ՇԱՏԻՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԵՆ ՏՈՆՈՒՄ Բնակարանաշինության ծրագրով 2015թ.-ին Վայոց Ձորի Շատին գյուղում երկու ընտանիք վերանորոգել է տանիքը եւ մեկ ընտանիք ավարտել է կիսակառույց տան շինարարությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը այցելել են Շատին համայնքՙ շինարարությունն ավարտած ընտանիքների հետ բնակարանամուտ նշելու համար: Գյուլնազարյանների յոթ հոգուց բաղկացած ընտանիքը տարիներ ի վեր ապրել է քարաթափման գոտում գտնվող տանը, առանց տարրական հարմարությունների, ամեն օր աչքի առաջ ունենալով փլուզման վտանգը: 2008թ.-ից ի վեր ընտանիքը սկսել էր նոր տան շինարարությունըՙ գյուղամիջի ապահով տարածքում, սակայն այդպես էլ չէր կարողացել ավարտին հասցնել այն: «Տարիների երազանքն է, որ այսօր ի կատար է ածվել: Վերջապես ընտանիքս ապահով ու հարմարավետ տուն ունի, կարող ենք հանգիստ քնելՙ առանց վախենալու, որ մեր տանիքը մեր գլխին փուլ կգա: Անչափ շնորհակալ եմ»,-ասել է ընտանիքի պապըՙ Սերյոժան : «Այս մարդկանց երջանկությունը, վերագտած հույսով եւ վստահությամբ լի աչքերը եւ ժպիտները ոգեւորում են մեզ, ուժ ու եռանդ են տալիսՙ շարունակելու մեր աշխատանքը: Դրանք վկայում են այն մասին, որ ճիշտ ուղու վրա ենք, եւ մենք պատրաստակամ ենք շարունակելու այդ ուղինՙ արժանավայել կյանքով ապրելու հնարավորություն ընձեռելով ավելի շատ ընտանիքների»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում 2015թ.-ին 40 ընտանիք, կարծես, զարթոնք ապրեց: Յուրաքանչյուր կառուցված կամ նորոգված տան հետ ընտանիքը վերագտնում է ոչ միայն կորած հույսերը, այլեւ ձերբազատվում է թերարժեքության բարդույթից: Տունը ընտանիքի համար դառնում է այն վայրը, որտեղից նոր հորիզոններ են բացվում»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը : 2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարելՙ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվումՙ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները: |