RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 5509, Տպվել է` 476, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԵՎ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ընտրական օրենսգրքի` ԱԺ արտահերթ նիստով ընդունված փոփոխութունները մեկ անգամ եւս ցայտուն դարձրին այն իրողությունը, որ Ընտրական օրենսգրքի շուրջ մեր խորհրդարանական ուժերի պայքարը դարձել է պայքար սեփական սանտիմետրերի ու միլիմետրերի համար: Այդ պայքարն այս տեսքն էր ընդունել` ԸՕ այս կամ այն դրույթի, այս կամ այն փոփոխության շուրջ իշխանությունը նախ մի փոքր զիջում է, հետո հետ գրավում զիջածը, հետո մի փոքր հետ տալիս գրավածից, հետո նորից խորամանկորեն հետ գրավում` իսկական պայքար տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի համար: Նույն կերպ վարվում էին իրենց ընդդիմադիր հռչակածները: ԸՕ-ի` վերջին ԱԺ արտահերթ նիստում քննարկվող նոր ներմուծված դրույթների նյութը ընդդիմության ու իշխանության պայքարի ա՛յս բովանդակությունն էին պարունակում, իսկ ընտրողի մասին կարծես բոլորը մոռացած լինեին:

Ինչ է ստացվում` 1990 թվականին խորհրդարան ընտրելիս մենք ունեինք երկրի ու նրա ճակատագրի համար մտահոգ ընտրող, որի ընտրության մոտիվացիան երկրի ապագան էր: Հիմա փաստորեն նոր ԸՕ-ի շուրջը ծավալված քննարկումների տրամաբանությամբ` մենք ունենք ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, «Հայկական Վերածնունդին» եւ մյուս ուժերին նվիրված ընտրող, եւ միայն: Ընտրողը պետք է գնա ընտրության եւ նվիրվի այս ուժերի սանտիմետրերի համար պայքարի ցանկալի արդյունք ապահովելուն:

Իսկ ընտրողի վերաբերյալ նախասկզբնական` սահմանադրական նորմում տեղավորվող նշանակության մասին ոչ ոք չէր էլ հիշում: Հակառակը` նրան սպառնում են քրեական պատասխանատվությամբ` եթե խախտում տեսնես ու սեփական միջոցներով այդ խախտումը ապացույցներով չհիմնավորեեեե~ս` դատարանը կարող է հակառակն ապացուցել, այն է` դիտավորյալ կեղծ հայտարաություն ես արել,ու քեզ երկու տարով ուղարկել ազատազրկման երանելի վայրերը, կամ` մի շատ կլորիկ, երբեւէ միաժամանակ ձեռդ չառած գումարով տուգանքի տակ գցել: Է, լավ, բա չեք մտածում, որ այն ընտրողները, որոնք նեղ կուսակցական մոտիվացիա չունեն, ուղղակի թքած կունենան ու չեն գնա ընտրության, կամ որ առավել հավանական է` եթե անգամ զույգ աչքով էլ տեսնեն կարուսել կամ այլ ընտրակեղծիք, ընդհանրապես կլռեն, ո՞վ կուզի ընկնել մեր սուպերվստահելի դատարանների ձեռքը: Երբ պետության անունից սկսում ես ինքնամոռացության մեջ ընկած քրեական հոդվածներով սպառնալ, դա հսկայական հոգեբանական ազդեցություն է թողնում. ա/ ՀՀԿ-ն այս դեպքում իսկապես կարող է ստանալ իր ուզածը` մարդիկ, մեր դատարանների իրական դեմքն իմանալով` կլռեն ամեն տեսակի խախտումներին ի տես, բ/ պարզապես չեն գնա ընտրությունների` մտքում մի հիշոց արձակելով` «Ձեր հերն էլ անիծած»: Դե` այդ գնով քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը, ինչպես ամրագրվում է ԸՕ-ի նոր փոփոխությամբ, համարյա հետեւանք չի ունենալու ընտրական գործընթացի վրա, չնայած այդ բանին 15 տարի սպասած Լեւոն Զուրաբյանը շնորհավորում էր ընտրողին այդ դրույթի ընդունման կապակցությամբ: Երեւի ԸՕ-ում քվեարկածների ցուցակների հրապարակումն ամրագրած հնարամիտների մտքով անգամ չի անցել, որ խախտումների վերաբերյալ հայտարարությունը քրեականացնելով` ցուցակների հրապարակումը հավասարակշռող տրյուկը կարող է դառնալ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մինչեւ այժմ չգրանցված աննախադեպ ցածր մասնակցության շարժառիթ: Ի դեպ` երբ մենք առանք ցուցակները հրապակելու վերաբերյալ իշխանության հոժարության լուրը, մտածում էինք, թե տեսնես ի՞նչ հնարքով են ԸՕ-ի ճարտարապետները չեզոքացնելու իշխող կուսակցության համար ցանկալի արդյունքի գրանցմանը խանգարող այս որոշումը (այդ մասին գրել ենք «Ազգի» նախորդ համարներից մեկում): Եւ մենք , փաստորեն, չէինք սխալվում: Բայց նաեւ չէինք պատկերացնում, որ մեր ընդդիմությունն այնքան «սկզբունքային» է, որ կհամաձայնի որեւէ տարբերակի հետ (քվեարկությամբ 103 ձայն ստացավ այս փոփոխությունը), միայն թե բաղձալի տեղերն ունենա ապագա խորհրդարանոմ:

Ի դեպ` ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներում իր ուժերը սպառած-գերհոգնած խորհրդարանական ընդդիմութունն արդեն չի էլ նկատում երկրի բուն ճակատագրի հետ կապված շատ օրինագծերի վտանգավորությունը, էնքան որ տարված են ընտրական մեծ խաղով: Դիցուք` այս շաբաթ երկրորդ ընթերցում անցավ «Ընդերքի մասին օրենքի» մի փոփոխություն, որով ընդերքի` ռադիոակտիվ նյութերով հարուստ մեր հանքավայրերի ուսումնասիրությունը մրցութային կարգով է տրամադրվելու: Պարզ է, որ մեր երկիրը հնարավորություն չունի ռադիոակտիվ ընդերքի թանկարժեք ուսումնասիրությունները կատարելու, ու ատոմակայան ունեցող երկրի` ռազմավարական-անվտանգային ռադիոակտիվ ընդերքն ակնհայտորեն այլ երկրի ընկերություններ են ուսումնասիրելու, ու,միգուցե, ոսումնասիրելուց հետո էլ տնօրինելու հայտ ներկայացնեն: Սա նոնսենս է: Անգամ իշխանական պատգամավորներից Վարդան Այվազյանն ու Խոսրով Հարությունյանն էին պրոբլեմներ տեսնում այս օրինագծում: Առաջինի համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ է պետության բացառիկ իրավասությունը վարկային համաձայնագրով մրցույթով դրսի կազմակերպություններին տրամադրվում: Իսկ Խոսրով Հարությունյանը նշում էր, որ այս մոտեցումը թույլ չի տա երկրի համար ռազմավարական նշանակության այս ուղղությունը զարգացնել, եւ հարկ է օրենքով ամրագրել, թե ինչպես ենք օգտագործելու հետագայում ռադիոակտիվ հանքավայրերը: Փաստորեն ատոմակայան ունեցող երկիրը մի տեսակ կարծես չի կարողանում օգտվել ռադիոակտիվ հանքավայրեր ունենալու իր առավելությունից:Կամ էլ չի կարողանում հակադրվել հերթական պարտադրանքին:

Իհարկե, համատեքստից դուրս կլինեինք, եթե անդրադարձ չանեինք նոր կառավարության նոր ծրագրի` Ազգային ժողովում արտահերթ նիստով ներկայացմանը եւ հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի ` այդ առթիվ ելույթի որոշ պահերի: Ասենք, որ խորհդարանում այդ ծրագրի քննարկումը սպասված էր, առհասարակ ողջ երկրով մեկ դրական սպասում կա Կարեն Կարապետյանի ձեւավորած կառավարությունից եւ անձամբ իրենից: Բուն ծրագրին դեռ կանդրադառնանք հետագայում, մանավանդ, որ այնտեղ նորություններ, իրոք, կան, երկարաժամկետ ու կարճաժամկետ գործողությունների համար կոնկրետ ժամկետներ են նշված, 2017-ի համար եւս նախատեսումներ կան, որը ցույց է տալիս, որ անձամբ Կարեն Կարապետյանն իրեն ժամանակավոր չի զգում, որքան էլ այդպես են համարում շատերը: Իսկ ծրագրի շատ շեշտադրումներ հենց նրա ելույթում էին:

Ի դեպ` նրա ելույթում հաշվեցինք «պետք է» եւ «անհրաժեշտ է» բառերի երկու տասնյակից ավելի կրկնություն: Սա հատուկ էր նաեւ նախորդ երկու վարչապետների` ԱԺ-ում ծրագրերի ներկայացմանը: Հետաքրքական էր, սակայն, որ ամենասուր ու բարձր տոներով հարցերին անգամ նոր վարչապետը պատասխանում էր պարզ կառուցված, կարճ նախադասություններով եւ ցածր, հանգիստ տոնով` այդպիսով կոտրելով նախընտրական պաթոսը: Անգամ Նիկոլ Փաշինյանի ` մենաշնորհատերերի դեմ պայքարել կարողանալու եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցին Կ. Կարապետյանը շատ հանգիստ պատասխանեց, որ հարգում է երկրի նախագահին, նա է իրեն հրավիրել աշխատելու, նախագահի ծրագիրն էլ շարունակական է, իսկ մենաշնորհների դեմ պայքարում օրենքը վերաբերելու է հավասարապես բոլորին: Իսկ Հեղինե Բիշարյանի` միայն մտերիմներին պաշտոն տալու վերաբերյալ հարցադրմանն էլ հանգիստ արձագանքեց` դեռ բարեկամներին չի նշանակել, բայց կարող է եւ նշանակել, իսկ պաշտոնի նշանակում է նրանց, ում վստահում է:

Կառավարության նոր ծրագրով Հայաստանի քաղաքացին գերագույն արժեք է, որի արժանապատվության, պաշտպանվածության, կենսամակարդակի բարձրացման, արդար հասարակության մեջ ապրելու, ապագայի նկատմամբ նրա լավատեսության ապահովման իրացումը պետք է ապահովի կառավարությունը: Բա: Պատգամավորներից մեկը նկատեց` այս ձեւակերպմամբ դեռ ոչ մի վարչապետ չի ներկայացել:

Կ. Կարապետյանն ասում էր այն մասին, որ տարածաշրջանային զարգացումների այս փուլում մեր երկրի ստանդարտ զարգացումներով չենք կարող ներկա մարտահրավերներին համահունչ առաջընթացի տեմպ ապահովել: Խորությամբ ամեն ինչ պետք է վերլուծվի, ախտորոշվի, վերաիմաստավորվեն տնտեսական զարգացման վերաբերյալ պատկերացումները եւ հետո կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումներ առաջարկվեն: Նորություն էր Ռազամավարական ծրագրերի մշակման կենտրոնի ստեղծման առաջարկությունը` երկրի ու արտերկրի (Սփյուռքի) առաջատար մասնագետների ներգրավմամբ: Արտահանման խթանումն, ներդրումների ներգավումը մեր տնտեսությունՙ եւս առանձնահատուկ կարեւորվել են ծրագրում:

Ռազմավարական խնդիրների մեջ թվարկված են արդիական ու վստահություն վայելող պաշտպանական համակարգ ունենալը (անգամ ազգ- բանակ գաղափարախոսական կտրվածք կա այդ առումով), քաղաքական համակարգը, քաղաքացիական ինստիտուտները եւս անվերապահորեն պետք է վստահություն վայելող լինեն, լիարժեք գործեն եւ այլն: Իսկ բարեփոխումները կառավարությունն ինքն իրենից պետք է սկսի` սանիտարական մաքրման ենթարկելով իր ենթակառուցվածքները, իրավասությունները հավասար բաշխելով, նվազագույն ծախսերով առավելագույն արդյունք ապահովելով:

Կառավարման արդյունավետության առաջին պայմանը կոռուպցիայից զերծ լինելն է հայտարարվում: «Մեկ պատուհան», շարունակական մոնիթորինգ եւ այլ բազմաթիվ գործիքներ են նկարագրված ծրագրում, եթե պետական ծառայությունները պահանջարկված եւ արդյունավետ չեն, թանկարժեք են` պետք է վերանան կամ փոխակերպվեն.« Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի, պետական ծառայողներն իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ ընդամենը ծառայություն մատուցողներ», ասում էր վարչապետը: Ըստ նրա` բազմաթիվ ծրագրեր վերանայելու եւ վերաիմաստավորելու կարիքն ունեն: Նոր հայացք է պետք ամենուր` գնումների ոլորտ (պետական միասնական գնումների ներդրման համակարգի հիմնում), ներդրումներին եւ ձեռներեցությանը խանգարող վարչարարական արգելքներից եւ ավելորդ ընթացակագերից ազատում, ներդրումային ակտիվության խթանում` դրա համար համապատասխան միջավայրի ստեղծումով: Առհասարակ բիզնեսի համար ազատ եւ ադար մրցակցային միջավայր պետք է ապահովվի, հարկային եւ մաքսային ծառայողների կերպարի արմատական վերափոխման ծրագրի ներդրում լինի: Հարկային մարմինների աշխատանքը պետք է աննկատ ու չմիջամտող լինի տնտեսավարող սուբյեկտների համար, օրինապահ տնտեսավարողի համար գերարտոնյալ վիճակ է ստեղծվելու, ոչ օրինապահ տնտեսավարողների համար` մշտական հարկային հսկողություն:

Այս դրախտային միջավայրը կառավարության ծրագրում է, որը ցանկացողը կարող է կարդալ ու տեսնել` ի՞նչն է անիրականալի, ինչը` ոչ: Մանավանդ պատգամավորներն էլ ակտիվորեն քննարկել սկսեցին այդ ծրագիրը` մատնանշելով ե՛ւ սպասումները, ե՛ւ թերությունները: Պատգամավորներից մեկն անվանում էր ներկայացվածը հույսերի, մյուսը` հույսերի տապալման ծրագիր, երրորդը դժգոհ էր, քանի որ արդյունաբերության խթանում չէր տեսել ծրագրով առանձնապես, մի ուրիշն արդեն պարտություն էր տեսել` նոր կառավարության եւ փոփոխության երազանքի պարտությունը ոսկրացած համակարգին:Ամեն դեպքում հաջողություն մաղթողները եւ դրական գնահատողները շատ էին, քանի որ ծրագրի տապալումը, կամ դրա` ընդամենը նախընտրական գործիք լինելը ողջ երկրի պարտությունը կարող է լինել:

Կառավարության ծրագիրը դեռ քննարկվում է Ազգային ժողովում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ