RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 06-05-2016



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2016-05-07 00:22:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 5581, Տպվել է` 625, Ուղարկվել է էլ.փոստով` 609

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՓՈՐՁԸ ԽԱՓԱՆՎԵՑ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ԱՄՆ կատարած իր վերջին այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղեկցող անվտանգության ծառայության աշխատակիցները մայրաքաղաք Վաշինգտոնում հարձակվեցին «Ամնեստի Ինտերնեյշընլ» կազմակերպության ցուցարարների վրա եւ քաշքշուքի մեջ պատռեցին նրանց պարզած պաստառները: Դա կատարվեց մարդու իրավունքների եւ ազատ խոսքի արտահայտման օրրան հռչակված երկրում, ուր ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ օտար երկրի թիկնապահների դրսեւորած բռնությունը չունեցավ անհրաժեշտ հակազդեցություն եւ դրան չտրվեց պատշաճ գնահատական:

Նախագահ Օբաման այս առիթով Սպիտակ տանն իրեն ուղղված հարցադրմանը տվեց հպանցիկ պատասխան. «Այդ երկրում (Թուրքիա) մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան»: Ավելի վաղ այս կարգի ավելի տպավորիչ վարժանքներ տեղի ունեցան Էկվադորում, երբ Էրդողանի պահակախումբը, նրա դեմ բողոքի ցույցի ժամանակ, մարմնական վնասվածքներ հասցրեց այդ երկրի խորհրդարանի քրդամետ անդամին, կոտրեց մեկ այլ ցուցարարի քիթը, բռնություն կիրառեց քուրդ ցուցարար կանանց նկատմամբ: Ըստ երեւույթին, այս բռնապետն իր երկրում ստեղծած ազատ խոսքի հետապնդման եւ սպառնալիքի ռեժիմն առանց որեւէ խոչընդոտի կարողանում է արտահանել արտերկիր, ստանձնելով միջազգային ժանդարմի վարկանիշ:

Էրդողանի Ամերիկա կատարած վերջին այցը բացի օրակարգայինից ուներ նաեւ այլ նպատակներ: Ամերիկայում գործող թուրքական խոշոր կազմակերպությունների հետ հանդիպմանը նա կոչ արեց ակտիվ լոբբիստական աշխատանք ծավալել Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաեւ սիրիական իր տապալված արկածախնդրություններից հետո Թուրքիայի վարկանիշի վերականգնման ուղղությամբ:

Արդյունքը երկար սպասեցնել չտվեց: Այս տարի ամերիկահայ համայնքը դիմակայեց թուրքերի ծավալած Հայոց ցեղասպանության ժխտման աննախադեպ մի արշավի: Ապրիլի 20-ից հետո Բոստոնում, Չիկագոյում, Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում եւ Նյու Ջըրսիում սկսեցին հայտնվել Հայոց եղեռնը հերքող հսկայական գովազդային լուսատախտակներ, պատվիրվածՙ «Քլիըր չենըլ» եւ «Լամար» գովազդային ընկերություններում: Մի ամբողջ էջ ժխտման գովազդներ էին տեղադրել հեղինակավորՙ «Ուոլ Սթրիթ Ջըռնըլ» եւ «Շիկագո Տրիբյուն» պարբերականները: Գնված էր նաեւ երկնքում գովազդներ տպող «Գեյկո» գործակալությունը: Կիրակի, ապրիլի 24-ին, երբ Թայմս Սկվերում ընթանում էր Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հանրահավաքը, Նյու Յորքի երկնքում գրվեցինՙ «101 years of Geno-lie», «Թուրքիա= Ճշմարտություն» եւ այլ անհեթեթություններ:

Այդ «գովազդ» կոչվածը անիրազեկ հայեցողին թերեւս ոչինչ չասի: Այն հասկանալու համար պետք է հայ լինել: Գրված էՙ «Ճշմարտությունը = Խաղաղության»: Հայկական եւ ռուսական դրոշներով ձեռքերը պատկերված են ոլորված մատներով, ինչը ասել է թեՙ հայերն ու ռուսները կեղծում են պատմությունը: Մեջտեղում թուրքական «հաղթանակ» արտահայտող ձեռքն է եւ FactCheckArmenia.com կայքի հասցեն:

Ի դեպ, վերոհիշյալ կայքը, որն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանության հերքմանը, իր էությամբ նույնիսկ երեք կոպեկի հավաստիություն եւ լրջություն չի ներկայացնում: Մեծ պատիվ կլիներ թուրք ուրացողների համար որպեսզի մենք ուշադրության արժանացնեինք պատմական փաստերի սնանկ եւ ողորմելի այդ մտավարժանքը: Սրա կողքին, գրեթե նույն անունով, պետք է ստեղծել հայկական տարբերակը, ինչը հոյակապ հակազդեցություն կլինի:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, հայ համայնքի հետ միասին, այս ընկերություններին ուղղած ճնշումների շնորհիվ կարողացավ ժամանակին վերացնել գրեթե բոլոր գովազդային տախտակները, բացի «Լամար» գործակալության տեղադրածներից: «Վաշինգտոն Փոստ» -ում հայերին դիմող ներողությամբ հանդես եկավ «Գեյկո»-ն: «Ուոլ Սթրիթ Ջըռնըլ»-ի հետ ջախջախիչ մենամարտի բռնվեց Քիմ Քարդաշյանը: Լոս Անջելեսի տեղական ABC7 հեռուստաալիքով թուրք ժխտողի խոսքը եթեր տալու համար հեռուստաընկերության տնօրենությունը զղջման նամակ ուղարկեց հայկական «Ասպարէզ» թերթին եւ հեռացրեց աշխատանքից հայ ցուցարարների մասին վիրավորական խոսք արտահայտած օպերատորին: Արդյունքում միայն «Լամար»-ի Հայոց ցեղասպանությունը հերքող ազդագրերը մնացին մինչեւ պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը: Այս գործակալությունը մինչեւ վերջ անտեսեց մեր զանգերի եւ էլ. նամակների միջոցով ուղարկված բողոքները:

Հայ իրավաբանների «Բար» ասոցիացիան մտադիր է «կլաս ակշըն» դատական գործ հարուցել «Լամար» գովազդային գործակալության դեմ եւ բարոյական փոխհատուցում պահանջել: Այս գործակալությունը գումար վաստակեց աջակցելով հայերի դեմ պատմական սուտ եւ ատելություն տարածող թուրք հերքողներին:

Թուրքերի կազմակերպած ատելության այս ակցիան դատապարտեցին նաեւ ԱՄՆ շատ սենատորներ եւ կոնգրեսականներ, իրենց խոսքում նշելով Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին:

Կարծում եմ այս տարի թուրքերի ժխտողականության աննախադեպ ալիքը մեծապես պայմանավորված էր նաեւ Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի ընդունած խայտառակ որոշման հետ: Թուրք հերքողների թիվը նկատելիորեն ավելացել է: Նրանք քաջատեղյակ են օրենքին եւ վստահորեն գործում են այն երկրներում, ուր օրենքը չի արգելում պատմական կեղծիք տարածել:

Ամերիկան այդ առումով յուրօրինակ երկիր է: Այս երկրի Սահմանադրությունը չի արգելում հերքել պատմական փաստեր, հանդես գալ ատելություն սերմանող խոսքով, բացառությամբՙ եթե դա չի ուղեկցվում բռնություններով: Իսկ խոսքից գործ, ինչպես ասում են, մեկ քայլ է, ԻՊ-Դայիշը մեզ օրինակ: Ամերիկայում ոչ միայն Հայոց եղեռնը, այլեւ ժխտվում է Ռուանդայի ցեղասպանությունը, հրեաների Հոլոքոսթը: Անցյալ դարի 70-ական թվականներին Չիկագոյում կայացել է նույնիսկ նեո-նացիստների մարշ:

Եթե, ասենքՙ Նյու Յորքում, Սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակման օրը, անցկացվի 9/11-ը հերքող հանրահավաք, ամենուր դրժող գովազդներ տեղադրվեն, մամուլում եւ երկնքում տպվեն Ալ Ղաիդայի արարքն արդարացնող հայտագրեր... ինչպիսի՞ արձագանք կգտնի սա զոհերի հարազատների եւ ամերիկյան հասարակության շրջանում: Կարծում եմՙ միանշանակորեն ցավոտ:

Ուրեմն կան բարոյական չափանիշներ, որոնց խախտումը ոչ թե խոսքի ազատություն է, այլՙ հանցագործություն: Չէ՞ որ թուրքը, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը, կանգնում է իր մարդասպան նախնյաց կողքին, հրճվում իր գործած նախճիրով, վիրավորում հայերի սերունդներին: Օրենքը դա չպետք է խրախուսի:

Նյու Յորք

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 06-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ