ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՖՐԱՆՍԻԱՆՙ ՍԵՆԱՏԻ ԲԱՆԱՁԵՎՈՎ, ԳԵՐՄԱՆԻԱՆՙ «ԱՂԵՏ»-ՈՎ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Ֆրանսիան եւ Գերմանիան առճակատվում են Թուրքիայի հետ, ծանուցում է «Գերմանական տնտեսական լրատուն» հոկտեմբերի 15-ի տեղեկագրումՙ ընթերցողներին ներկայացնելով երկու փաստՙ Ֆրանսիայի Սենատը ընդունեց հայկական մի օրինագիծ, ըստ որի պատիժ է սահմանվում այն անձանց նկատմամբ, որոնք 1915- ի հայոց կոտորածները որպես ցեղասպանություն չեն ընդունում, եւ երկրորդըՙ Դրեզդենի սիմֆոնիկը ի հեճուկս Թուրքիայի ճնշումների չի հրաժարվում «Աղետ» նախագծից եւ այն հնչեցնելու է ծրագրվածի համաձայնՙ նոյեմբերի 13- ին Ստամբուլումՙ Գերմանիայի հյուպատոսարանի դահլիճում: Թուրքիան ամիսներ շարունակ ապարդյուն պայքար է մղում կասեցնելու ԵՄ ֆինանսական օժանդակությամբ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի սատարմամբ իրականացվող «Աղետ» նախագիծը, Ստամբուլի պարագայում էլ որեւէ կերպ չի կարող միջամտել, խոչընդոտել այդ համերգի կայացումը, քանի որ այն exterritorial ՙ իր երկրից դուրս տարածքում է: Վերջինի մասին մանրամասն գրել ենք նախորդ շաբաթվա մեր հրապարակման մեջ, որ տեղ է գտել «Ազգ»-ի կայքէջում: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքին 146 սենատոր դեմ, իսկ 156 կողմ են քվեարկել, օրինախախտներին սպառնում է 1 տարվա բանտարկություն կամ 45 000 եվրո տուգանք, գրում է գերմանական լրատվամիջոցըՙ ուշագրավ հղումովՙ Ֆրանսիայի Սենատի որոշման մասին իրազեկումՙ վկայակոչելով «Արմենպրեսին»: Սրանով Ֆրանսիան խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, գրում է գերմանական հիշյալ աղբյուրըՙ այնուհետ ներկայացնելով նաեւ ֆրանսահայ կազմակերպությունների խորհրդի փոխնախագահ Մուրադ Փափազյանի գնահատականըՙ գերմանալեզու «Հայփրեսս» - ում հրապարակված տեքստից մեջբերումով. «Սա լուրջ հաջողություն է: Մեծ բանի ենք հասել, չպետք է մոռանանք, որ թուրքերը զանգվածային լոբբիստական աշխատանք են ծավալել», նկատել է տվել Փափազյանը: Նկատելի է, որ գերմանական լրատվամիջոցներում այլեւս շրջանառվող, շարունակական թեմա է հունիսի 2- ի Հայոց ցեղասպանության ճանաչման Բունդեսթագի բանաձեւը, դրա դեմ Թուրքիայի աղմուկը, գերմանացի պատգամավորներիՙ Ինջիռլիք մուտքի դիմաց ԳԴՀ կառավարության այդ բանաձեւից նահանջ-խոստովանությունը, «Աղետ»- ի աննահանջ բեմելները... այսպես ձեւակերպենքՙ հայկական լոբբին գերմանացի մեր գործընկերների պրոֆեսիոնալ աշխատանքն է, որ ժխտողականության ապառաժն է փշրելու: |