ԹԵՔԵՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՅՈՒՆԵՐԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Երեւանի թիվ 92 հիմնականը, Գյումրիի թիվ 2 ավագը, Ստեփանավանի թիվ 6 հիմնականը, Կարպիինը եւ Բերձորինը, որին առաջ Լաչին էին անվանում, Թեքեյան ընտանիքի անդամներն են եւ քանի որ բոլորն էլ դպրոց են, այդ ընտանիքի սյուներն են: Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում այս հինգ դպրոցներըՙ Վահան Թեքեյանի անվան են, դրանցից մեկըՙ Կարպիինը, այցելեցինք ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան միության կենտ. վարչության հայաստանյան ներայացուցիչ Գայանե Մուրադյանի հետ: Արդեն 16-րդ տարին է, որ ԱՄՆ եւ Կանադայի թեքեյանցիների ամենամյա հանգանակություններով իրագործվում է «Ուսուցիչ մը հովանավորե» ծրագիրը, որով Հանրապետության եւ Արցախիՙ Թեքեյանի անունը կրող դպրոցների ուսուցչական կազմն ու տեխնիկական անձնակազմը ստանում են դրամական քաջալերանք: Գնացել էինք Կարպիՙ հանձնելու այն: Քսանհինգ տարվա դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը հպարտությամբ պատմում է դպրոցի մասին, հպարտանալու առիթ էլ ունի. այս տարի գյուղական դպրոցում բացվել է երեք առաջին դասարան, ընդհանուր աշակերտների թիվըՙ շուրջ 600-ի է հասնում, հաջորդ տարվանից մտադրվել են երկրորդ հերթ էլ սահմանել, աշակերտներն այդքան շատ են: Իսկ ինչո՞վ են տարբերվում թեքեյանցի աշակերտներըՙ մյուսներից, հարցնում եմ: «Ես չգիտեմ, թե ինչով են տարբերվում, բայց մեր ուսուցիչների եռանդի ու նվիրվածության արդյունքում մեր աշակերտները Հայաստանի Հանրապետության վաղվա ամուր քաղաքացիներն են մեծանում: Հայաստանում մնալ եւ Հայաստանին տեր կանգնել, ահա՛ մեր դպրոցների տեսլականը», ասում է Գայանե Մուրադյանը: Հենց նրանից էլ, դեռ Կարպի չհասած, տեղեկանում եմ, որ սփյուռքի թեքեյանցիները միայն հանգանակություններով չէ, որ կապված են Թեքեյան դպրոցների հետ: Լինում են նաեւ այցելություններ, օրինակ մարդիկ կան, որ այս կամ ուսուցչի հետ անձնական կապեր են հաստատել եւ ամեն անգամ Հայաստան այցելելիս, հանդիպումներ են ունենում, ուղղակի այցելում են դպրոցներ: Ավելին, սփյուռքի մեր հայրենակից երեխաների այցելություններ են կազմակերպվում, համատեղ ճամբարներ են իրականացվում: Օրինակ Մոնրեալի հայ փոքրիկներն անմիջականորեն մասնակցել են Երեւանիՙ Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցի վերանորոգման աշխատանքներին, ճիշտ էՙ այնքանով, որքանով կարող են, բայց կարեւորըՙ իրենց ձեռքերով, հայրենիքում ինչ-որ բան անելու նախանձելի կամքով: Ընդ որում, որոշվել է, որ հաջորդ տարի կիրականացվի Բերձորիՙ Թեքեյանի անվան դպրոցի կոսմետիկ վերանորոգումը, չնայած այս կոնկրետ դպրոցի շենքը կապիտալ վերանորոգման կարիք ունի: Դրա ժամանակն էլ կգա: Հատկանշական է, որ վերանորոգման համար Արցախ այցելած երեխաները կբնակվեն Բերձորի դպրոցի ուսուցիչների տներում: Ի դեպ, Բերձորի դպրոցում դասավանդում են հիմնականում Հայաստանից այնտեղ գնացած ուսուցիչներ: «Մեր ուսուցիչներն էլ առանձնահատուկ են,- նշում է Գայանե Մուրադյանը,-բազմիցս արժանացել են Տարվա լավագույն ուսուցիչ կոչմանը, ունենք Տարվա լավագույն տնօրեններ»: Ինչի՞ց սկսվեց այս ամենը, հարցնում եմ: Գ. Մուրադյանը նշում է, որ սկսվեց ամենակարեւորը այն պահից, երբ սփյուռքի մեր հայրենակիցները տեսնում էին, թե ինչպես են ուսուցիչները Հայաստանից արտագաղթում: «Սա մի տեսակ շնորհակալության, խրախուսման ձեւ է: Մենք, 16 տարի առաջ, սկսել ենք 50-ական դոլարին համարժեք դրամից, այսօր յուրաքանչյուր ուսուցիչ ստանում է 130 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»: Հասանք Կարպի: Թեքեյանի արձանը դպրոցի բակում է, եւ ամենակարեւորըՙ երեխաները, շատ երեխաներՙ դպրոցում էին: Մտա չորրորդ դասարան, դասվարըՙ տիկին Ալեքսանյանն է, ով շուրջ 35 տարի աշխատում է Կարպիի դպրոցում: Ես չգիտեմ, թե ինչպե՞ս է տիկին Ալեքսանյանին հաջողվել, բայց փաստն այն է, որ նրա դասարանում առնվազն 6 երեխա կա, որոնք ոչ թե անգիր սովորել գիտեն, այլ ասմունքում են: Հարցնում եմ, փոքրիկ Ժասմինային, ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս, նա էլ թեՙ ուսուցիչ, մի տեսակ ամաչում եմ, որ գլխի չէի ընկել...Դպրոցն ունի պարսկերենի դասարան, հինգերորդ դասարանից սկսածՙ մինչեւ ավարտական 12-րդը աշակերտները կարող են սովորել հարեւան ժողովրդի լեզուն, ընդ որում ոչ անգլերենի, ոչ ռուսերենի, ոչ էլ առավել եւսՙ հայերենի հաշվին: Այսինքն Կարպիի Թեքեյանի անվան դպրոցի շրջանավարտը հայերենից, անգլերենից, ռուսերենից բացի նաեւ պարսկերեն գիտի: Ես հենց պարսկերենի դասարանում, ուսումնասիրելով դպրոցի տրամադրության տակ եղած պարսկերենի գրականությունը, հասկանում եմ, որ հարցը, թե ինչո՞վ են տարբերվում Թեքեյան դպրոցների աշակերտները մյուս աշակերտներից, պետք էր տալ, ոչ թե նախքան դպրոց այցելելը, այլ հետո, եթե, իհարկե, պատասխանը պարզ չի դառնում դպրոցում: Մոտենում եմ դպրոցի բակում կանգնած երկու կանանց: Պարզվում է դպրոցի հավաքարարներն են: Հարցնում եմՙ ի՞նչ ունեք ասելու. շնորհակալություն են հայտնում բարերաներին, ասում եմՙ միշտ այսպես մաքուր պահեք դպրոցը, ասում ենՙ «միշտ այսպես մաքուր է: Դա մեր աշխատանքն է»: Հասկանում եմ, որ դպրոցի աշխատանքն էլ, եթե կարելի էՙ գործը, ընդհանուր եւ բառիս բոլոր իմաստներով մաքրություն ապահովելն էՙ գյուղում, քաղաքում, մարզում, երկրում, հասարակության մեջ եւ միշտ: Հաջորդ օրը Ստեփանավան ենք գնում, նույն մաքրությունն է, նույն եռանդն է, նույն չարաճճի եւ սովորող երեխաներն են, ովքեր իրենց առաջադիմությամբ շնորհակալություն են հայտնում իրենց ուսուցիչներին, որոնք էլ իրենց լավ սովորող եւ Հայաստանի քաղաքացի աշակերտներով շնորհակալություն են հայտնում իրենց բարերարներին: Բոլոր հինգ դպրոցներում թեքեյանցիներն են, նրանք ընտանիք ենՙ Թեքեյան ընտանիքը, որտեղ բոլորն իրար օգնում են եւ մեկըՙ մյուսից շնորհակալ է: |