RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016



Տեղադրվել է` 2016-03-11 12:17:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2062, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿՏՐՈՒԿ ԿՐՃԱՏՎԵԼ Է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի արտաքին առեւտուրն այս տարվա հունվարին հետաքրքրական արդյունք է ցույց տվելՙ արտահանումն աճել է 5,6 տոկոսով, կազմելով 89 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել 22,2 տոկոսով եւ կազմել 153 մլն դոլար: Ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 242 մլն դոլար, նվազելով 13,8 տոկոսով, ինչը ներմուծման նվազման հետեւանք է: Փաստորեն, 2016-ի հունվարին արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռըՙ արտահանման եւ ներմուծման տարբերությունը փոքրացել է եւ այս տարվա առաջին ամսին կազմել 64 մլն դոլար: Մինչդեռ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը գրեթե կրկնակի ավելի էրՙ 121 մլն դոլար: Անցյալ տարվա հունվարին ներմուծումը գերազանցում էր արտահանմանը 2,5 անգամ, ապա այս տարիՙ մոտ 70 տոկոսով: 2015-ի տարեկան ցուցանիշներով ներմուծումը գերազանցում էր արտահանմանը մոտ 2 անգամ: Ինչպիսի՞ն կլինի այդ հարաբերակցությունը 2016-ին, դեռ վաղ է խոսել, բայց տարվա առաջին ամսվա ցուցանիշը դրական տեղաշարժ է:

Փոխվել է նաեւ արտահանման կառուցվածքըՙ ավելացել են պատրաստի արտադրանք թողարկող ճյուղերի ծավալները: Մասնավորապես, մեր արդյունաբերության երկրորդ խոշոր ճյուղիՙ պատրաստի սննդամթերքի արտահանումն ավելացել է 19,3 տոկոսով կամ 2,7 մլն դոլարով, մանածագործական իրերինըՙ 2,7 անգամ կամ մոտ 2,5 մլն դոլարով, իսկ գումարային առումով ամենամեծ աճն արձանագրվել է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների եւ դրանցից իրերի արտահանման ծավալների մեջՙ 4,7 մլն դոլարով կամ 50,1 տոկոսով: Կենդանի կենդանիների եւ կենդանական ծագման արտադրանքի արտահանումը նույնպես կտրուկ աճել էՙ 2,6 անգամ կամ գրեթե 3 մլն դոլարով:

Տոկոսային առումով զգալիորեն ավելացել են նաեւ սարքերի եւ ապարատների արտահանումըՙ 68,2 տոկոսով, կաշվի հումք, կաշի, մորթի եւ դրանցից պատրաստված իրերինըՙ 4,1 անգամ, բայց գումարային առումով այստեղ ծավալները մեծ չեն: Սակայն մեր արդյունաբերության ամենամեծ ծավալներ ունեցող ճյուղիՙ հանքարդյունաբերության արտահանումն այս տարվա հունվարին նվազել է 4,6 տոկոսով կամ մոտ 1,3 մլն դոլարով: Այդուհանդերձ, այն շարունակում է ամենամեծ բաժին ունենալ թե արդյունաբերական արտադրանքի, թե արտահանման ծավալներում:

Արտահանման աշխարհագրությունը նույնպես փոփոխություններ է կրել: Այս տարի կտրուկ ավելացել են մեր ավանդական շուկաՙ ԱՊՀ երկրներ եւ մասնավորապես դեպի Ռուսաստան արտահանման ծավալները: Հայաստանից դեպի Ռուասատան հունվարին արտահանումն ավելացել է 82 տոկոսով կամ 7 մլն դոլարով: ԵՄ երկրներից կտրուկ աճել է դեպի Բուլղարիա արտահանումըՙ 2,1 անգամ կամ դարձյալ 7 մլն դոլարով: Այլ երկրներից նկատելի ավելացել է դեպի մեր հարեւան Իրան արտահանումըՙ 2,9 անգամ կամ ավելի քան 3 մլն դոլարով, դեպի Իրաքՙ 55,6 տոկոսով կամ մոտ 4 մլն դոլարով, դեպի Կանադաՙ 48,5 տոկոսով կամ մոտ 2,5 մլն դոլարով: Կան երկրներ, որտեղ մեր արտահանման ծավալները անգամներով են ավելացել, բայց գումարային առումով դրանք փոքր են մնում:

Մի խոսքով, հուսանք, որ առաջին ամսին արձանագրված ցուցանիշը հետագա ամիսներին կայուն միտում կդառնա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ