ՔԼԻՆԹՈՆԸՙ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ Պ. Ք. Wikileaks-ի վարկաբեկիչ հրապարակումը Անցյալ շաբաթ Wikileaks կայքը նոր տեղեկություններ հրապարակեց ԱՄՆ նախագահության դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ նրա նախընտրական շտաբի գործունեության մասին: Այդ հերթական հրապարակումը բազմաթիվ հետաքրքրական փաստեր է պարունակում Չինաստանը հակահրթիռային պաշտպանության միջոցներով շրջապատելու դիտավորության, Քաթարից Բիլ Քլինթոնի ստացած 1 մլն դոլարանոց նվերի եւ նույնիսկ այն մասին, որ Հիլարին սկսում է ժպտալ միայն իր օգնականների հուշումներից հետո: Սակայն Հիլարի Քլինթոնի համար առավել տհաճ փաստերը կապված են կաթոլիկ եկեղեցու հետ, որը լատինամերիկացի միլիոնավոր ներգաղթյալների շնորհիվ ներկայումս ԱՄՆ-ի խոշորագույն կրոնական համայնքն է: Ինչպես պարզվում է Wikileaks-ի հրապարակումից, Հ. Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան սերտորեն շփվել է «Առաջընթացի ձայներ» կազմակերության առաջնորդ Սենդի Նյումանի հետ, որը իր նամակներից մեկում գրել է «կաթոլիկական գարուն» կազմակերպելու անհրաժեշտության մասին եւ հորդորել է «հեղափոխության սերմեր ցանել» ամերիկացի կաթոլիկ եպիսկոպոսների միջավայրում: Խոսքը փաստորեն կաթոլիկ եկեղեցու սպասավորների «մայդան» կազմակերպելու մասին է: Կայքի հրապարակման մեջ այնուհետեւ արվում է հետեւյալ բացահայտումը: Պատրվակ բերելով, թե հավատացյալները «միջնադարյան բռնապետության ավարտման եւ ժողովրդավարության սկզբնավորման, ինչպես նաեւ սեռերի իրավահավասարության սկզբունքի հարգման կարիքն ունեն», անհրաժեշտ է համարվում «հղիության կանխման եւ վիժեցումների հարցում սեպ խրել շարքային հավատացյալների եւ եպիսկոպոսների միջեւ», ինչպես նաեւ աշխատել «միասեռական միությունների հանդեպ վերաբերմունքի» թեմայի վրա: Այլ կերպ ասած, առաջարկվում էր երկրի խոշորագույն եկեղեցուն պարտադրել բոլոր վերոհիշյալ երեւույթների հանդեպ սեփական, «ազատական» վերաբերմունքը: Ոչ թե տարհամոզել (ինչը անհնար է), այլ հենց պարտադրել: Ձեւացնել, թե դա հենց կաթոլիկների դիրքորոշումն է: Որպես դրան հասնելու միջոցներ առաջարկվում էր օգտագործել «մայդանի» եւ «Արաբական գարնան» հնարքների հանրահայտ հավաքածուն. «հասարակ մարդիկ», շաղակրատանք, արժանապատվության եւ իրավունքների մասին, կազմակերպում եւ վերահսկողություն ԶԼՄ-ների եւ սոցիալական ցանցերի միջոցով: Սադրանք, շահարկություն, կեղծիքՙ ամեն ինչ սովորականի պես: Այս մերկացումը կարող է նախորդներից շատ ավելի մեծ չափով վնասել Հիլարի Քլինթոնի ընտրարշավին: Եթե հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամպի շտաբում եւ հենց Եկեղեցում կարողանան տասնյակ միլիոնավոր կաթոլիկների գիտակցությանը հասցնել Քլինթոնի գործողությունների իմաստը, ապա հավատացյալների զգալի մասը ոչ մի պարագայում չի քվեարկի նրա օգտին: Հարցի էությունը հետեւյալն է. ինչպես ուղղափառ, այնպես էլ կաթոլիկ եկեղեցին հույժ միանշանակ դիրքորոշում ունի թե՛ վիժեցումների եւ թե՛ համասեռամոլության հանդեպ: Այդ դիրքորոշումը չի վերանայվի, քանի որ ձեւակերպված է Եկեղեցու հիմնադրի եւ իր առաքյալների կողմից: Վիժեցումը սպանություն է: Համասեռամոլությունը հակաբնական է: Այո, վիժեցում կատարած անձանց եւ համասեռամոլներին հարկավոր է վերաբերվել մարդկայնորեն, բայց դրանից վիժեցումը չի դադարում լինել սպանություն, իսկ համասեռամոլությունըՙ հակաբնականություն, որն իրավունքներով ընտանիքին հավասարեցնելը անհեթեթություն է: Այժմՙ ժողովրդավարության մասին: Եթե ժողովրդավարություն ասելով հասկանում ենք «բոլոր սուբյեկտները հավասար են, բոլոր դիրքորոշումները թույլատրելի են» դրույթը, ապա եկեղեցու որեւէ ժողովրդավարություն չի եղել, չկա եւ չի լինի: Քանզի կա բացարձակ ճշմարտություն, կա այդ ճշմարտության Հեղինակը, եւ կան մյուս բոլորը, որոնք կոչված են իրացնելու այդ ճշմարտությունը կոնկրետ սեփական կյանքում: Եվ վերջապես, «սեռերի իրավահավասարության սկզբունքի հարգումը»: Եթե խոսքը վերստին կանանց ձեռնադրության հնարավորության մասին է, ապա դա եւս չի լինի: Եվ դարձյալ նույն պատճառով: Եկեղեցու Հիմնադիրը թեեւ ընկերություն էր անում կանանց հետ, տասներկու առաքյալներին ընտրեց միայն տղամարդկանցից: Նրա հիմնավորումների առնչությամբ կարելի է լոկ ենթադրություններ անել, բայց փաստը մնում է փաստ, եւ դիրքորոշումը չի փոխվի: Հիլարի Քլինթոնը եւ իր շտաբի աշխատակիցները հասկանո՞ւմ են արդյոք այդ պարզ բաները: Հարցի պատասխանն անորոշ է, բայց դա կարեւոր էլ չէ: Քանզի պարզ է գլխավորը. նա թքած ունի թե՛ քրիստոնեության եւ թե՛ քրիստոնյաների վրա: Նրա նպատակն էՙ շահարկել, սադրել եւ ստել իշխանություն ձեռք բերելու եւ ամրապնդեու համար: Նման պայմաններում Դոնալդ Թրամպըՙ կրոնասիրությունից անսահման հեռու, ցինիկ, գործամետ, ոչ այնքան նրբանկատ մարդը ակնհայտորեն «չարյաց փոքրագույնի» տպավորություն է գործում: Թրամպին նույնքան դժվար է պատկերացնել կաթոլիկ եկեղեցում «մայդան» սարքելիս, որքան քարոզ լսելիս (Հիլարիինՙ նույնպես): Թեմայի հանդեպ կատարյալ անտարբերությունը անհամեմատ նախընտրելի է ակնհայտ վտանգից: Վատիկանում զգուշավորությամբ են արտահայտվում ամերիկյան ընտրությունների առնչությամբ: Դեռ վերջերս իբրեւ «չարյաց փոքրագույն» ներկայանում էր հենց Հիլարին, մանավանդՙ ներգաղթյալների մասին Թրամպի կոշտ արտահայտությունների պատճառով: Հիմա իրավիճակը հավանաբար կփոխվի, քանի որ եկեղեցին ներսից քանդելու Քլինթոնի դիտավորությունը միանգամայն անկարեւոր է դարձնում ներգաղթյալներին վերաբերող բանավեճը: |