RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016



Տեղադրվել է` 2016-03-11 12:17:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2231, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Եվրոպայի խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը Վրաստանում իրավիճակի առնչությամբ հերթական իր զեկույցում անդրադարձել է հայերին առնչվող վիճակին: Որպես ընդհանրական զեկույցում նշվում է, որ չնայած Վրաստանում որոշակի առաջընթաց կա այս ոլորտում, այդուհանդերձ էթնիկ եւ կրոնական որոշ փոքրամասնությունների նկատմամբ ատելության խոսքն ու իրավունքների ոտնահարումը վերջին տարիներին ավելացել են այն դեպքում, երբ իշխանությունների արձագանքն էլ հեռու է բավարար լինելուց:

«Ատելությունն ու ֆիզիկական հարձակումները որոշ փոքրամասնությունների, հատկապես մուսուլմանների նկատմամբ ավելացել են, եւ ընդհանուր առմամբ էլ վրաց հասարակությունում հոմո- եւ տրանսֆոբիկ միջավայր կա», ասվում է Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ: Եվ որքան էլ ռասիզմի եւ անհանդուրժողականության որոշ դրսեւորումների դեպքում Վրաստանում նախատեսվում է օրինական պատիժ, նմանատիպ շատ խախտումների համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ:

Զեկույցում, որը ներառում է մինչեւ 2015թ. հունիս ընկած ժամանակահատվածը, անդրադարձ կա 2012թ. ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության առնչությամբ տեղի ունեցած քննարկմանը, որտեղ ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը արել էր ռասիստական հայտարարություններ հայերի նկատմամբ: Նմանապես մեջբերված են դեպքեր, երբ վրաց փորձագետները, որոշ պատգամավորներՙ մյուսների հայկական ծագման առնչությամբ արել են բացասական, ստորացնող հայտարարություններ:

Զեկույցի 31-րդ կետում նշվում են այն ռասիստական, ատելության հայտարարությունները, որ արվել են կառավարության կողմից կրոնական փոքրամասնություններին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու որոշումից հետո: Մասնավորապես, խոսքն այն համեմատությունների մասին է, թե «գուցե ֆինանսավորեն նաեւ սատանիստներին» կամ «ավետարանչական եկեղեցու հավաքները հակաքրիստոնեական անհավատների համախմբում է եւ պետք չէ դրանց մասնակցել»: Այսպիսի մեկնաբանություններ են արվել վրացական առաջատար լրատվամիջոցների կողմից:

«Վիճահարույց» ներկայացվող հայկական եկեղեցիների եւ դրանց վերադարձի հարցի առնչությամբ զեկույցում հետաքրքրական ձեւակերպումներ կան: Ի մասնավորի, փաստաթղթի կետ 94-ում նշվում է, որ անցյալում վրացական եկեղեցու մենաշնորհային դիրքով պայմանավորված, այժմ էլ միջեկեղեցական համագործակցությունը կաղում էՙ չնպաստելով կառուցողական բազմակարծիք կրոնական ավանդույթի ձեւավորմանը:

«Սա ակնհայտ է նաեւ եկեղեցական շինություններիՙ իրենց նախորդ տերերին վերադարձնելուն առնչվող խնդրի պարագայում, քանի որ դրանց մեծ մասն այսօր օգտագործում է վրաց եկեղեցին: Հայ առաքելական եկեղեցին պահանջում է վերադարձնել 6 եկեղեցիներ: Եվ քանի որ Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում ունի հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ, դա բավարար չէ նշված եկեղեցիների նկատմամբ սեփականության իրավական ժառանգորդ լինելու համար»: Զեկույցի համաձայն, նման իրավիճակում է նաեւ Կաթոլիկ եկեղեցին, որին պատկանած եկեղեցիների դեպքում էլ Վրաց եկեղեցու մուտքի հետ հեռացվում, ջնջվում են կաթոլիկ լինելու վկայությունները:

Այս եւ այլ դիտարկումների հիման վրա Եվրոպայի խորհրդիՙ ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը առաջարկություններ է արել վրաց պետությանը, սակայն որքանով դրանք ընդունելի, առավել եւս իրագործելի կդառնանՙ հստակ չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ