ՇՎԵԴԻԱՆ ԵՎ ՇՎԵԴԱՀԱՅԵՐԸՙ ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ (Սկիզբըՙ նախորդ համարում) Բարեկամներ եւ համակիրներ Շվեդիան ինձ համար նաեւ վաղեմի ու հարազատ ընկերներն են, որոնց գրեթե բոլորին հասցրի տեսնել այցելությանս այդ կարճ ժամանակահատվածում... Նորից Ուփսալայում եմ, անուշիկ համալսարանական քաղաքում, որի համալսարանում տարիներ առաջ գործուղված էի, սովորեցի շվեդերեն, սկսեցի ուսումնասիրել հայ-սկանդինավյան պատմամշակութային կապերը... Հյուրընկալվում եմ վաղեմի ընկերուհուսՙ մեր համալսարանի բանասիրական ֆակուլտետում սովորած Լուսիա Ադամյանի մոտ, որը հիմա աշխատում է միանգամից երեք գրադարաններում եւ կապեր է հաստատում շվեդական եւ հայաստանյան գրադարանների միջեւ: Լուսիայի հետ այցելում ենք Ուփսալայի հնագույն հայ բնակչիՙ խորհրդային պետական գործիչ, 1930-ականներին ԽՍՀՄ-ից փախած Սուրեն Երզնկյան-Լորելլիի եւ նրա կնոջ շիրմին: Ինչ լավ էր, որ առաջին այցիս ժամանակ տակավին ողջ էր շվեդուհի Յոթա Ֆյել-Երզնկյանը, որին բազմիցս հանդիպեցի, ու տակավին շատ բան մութ մնաց Լորելլիիՙ այդ հակասական կերպարի մասին... Մեկ այլ բարեկամուհիՙ Ուփսալայի համալսարանի ռուսերենի դասախոս Կարինե Օքերման-Սարգսյանը, անցած տարիներին որոշակի ճանաչում է ձեռք բերել Շվեդիայի սլավոնագետների շրջանում, զեկուցումներով հանդես է գալիս ամբողջ աշխարհում: Նրա գիտական ուսումնասիրությունների գլխավոր թեման քրիստոնյա վկա Ոնոփրիոսի վարքի ռուսերեն տեքստն է. իսկ վերջերս Կարինեն հետաքրքրվում է նաեւ այդ վարքի հայերեն թարգմանություններով... Ուփսալան ինձ համար նաեւ վաղեմի բարեկամներս ենՙ ծնունդով իրանահայեր Կարո Հակոբյանը եւ Գասպար Սինաբյանըՙ իրենց սիրալիր տիկնանցով հանդերձ: Քսան տարի առաջ Կարոն խմբագրում էր Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի «Նոր հորիզոն» պարբերականը, իսկ Գասպարն աներոջՙ լուսահոգի Պետրոս Աբաջյանի հետ հրատարակում էր «Հյուսիսափայլ» տարեգիրքը: Այս երկու հրատարակություններն էլ, ցավոք, դադարեցված են: Գասպարն ամբողջովին նվիրված է իր մասնագիտությանը. բռնցքամարտի մարզիչ է, իսկ դուստրըՙ բռնցքամարտիկուհի Արմինեն պրոֆեսիոնալ սպորտում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Իսկ մաթեմատիկայի ուսուցիչ Կարո Հակոբյանը շարունակում է գրական գործունեությունըՙ գրելով բանաստեղծություններ, կատարելով թարգմանություններ հայերենից շվեդերեն եւ հակառակը, միաժամանակ ակտիվորեն մասնակցելով Շվեդիայի եւ առհասարակ Եվրոպայի հայերի հանրային կյանքին... Ստոկհոլմում հյուրընկալվում եմ մեկ այլ հարազատ ընկերոջՙ նկարչուհի Թելմա Էմենի մոտ: Պոլսահայ արիստոկրատ տիկնոջ նիստուկացով Թելմայի փոքրիկ բնակարանն արդեն իսկ արվեստի գործ է: Իմ բոլոր ծանոթներից Թելման է ամենահին շվեդաբնակը: 1973 թվականից ի վեր նա Բոսֆորի կապույտը փոխարինել է սկանդինավյան գորշ երկնքով, եւ բազմաթիվ հետաքրքրական բաներ է պատմում Շվեդիայի կյանքի ու կենցաղի մասին: Երբ մի անգամ երկար զրուցեցինք ֆրանսիական եւ ամերիկյան դասական կինոյից, վերջում նկատեց. «Շվետացիի մը հետ անհնար պիտի ըլլար ասանկ զրոյցը. հոս առաջ շատ գոց էր, բանէ մը լուր չունէին...»: Հայաստան այցելությունը տակավին երազանք է մնում ինչպես Թելմայի, այնպես էլ նրա դստերՙ շվեդական հեռատեսիլում որպես դիմահարդար աշխատող Մեդի Էմենի համար, մինչդեռ վաղուց արդեն հասունացել է շվեդահայ այս շնորհաշատ նկարչուհուն Հայաստանում ներկայացնելու գործը, արվեստագետի, որը միակ ոչ շվեդն է Շվեդիայի նկարիչների միության անդամների մեջ: Բեյրութցի հայ մոր եւ շվեդ հոր զավակ Արմենուհի Մուբերգը իմ հանդիպած այն հազվադեպ անձնավորություններից է, որ, չնայած կես հայ լինելուն, ունի լիարժեք հայկական ինքնություն, որը ոչ միայն ջրի պես, առանց առոգանության խոսում է արեւմտահայերեն, այլեւ որդիական ջերմ սիրով փարված է Հայաստան աշխարհին, երբեք չի դնում «մենք»-ի ու «դուք»-ի, «արեւմտա»-ի ու «արեւելա»-ի հարցեր: Անգամ իր մանկահասակ դստեր հետ նա խոսում է միայն հայերեն (ականջը կանչի այն հայաստանցիների, որոնք զավակների հետ խոսում են իրենց կիսատ-պռատ շվեդերենով): Եվս մեկ հարազատ անուն. Լաուրա Դաուն-Մինասյան: Շվեդ նշանավոր ազգաբան Օքե Դաունի տիկինը երեսունհինգ տարի է, ինչ բնակվում է Ստոկհոլմում: Պետերբուրգում արեւելագիտական կրթություն ստացած Լաուրան Շվեդիայում դարձավ ռուսերենի եւ հայերենի թարգմանչուհի (իսկ ժամանակին հրատարակել է կամբոջական հեքիաթների շվեդերեն ժողովածուՙ թարգմանված բնագրիցՙ քմեր լեզվից): Ամեն տարի առնվազն մեկ ամիս Երեւանում անցկացնող ջերմ, հետաքրքրական Լաուրան տարիներ շարունակ փորձել է նաեւ հայկական հետաքրքրություններ արթնացնել շվեդական շրջանակներում եւ հայության հանդեպ իր սերը ներշնչել է իր այնքան համակրելի, հայաստանասեր որդիներինՙ Դավիթին եւ Արամին... Հետաքրքրական է, որ քսան տարի առաջ տասը ամիս ապրելով Շվեդիայումՙ չունեցանք զտարյուն շվեդ ընկերներ, բայց փոխարենը ունեցանք... լեհ ընկերներ: Արեւելագետներ Վիտակովսկի ամուսինները տարիներ շարունակ աշխատել են Ուփսալայի համալսարանում: Ամուսինըՙ Վիտոլդը, ասորական եւ եթովպական հին գրականության մասնագետ է, կինըՙ Էվան, եթովպական եւ առհասարակ արեւելա-քրիստոնեական մանրանկարչության մասնագետ եւ ձեռագրագետ: Երկուսն էլ, բնականաբար, հետաքրքրված են նաեւ հայ հին գրական-գեղարվեստական ժառանգությամբ. Վիտոլդը ելույթ է ունեցել Միչիգանի համալսարանի հայագիտական մի գիտաժողովում, իսկ Էվան տողերիս հեղինակի համագործակցությամբ ուսումնասիրել է Ուփսալայի համալսարանի գրադարանում պահվող Պոլսում գրված 17-րդ դարի հայերեն հմայիլը: Մաղթում եմ, որ ի վերջո կատարվի երկուսի մտադրությունըՙ գալ Հայաստան եւ ուսումնասիրել Մատենադարանի եթովպական (եւ ոչ միայն) ձեռագրերը... Եվ էլի մեկ լեհ արեւելագետ բարեկամՙ թուրքաբան, շվեդներին թուրքերեն ուսուցանած Էլժբետա Շվիենչիցկան, որի հետազոտության առարկաներն են դարձել նաեւ շվեդ-օսմանյան պատմական հարաբերությունների հայազգի դերակատարները: Սակայն վերջին քսան տարիների նրա գիտական մտասեւեռումը 17-րդ դարի հայ տպագրիչ Հովհաննես Անկյուրացին է, որը, Ջովաննի Մոլինո անունով իր հրատարակած իտալերեն-թուրքերեն բառարանում, առաջինն է լատինատառ տառադարձել թուրքերենը: Էլժբետան, որը մի քանի տարի առաջ Վենետիկի հայոց լեզվի եւ մշակույթի ամառային խտացյալ դասընթացների մասնակիցների համար հանդես եկավ Մոլինոյի մասին դասախոսությամբ, այս տարի ընթերցողի սեղանին կդնի Հովհաննես Անկյուրացու բառարանի վերահրատարակությունըՙ իր ընդարձակ ուսումնասիրությամբ հանդերձ: Թռուցիկ էր հանդիպումը այլ հին ծանոթներիՙ դաշնակահարուհի Կարինե Գեւորգյան-Հելմանի եւ նրա պատմաբան ամուսնուՙ Թոնի Հելմանի, կրոնագետ, հայագիտական որոշ հետաքրքրություններ ունեցող Անդերս Հյուլթգորդի, Թագավորական օպերայի վաղեմի աշխատող Ժիրայր Արոյանի հետ, նաեւ ծանոթությունը Հայաստանի մասին գրքերի հեղինակ Յորան Գունների, Թագավորական զինապալատի աշխատակից Անն Գրյոնհամմարի հետ, որոնք եկել էին իմ բանախոսությանը... Անն Գրյոնհամմարը, որն ուսումնասիրում է 17-րդ դարի վերջին Իրան այցելած եւ հայ առեւտրականների հետ համագործակցած շվեդական դիվանագետ Լյուդվիգ Ֆաբրիցիուսի կյանքն ու գործը, պատրաստակամորեն զինվորագրվել է հայ-շվեդական կապերի անցյալն ուսումնասիրելու եւ նորովի ներկայացնելու գործին: Շատ հաճելի էր նաեւ Թագավորական զինապալատում կազմակերպված հայկական հեքիաթների ընթերցանության երեկոյին ծանոթանալ շվեդ դերասան եւ պատմող Յուհան Թեոդորսոնի հետ, որը շվեդերենով պատմեց հայկական հեքիաթներՙ «Կացին ախպերը», Պըլը Պուղու պատմություններից եւ այլնՙ իր կողմից դրանք օժտելով հայոց աշխարհագրության ծանոթ տեղանուններովՙ Արարատ, Արագած, մինչեւ անգամՙ Երեւան... Եվ վերադառնում եմ հեռավոր-հարազատ Շվեդիայիցՙ ուրախ, որ դարձյալ մեր պատմության ու մշակույթի շնորհիվ համատարած այս անճանաչության (եթե ոչՙ անբարեհաճության) աշխարհում ձեռք բերեցինք եւս մի քանի համակիրներ... Նկար 1. Շվեդիայի Թագավորական զինապալատում? դաշնակահարուհի Կարինե Գեւորգյան Հելման, թանգարանի աշխատակից Անն Գրյոնհամեր, բանասեր Էլժբետա Շվիենչիցկա, Արծվի Բախչինյան: |