RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016



Տեղադրվել է` 2016-03-11 12:17:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2960, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ԵՎ ՄՈԼԵՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ինձ միշտ հետաքրքրել է (այն օրից, երբ իմացա, թե մոլն ինչ է), թե մարդիկ մոլ բացելուց հետո՞ են գնում եկեղեցիՙ մեղքերին թողություն տալու, թե՞ մոլ բացելուց առաջ: Որ մոլ բացողները եկեղեցի գնում են, կամ պետք է գնան, դա հաստատ գիտեմ. բանն այն է, որ նրանք, ովքեր մոլ են բացում, հարուստ են եւ քանի որ հենց մոլ են բացում, ոչ թե ինչ-որ սուպերմարկետ, ապաՙ շատ հարուստ են, իսկ այդպիսիների մուտքը Երկնքի արքայությունը ավելի բարդ է, քան ուղտի համարՙ ասեղի անցքով անցնելը, այնպես որ պետք է եկեղեցի գնալ եւ դա պետք է սովորություն դարձնել:

Թերեւս հենց այս պատճառով էլ մեզանում ամեն բացված մոլի հետ մի նոր եկեղեցի են կառուցում, որ երկուսն էլ շատ լինեն: Չի բառացվում, որ հենց մոլ կառուցողներն են եկեղեցի կառուցում, հենց այդպեսՙ սեփական մոլ, սեփական եկեղեցի, մի տեղ ամեն ինչ են վաճառում, մյուսումՙ միայն մոմ, մի տեղ խաբում են (յուրաքանչյուր առեւտրական խաբում է) մյուս տեղումՙ ներողություն խնդրում խաբելու համար: Ու ստեղծվում է եկեղեցաՄոլ մի իրականություն, հասարակություն, որին ոչինչ պետք չէ, բացի մոլից եւ եկեղեցուց, համենայն դեպսՙ տպավորությունն այդպիսին է: Հակառակ պարագայում այսքան մոլ եւ այսքան եկեղեցի չէին կառուցի, այսքան վաճառականներ եւ այսքան եկեղեցի գնացողներ չէին լինի, վաճառականներ եւ եկեղեցի գնացողներ չէինք դառնաՙ բոլորով, միահամուռ, ազգովին: Երկուսն էլ, նկատի ունեմ վաճառականն ու եկեղեցի գնացողը, լավ բան են, անշուշտ, բայց միայն երկուսը վատ են, սարսափելի վատ, կործանարար վատ:

Վերջերս տեղեկացա, որ կառավարությունը նոր ծրագիր է մշակում, որով ցանկանում է ամուսնացած քաղաքացիներին բնակարանով ապահովել, ովքեր դրա կարիքն ունեն, այսինքն նրանց, որոնք կառավարության կարծիքով բնակարանի կարիք ունեն: Բնակարանն, անշուշտ, եկեղեցի չէ եւ մոլ չէ, բնակարանից փող չի գալիս, դրա համար էլ կառավարությունը պետք է որոշի, թե ովքեր կարիք ունեն բնակարանի, եթե բնակարանից փող գար, կառավարությունը չէր որոշի, թե ովքեր կարիք ունեն բնակարանի, քանի որ բոլորն էլ, իհարկե, կարիք ունեն բնակարանի: Հիմա բոլորը մոլի կարիք ունեն, ամեն թաղամաս իր մոլը, ամեն թաղամասՙ իր եկեղեցին, հիմա եկեղեցի գնալու համար սարեր չեն բարձրանում, հիմա ապրանք երկար չեն փնտրում, հիմա միեւնույն վայրից կա՛մ կանաչի են առնում, կամ նշանդրեքի ոսկեղեն, կամ էլ դեպի Դուբայ ռոմանտիկ, դեպի Դուբայ ռոմանտի՞կ, ուղեւորատոմսեր: Հիմա մոլ-լի հասարակություն է, հիմա բակի փոքրիկ խանութը հնություն է, հինավուրցություն է, ինչպես սարի գագաթի եկեղեցին, ինչպես խարխլված, ճաքած պատերով վանքը, ինչպես հին Երեւանը, որտեղ մոլ չկար, եւ դրա համար էլՙ այլեւս հին Երեւան չկա. մոլն ավելի անհրաժեշտ է, եւ մոլը, երբ բառի վերջում է, կախվածություն է, հիվանդություն է: Երբ բառի սկզբում էՙ մոլագարություն է: Մոլը վատ բառ է, միայն մոլը վատ բան է, միայն մոլն ու եկեղեցինՙ սարսափելի բան է: Վտանգը, որ շուտով ամեն մոլ իր ներսում եկեղեցի էլ կունենա, առնվազնՙ մոմավառության տեղը, կործանարար է:

Ու ես չգիտեմՙ քանդելո՞ւ են արդյոք վաղվա երեւանցիները այսօրվա Երեւանը, որը վաղը հին Երեւան է կոչվելու: Երեւի քանդելու են, համենայն դեպսՙ հինը քանդում են, եթե հինը եկեղեցի է, ապաՙ չեն քանդում, թողնում են ինքն իրեն քանդվի: Ես չգիտեմՙ լինելո՞ւ են արդյոք երիտասարդ ակտիվիստներ, ովքեր վաղը թույլ չեն տալու, որ հին Երեւանը (այսօրվա Երեւանը) քանդվի, քանի որ իրենք հենց այդ մոլից են գնել իրենց հարսանիքի խորովածի միսն ու հարսի շորը եւ իրենք հենց այդ մոլում գտնվող եկեղեցում են պսակադրվել: Ես այս ամենը չգիտեմ, որովհետեւ չգիտեմ, թե ի՞նչ սերունդ է մեծանում, երբ համատարած մոլեր են ու եկեղեցիներ, երբ ժամանակներըՙ եկեղեցաՄոլային են, երբ կառավարությունն է որոշում, որ բոլորին ե՛ւ մոլ է պետք, ե՛ւ եկեղեցի, եւ կառավարությունն է որոշում, թե ո՞ւմ է բնակարան հասնում, ո՞ւմՙ ոչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ