RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016



ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2016-03-11 12:17:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2163, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱՌԱՈՒՍԱԿԱՆ 3 ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՒՄ

Թղթակից

Անգլերեն «satellite» բառի առաջին նշանակությունը «արբանյակն» է, որեւէ մոլորակի, բայց երկրներ, ընկերություններ կամ կազմակերպություններ բնութագրելու համար օգտագործվելիս այն ձեռք է բերում նվաստացուցիչ «կամակատար» իմաստը:

Վերջերս ամերիկյան տպագիր մամուլում առնվազն երկու հեղինակներ նույն օրն այդ բառն օգտագործել են հակառուսական եւ նաեւ հակահայկական իրենց հրահրիչ հոդվածներում, գրելով, որ «Հաաստանը դարձել է Պուտինի նորագույն արբանյակ (իմաՙ կամակատար) պետությունը (Putin"s Newest Satellite State), իսկ Օբաման այդ մասին լռում է»:

Այսպես. «Forbes» պարբերականի փետրվարի 24-ի համարում Մ. Նահանգների պետքարտուղարության նախկին փոխխոսնակ, Բահրեյնում 2007-11 թվերին Մ. Նահանգների դեսպան Ադամ Էրելին գրել է . «Ծննդյան տոներից երկու օր առաջ, երբ ամերիկացի քաղաքագետները պատրաստվում էին տոնախմբությանը, Ռուսաստանը սուսուփուս լայն ընդգրկում ունեցող օդային պաշտպանության մի համաձայնագիր ստորագրեց Հայաստանի հետ: ...Դա ամենաշոշափելի ապացույցն էր այն բանի, որ Պուտինը մի նոր արբանյակային պետություն է ստեղծում ՆԱՏՕ-ի սահմաններում եւ վտանգում Մ. Նահանգների կարեւորագույն դաշնակցին: ...Հակառակ տարածաշրջանում գերիշխանություն ձեռք բերելու փորձ լինելունՙ Պուտինի այս ռազմական «պատնեշի» կառուցումը լռելյայն անցավ Վաշինգտոնում: ...Վերջին վեց ամիսների ընթացքում ռուսական զինամթերքի եւ զինծառայողների ներթափանցումը Հայաստան ավելացել է: ...Դա սպառնալիք է ուղղված ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Մ. Նահանգների շահերի դեմ: ...ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրի սահմաններում ռուսական զորքերի նման տեղակայումը զայրույթ կառաջացներ Ամերիկայում: Ինչո՞ւ ենք մենք լռում Թուրքիայի դեմ ուղղված այս ագրեսիայի պարագայում: Ինչո՞ւ չենք խոսում Հայաստանի դեմ, որ կարմիր գորգ է փռում Պուտինի զորքերի առաջ: ...Թուրքիան, վերջապես, ԻՊ-ի դեմ համընդհանուր պայքարում վճռական դերակատարություն ունեցող դաշնակից է: ...Մենք այս սպառնալիքն անտեսում ենք ի վնաս մեզ: Միջազգային դիվանագիտության մեջ երկրների աշխարհագրական դիրքը մեծ կարեւորություն ունի: Հայաստանը սահմանակից է մեր երեք դաշնակիցներիՙ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: ...Մի սխալվեք: Ռուսական զինվորական ներկայությունը Հայաստանում դաշույն էՙ ուղղված ՆԱՏՕ-ի սրտին: Ամերիկայի առաջնորդները պետք է ուժի դիրքերից բանակցեն, քանի որ 20-րդ դարի պատմությունը ցույց է տալիս, որ նման քայլերը լավ բանի չեն հանգեցնում»:

Մյուս կողմից «Վաշինգտոն Թայմս» թերթի իր մշտական «Վարագույրի հետեւից» սյունակում նույն օրը «Պուտինը շրջափակում է Թուրքիային հսկայական զինվորական պատնեշով» խորագրի (Putin Encircles Turkey in Massive troop buildup) ներքո մեջբերում կատարելով «Forbes»-ից լրագրող Թոդ Վուդը գրել է. «Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերը հստակեցվում են: Թուրքիայից վրեժ լուծելու եւ ՆԱՏՕ-ի դաշնությունը մասնատելու մտադրությամբ Ռուսաստանը շտապում է ճնշում բանեցնել ՆԱՏՕ-ի հարավային թեւի վրա: Թուրքիայի հյուսիսարեւելյան սահմանում գտնվող Ռուսաստանի նոր արբանյակային (satellite) պետություն Հայաստանը Ռուսաստանի հետ վերջերս կնքած օդային պաշտպանության համաձայնագրով այժմ իր տարածքում հյուրընկալում է ռուսական հսկայական զորամիավորումներ: Դրանով Ռուսաստանը Սիրիայում իր օդային ներկայությամբ, ինչպես նաեւ Իրանին արդիական զենք վաճառելու եւ Թուրքիայի հարավային սահմանում քրդական խմբավորումներին զորակցելու դասական միջոցներով շրջափակում է Թուրքիային: Ռուսաստանը Թուրքիային թշնամի պետություն է համարում եւ չի ընկրկելու: ...Սա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն եւ հատկապես Մ. Նահանգները կարող է անտեսել Ռուսաստանի ագրեսիվ ընդարձակումը եւ սպառնացող պահվածքը: Պատմաբանների գործն է պարզել, թե Օբաման պարզապես անձեռնհա՞ս է, թե՞ ինչ-որ սատանայական ծրագրեր ունի թաքցրած: Ինչ էլ լինի, Ամերիկայի հաջորդ նախագահը տանջալից աշխատանք է ունենալու դիմագրավելու կայսրություն (կառուցելու) Պուտինի ակներեւ երազանքները»:

Սույն քաղվածքները ներկայացնելուց հետո, այժմ տեսնենք, թե ովքեր են դրանց հեղինակները:

Ըստ անգլիական «Գարդիան» թերթի եւ ամերիկյան «Նյու Յորք Թայմսի» 2011 թվի փետրվարյան համարների տեղեկությունների, հոդվածագիրներից առաջինըՙ Ջոզեֆ Ադամ Էրելին, ով, ինչպես նշվեց, Բահրեյնում Մ. Նահանգների նախկին դեսպանն էր, հրեա է: «2011 թվի հունվարին նա Վաշինգտոն փախավ իմանալով, որ Թունիսում եւ Եգիպտոսում ծայր առած ժողովրդավարական ընդվզումները կներթափանցեն նաեւ Բահրեյն, իսկ դա ձեռնտու չէր Իսրայելին», գրում է «Նյու Յորք Թայմսում» Մայքլ Սլեքմանը եւ շարունակում. «Զարմանալի չէր հայտնաբերել, որ նրա հայրըՙ Էլիզեր Կապլանը (հետագայում փոխված երելիի) «Հագանա» կոչված սիոնիստական ահաբեկչական կազմակերպության անդամ էր եղել: Ջոզեֆ Ադամին, ով վերահսկում էր նաեւ Մ. Նահանգների քաղաքականությունը Իրաքում, 1950-ականներին իսրայելական զինվորական հետախուզությունը Վաշինգտոն էր ուղարկել Մ. Նահանգների կառավարության գործունեությունը վերահսկելու առաջադրանքով: ...Ջերալդ Ֆեյըրշտայն անունով մեկ ուրիշ հրեա էլ ծառայում էր Եմենում, որպես դարձյալ Մ. Նահանգների դեսպան: Նա նաեւ աշխատել էր Նեպալում, Պակիստանում, Եգիպտոսում, Աֆղանստանում եւ Բանգլադեշում»:

Մայքլ Սլեքմանը, ում 2008-ին գրած վերոնշյալ բացահայտումները առգրավվել են Մ. Նահանգների զինվորական հետախուզության կողմից, իր հոդվածում հարց է տալիս, թե ամերիկացիները ինչո՞ւ են հանդուրժում վերոնշյալների նման երկքաղաքացիությունից օգտվող իսրայելցիների մուտքը իրենց երկրի քաղաքականության մեջ: Ինչո՞ւ նրանց այդ քայլը ազգային անվտանգության սպառնալիք չի դիտվում: «Մենք չպետք է թույլ տանք, որ օտար գործակալներ բարձր պաշտոններում խորտակեն մեր երկիրը», եզրակացնում է նա:

Երկրորդ հոդվածագիրը գրող, հրապարակախոս, բորսայի նախկին աշխատակից եւ օդաչու Լ. Թոդ Վուդն է:

Ծնվել է Ջիորջիա նահագնում (ԱՄՆ): Պատմվածքներ հորինել սիրել է մանկուց: Հաճախել է օդուժի ակադեմիան Կոլորադո Սպրինգզում: 90-ականներին ավարտել է ավիաինժեներական ֆակուլտետը: Կամավոր մասնակցել է հակաահաբեկչական հատուկ գործողությունների: Նրա հետաքրքրությունների թվում են ավիացիան եւ ֆինանսները: Նա աշխարհի 40 տարբեր երկրներում ֆինանսական գործունեություն է ծավալել: Հեղինակ է «Հայրենիք», «Դելտա», «Դրամաշրջանառություն» եւ այլ գրքերի: «Վաշինգտոն Թայմսում» նրա «Վարագույրի հետեւից» սյունակը հիմնականում առնչվում է ռուսական խնդիրների հետ: Տարվա ընթացքում հաճախ է այցելում Մոսկվա:

Ծանոթանալով զույգ հոդվածներին, պարզում ենք, որ հակառակ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ թվացյալ տարաձայնություններին, այդուամենայնիվ, Իսրայելը փորձում է պաշտպանել Թուրքիայի շահերը որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, եւ երկրորդ, ինչպես Երվանդ Ազատյանն էր գրել իր «ԵԽԽՎ-ի հետ համաքայլ» հոդվածում (տե՛ս «Ազգ»-ի 22 հունվարի համարը) նման դրսեւորումները «ամենայն հանդուրժողականությամբ ընդունվում են աշխարհի դիվանագիտական շրջանակներում, պարզապես որովհետեւ Հայաստանը շարունակում է մնալ ռուսական գոտու ծիրում» եւ նրանք «իրենց հոգու խորքում համոզված են, որ Հայաստանի դեմ գործելով անուղղակիորեն պատժում են նաեւ Ռուսաստանին»:

Ինչ վերաբերում է Թուրքիա-Մ. Նահանգներ հարաբերություններին, ապա Նյու Յորքում տեղակայված «Առաջընթացի թուրքական ինստիտուտը» (Turkish Institute for Progress» ռազմավարական եւ հասարակական գործերի «Մերկուրի» (Mercury) ամերիկյան ձեռնարկությանն է վարձել այդ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ աշխատանքներ տանելու համար: Կազմվել է հատուկ խումբ «Մերկուրիում» մասնակցությամբՙ Մարկ Բրեյդնի, Մայք ՄկՇերիի եւ Ջենիֆեր Քոֆմանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ