել մինչեւ վերջնական թիվը, բացվեց խցիկի դուռըՙ ճիշտ ինչպես ֆիլմում: Երկրորդ օդաչու Միքայել Եփրեմյանը մոտեցավ ահաբեկչին. - Հանուն ուղեւորների կյանքի փրկության մենք որոշեցինք փոխել ուղղությունը: Ղարս քաղաքը ձեռք տալի՞ս է ձեզ: - Ինձ ձեռք է տալիս ցանկացած բնակելի կետ Թուրքիայի տարածքում,-պատասխանեց բանդիտը եւ ավելացրեց,-Նկատի ունեցեք, թռիչքի ուղղությունը որոշելու համար ինձ բավական է դուրս նայել իլյումինատորից: Արեւը պետք է ձախ կողմում լինի: Դա նշանակում էՙ դեպի հյուսիս, ավելի ճիշտՙ հյուսիս-արեւմուտք: Գիտեմ եւ այն, որ Բերդն էլ է հյուսիս-արեւմուտքում: - Այդպես էլ կանենք,- հանգիստ համաձայնվեց Եփրեմյանը եւ վերադարձավ խցիկ: Դոլորեսը նորից դիմեց ուղեւորին. - Նստենք վերջին շարքում,-առաջարկեց նա: - Էդ ինչո՞ւ որ,-փնթփնթաց նա: - Այնտեղից ավելի հեշտ եւ արագ դուրս կգաս, որպեսզի հանձնվես թուրքական իշխանություններին: ...Ողեկցորդուհուն այնուամենայնիվ հաջողվեց համոզել առեւանգիչին: Բնականաբար, տեղյակ չլինելով թիմի իրական մտադրություններին, նա ընդամենը հոգեբանական ճնշում էր գործադրում: Աղջիկը հետապնդում էր երկու նպատակ. ահաբեկչին հնարավորինս հեռու նստեցնել մյուս ուղեւորներից եւ շեղել նրա ուշադրությունը, հանգիստ գործելու հնարավորություն տալով անձնակազմին: Նա փորձում էր մտովի վերծանել օդաչուների տրամաբանությունը. «Հավանաբար վայրէջքից անմիջապես առաջ նրանք կթափահարեն ինքնաթիռը, որպեսզի բանդիտը ոչինչ չտեսնի իլյումինատորից: Բետոնե թռիչքուղին էլ դժվար թե ուղիղ գծով անցնենք. տղաները մեքենան դիտավորյալ զիգզագներով կտանեն»: Զուգահեռաբար նա շարունակում էր երկխոսությունն առեւանգիչի հետ. - Իսկ դուք չե՞ք վախենում, որ թուրքերը ձեզ կհանձնեն խորհրդային իշխանություններին: - Չեմ վախենում,-չարախնդաց նա,-Թուրքիան միակ երկիրն է, որը չի ստորագրել համաձայնագիր առեւանգիչների վերաբերյալ: Եվ, ի դեպ, համենայն դեպս դու կմնաս ինձ հետ: - Ո՛չ,-դուրս թռավ նրա շուրթերից: - Իսկ եթե ես քեզ ստիպե՞մ: - Չես կարող: - Բավական է միայն, որ մատս շարժեմ... - Ես դա արդեն լսել եմ,-ընդհատեց Դոլորեսը:-Ինձ կարող ես սպանել, բայց Թուրքիայում թողնելՙ բացառված է: - Ինչ-որ շատ երկար ենք թռչում,-անսպասելիորեն թեման փոխելով անհանգստացավ բանդիտը: - Ամեն ինչ նորմալ է գնում: - Իմ հաշվարկներով մենք արդեն պետք է Ղարսում լինեինք,-ասաց նա, դեմքով հպվելով իլյումինատորին: Դոլորեսն իրեն չկորցրեց. - Բայց չէ՞ որ մենք շրջան գործեցինք, երբ փոխեցինք չվերթը: Ինչպես դու ասացիր, հյուսիսից շրջվեցինք դեպի հյուսիս-արեւմուտք: Այդ պահին ինքնաթիռն ուժգին ցնցվեց, եւ Դոլորեսը, ասես պատահաբար կառչեց բանդիտի ձախ քեռքից, նրա արմունկը սեղմելով թիկնակին: Իլյումինատորում հերթով երեւում էին մեկ ինքնաթիռի թեւը, մեկ ամպեր, որոնց միջով հազիվ տեսանելի էին սեւ կետերՙ հեռավոր ձյուների վրա: - Ինչո՞ւ է այսպես թափահարում,-կասկածամտորեն հարցրեց առեւանգիչը: - Այս վայրերում միշտ այսպես է,- վստահ տոնով պատասխանեց Դոլորեսը: - Որտեղի՞ց գիտես, թե այստեղ միշտ այդպես է: - Հանգստացիր, ես նկատի ունեմՙ լեռներում: Թափահարումն առաջանում է մակերեսների... Նա չհասցրեց խոսքն ավարտել: Ինքնաթիռը կտրուկ թեքվեց մի կողքի, եւ Դոլորեսն ընկավ հարեւանի վրա, ջանալով բաց չթողնել նրա ձեռքը: Հենց այդ ժամանակ պայթուցիկ համակարգն էլ թեքվեց կողքի, եւ նրա միջից դուրս հոսեց թթվուտը: Ի դեպ, ո՛չ ուղեկցորդուհին, ո՛չ էլ առեւանգիչը դեռ չգիտեին այդ մասին: Հաջորդ րոպեին, երբ ինքնաթիռի անիվները դիպան բետոնե ծածկույթին, նրանք այնպես ցնցվեցին, որ երկուսով հայտնվեցին հատակին: Դոլորեսը հասցրեց գոռալ ուղեւորներին. «Անմիջապես փախեք»: Տղամարդկանցից մեկը վազեց դռան մոտ եւ բացեց այն: Ինքնաթիռը դեռեւս շարժման մեջ էր, երբ սանդուղքն իջեցվեց: Ուղեւորները նետվեցին դեպի ելքը: Բանդիտը մի քանի անգամ ձգեց պայթուցիչ սարքին կապված օղակը եւ հասկացավ, որ համակարգը չի գործում: Համոզվելով, որ բոլոր ուղեւորներն իջել են ինքնաթիռից, Դոլորեսն առեւանգչին առաջարկեց. - Դուրս եկ եւ ինքդ հանձնվիր: Գուցե մեղքդ թեթեւացնես... - Շո՛ւն,-ատամների արանքից նետեց բանդիտը, փորձելով ելնել հատակից: Դոլորեսը նրանից առաջ անցավ եւ վազեց դեպի ելքը: Արդեն ինքնաթիռից դուրս ցատկելիս հիշեց, որ խցիկում գտնվում են օդաչուները եւ վերադարձավ: Հենց դռան մոտ նրան դիմավորեց կատաղած առեւանգիչը: Ձեռքին թթվածնի բալոնն էր, որ պոկել էր պատից: Հատակին, ոտքերի մոտ ընկած էր պայթուցիչը: Հանցագործը նշան էր բռնում, թե ինչպես ավելի ճշգրիտ հարվածի դրան ծանր բալոնով: Մի ինչ-որ պահ նա հայացքը տեղափոխեց աղջկա վրա: Տեսնելով այդ խելահեղ աչքերը նա առաջին անգամ իրոք վախեցավ: Դոլորեսը հասկանում էր, որ մտորելու համար ընդամենը մեկ վայրկյան ունի: Ճիշտ այնքան, որպեսզի ցատկի ինքնաթիռից, թռչելով սանդուղքի վրայով: Բայց հասկանում էր մեկ ուրիշ բան եւս. այդ վայրկյանը կարող էր բավականացնել խցիկում գտնվող օդաչուներին եւ ինքնաթիռը փրկելու համար... Եվ մի անհավատալի թռիչքով Դոլորեսը տապալեց ապշահար հակառակորդին: Երբ արդեն ընկած էր հատակին, թեւերը ոլորեցին օդաչուները, որոնց հենց այդ ճակատագրական վայրկյանն էր պետք դա անելու համար: Միայն հետո էին մասնագետները որոշելու, որ եթե ռումբը գործեր, ապա պայթյունն ամեն ինչ շուրջը ոչնչացնելու էր: Եվ միայն հետո էին զարմանալու, թե ինչպես նրբակազմ աղջկան հաջողվեց այդ ցատկը: Իսկ հաջորդ առավոտ Դոլորեսը հայելու մեջ տեսնելու էր իր առաջին ճերմակ մազերը, որոնք բոլորովին էլ չէին խաթարում նրա գեղեցկությունը: *** Այն օրերին բավական մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի, ինչպես ասում են, «պարգեւը գտնի հերոսներին»: Ես գործի դրեցի բառացիորեն իմ բոլոր կապերը, գրելով մոտ երկու հարյուր նամակ: Հասցեատերերի մեջ էին Հայաստանի Կոմկուսի կենտկոմի Առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Բաբկեն Սարգսյանը, «Լիտերատուրնայա գազետա» թերթի, «Սովետսկայա ժենշչինա» ամսագրի եւ այլ պարբերականների գլխավոր խմբագիրներ: Վերջապես, հերթական տոնի կապակցությամբ պարգեւների արժանացած տասնյակների թվում հայտնվեցին նաեւ Յակ-40-ի անձնակազմի անդամները: Հատկանշական է այն, որ մի տեսակ վերացականորեն հանձնվեցին նրանց պարգեւները «Ցուցաբերված պրոֆեսիոնալիզմի համար»: Ակնհայտորեն ուժի մեջ էր «ԽՍՀՄ-ում չեն լինում արտակարգ իրավիճակներ» դիրեկտիվը: Արդյունքում, նույնիսկ «վերակառուցման» տարիներին, միլիոնավոր քաղաքացիներ այդպես էլ չիմացան հերոսական անձնակազմի սխրանքի մասին: Եվ սակայն, Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Դեմիրճյանի ջանքերի շնորհիվ Կրեմլում հնարավոր համարեցին ինքնաթիռի հրամանատար Վարդան Սարգսյանին եւ օդաչու-հրահանգիչ Միհրան Խաչատրյանին ներկայացնելու պարգեւատրման «Պատվո նշան» շքանշանով, երկրորդ օդաչու Միքայել Եփրեմյանին եւ մեխանիկ Աշոտ Այվազյանինՙ «Աշխատանքային արիության» մեդալով: Ուղեկցորդուհի Դոլորես Ղազարյանը պարգեւատրվեց Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով: Եվ ոչ մի բառ չասվեց Դոլորես Ղազարյանի եւ ԽՍՀՄ 87-415 համարով այն լեգենդար Յակ-40-ի օդաչուների անօրինակ սխրանքի մասին: Հ.Գ. - Ես չէի կարող չհետաքրքրվել բուն հանցագործիՙ հայկական ինքնաթիռն առեւանգողի ճակատագրի մանրամասնություններով: Պյոտր Յակիմենկո: Տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Ինչպես հաճախ էր պատահում այն ժամանակներում, ախտորոշումը տրվել էր պետանվտանգության համակարգի թելադրանքով, Սերբսկու անվան դատական հոգեբանության համամիութենական գիտա-հետազոտական ինստիտուտում: Քրեական գործում ընդգծվում էր, որ Յակիմենկոն տառապում էր նաեւ թերարժեքության բարդույթով եւ ցայտուն ատելությամբ էր համակված շրջապատի նկատմամբ: Հատկանշական է, որ նա ուներ ոչ միայն բարձրագույն կրթություն, այլեւ աշխատում էր Տաջիկստանի Գիտությունների ակադեմիայում: Զարմանալի չէ, որ, մասնագետների կարծիքով, պայթուցիչ սարքը տաղանդավոր հայտնագործություն էր: Դժբախտությունն անխուսափելի էր, եթե չլինեին մեր Դոլորեսը, մեր հերոս օդաչուները, որոնց սխրանքը չի կարելի մոռանալ: Մնում է ասել միայն, որ դատարանը հոգեկան հիվանդ ճանաչեց Պյոտր Յակիմենկոյին: Նրան ուղարկեցին հարկադիր բուժման: Սակայն շուտով, ինչպես հայտնի դարձավ, նա մահացավ, եւ իհարկե, անհայտ պատճառներով: |