ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԳՐԱՆ ՊՐԻՙ ԱԴԵԼԻՆԱ ԿՅՈՒԲԵՐՅԱՆ ՖՈՆ ՖՅՈՒՐՍԹԵՆԲԵՐԳԻՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 2016 թվականին արվեստի բնագավառում շվեյցարական բարձրագույն պարգեւինՙ Գրան պրի մրցանակին են արժանացել Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգը, Քրիստիան Ֆիլիպ Մյուլլերը եւ ճարտարապետ, գրքերի հեղինակ Մարտին Շթայնմաննը: Շվեյցարական պետական ռադիոհեռուստատեսությունըՙ SRF-ը հաղորդում է լուրըՙ մանրամասնելով, թե Դաշնության մշակույթի նախարարությունը 40 000 շվեյցարական ֆրանկ կազմող Grand Prix Kunst / Prix Meret Oppenheim մրցանակը հանձնում է 2001-ից, պատվելով այն արվեստագետներին, արվեստի գործեր համադրողներին, ճարտարապետներին, որոնց աշխատանքը առանձնահատուկ արդիականություն եւ կարեւորություն ունի: Լրատուն կիսատ է ներկայացնում Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգի անունըՙ չհիշատակելով հայկական բաղադրիչըՙ Կյուբերյան, բայց նշում է, որ Ստամբուլում ծնված, միջազգային անուն հանած արվեստի համադրողը 1974- ին Ժնեւում հիմնելով եւ տնօրինելով ժամանակակից արվեստի իր կենտրոնը, նպաստել է միջմշակութային շփմանը, հաղորդակցությանը: 1993- ին Վենետիկի բիենալեում ստացել է իր աշխատանքի առաջին պատվո գնահատականը, իսկ 2015- ին Վենետիկի 56-րդ բիենալեում ստացել Ոսկե առյուծՙ հայկական ազգային տաղավարը համադրելու համար: |