RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 3431, Տպվել է` 289, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆԿՈՒՅԶԻ ՏՈՆ «ՅՈԹ ՄՈՒՍԱՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ»

ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Աշտարակից Օշական ձգվող ճանապարհի մերձակա հատվածում, որի մի կողմը հարում է Քասախ գետի սիրունատես կիրճին, իսկ մյուսում` հայոց անմահ գրերի հուշարձան-կոթողն է, «Յոթ մուսաների այգի» անունով սրբատեղին է, որ զբաղեցնում է մեկուկես հեկտարից ավելի տարածքՙ տարատեսակ պտղատու ծառերով ու թփերով զարդարված: Դեռ 2002 թվականից սկսածՙ այդ վերափոխվող ու հարստացվող այգին դարձել է արվեստի ու գրականության, մշակույթի տարբեր ոլորտների մարդկանց ինքնատիպ հավաքատեղի, ուր արժեւորվում, գովերգվում են հայոց հող ու ջրի, կենսոլորտի ծնունդ տարատեսակ մրգերը, պտուղները:

Յոթ տեսակի մրգերից յուրաքանչյուրին (կեռաս, թութ, ծիրան, դեղձ, խաղող, խնձոր, ընկույզ) նվիրվում է տոնական հատուկ օր, որ գրեթե անփոփոխ նշվում է ամռան ու աշնան այս կամ այն ամսվա որոշակի օրերին:

Շեշտենք, որ «Յոթ մուսաների այգի» հիմնադրելու մտահղացումը շատ տարիներ առաջ ծնվել է ճանաչված բանաստեղծ, հրապարակագիր, գեղանկարիչ Արեւշատ Ավագյանի հոգուց, սրտից ու մտքից: Նա ինքը նախաձեռնել եւ շարունակում է կազմակերպել նշված մրգերի տոներ, շնորհանդեսներ: Արեւշատ Ավագյանի նպատակն է սրբատեղի այգին դարձնել յոթ մուսաների տուն եւ սերունդների լայն շրջաններում տարածել ծառ ու ծաղկի, բնության պահպանման ու հարստացման վսեմ գաղափարները:

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ին փառահեղորեն նշվեց Ծիրանատոնը, որին մասնակցում էին գիտության, մշակույթի տարբեր ոլորտների բազմաթիվ մարդիկ:

Հոկտեմբերի 9-ին մեծ շուքով նշվեց Ընկույզի տոնը: Մեծաթիվ մասնակիցներ նախապես այցելեցին Օշականի Սուրբ Մեսրոպ եկեղեցի, ուր կատարվեց մոմավառություն: Ապա հանդիսության մասնակիցները ծաղիկներով իրենց խոնարհումն ու հարգանքը մատուցեցին հայոց գրերի գյուտի հեղինակ, Մեծն Մեսրոպ Մաշտոցի շիրմին:

Մասնակիցներն այնուհետեւ եկան Արեւշատ Ավագյանի «Յոթ մուսաների այգի», ուր բովանդակալից արարողությամբ նշեցին Ընկույզի տոնը: Աշնանային արեւի ջերմ ճառագայթներով ողողված այգում բացօթյա պատրաստված էր զանազան ուտեստներով հարուստ սեղան, ուր հատուկ ամանների մեջ դրված էր նաեւ ընկույզ: Ընկույզի տոնին նվիրված շնորհավորանքի իմաստալից խոսք ասաց հայոց մշակույթի ֆոնդի նախագահ, ՀՀ գրողների միության նախագահության անդամ, պոեզիայի բաժանմունքի նախագահ, Արագածոտն մարզի գրական մասնաճյուղի ղեկավար, ազգային հասարակական-մշակութային գործիչ Արեւշատ Ավագյանը : Նրա խոսքը ներծծված էր ծիլ ու ծաղկի, ծառի, բերք ու բարիքի, նաեւ ընկույզի պաշտամունքով, բնության պահպանման, խնամքի ու հարստացման գաղափարներով:

Ընկույզի տոնը իրենց ելույթներով փառավորեցին գրող, հրապարակագիր, բանաս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Կարապետյանը , Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը , «Արագած աշխարհ» թերթի խմբագիր Վարդեւան Գրիգորյանը , «Աշտարակ» քաղաքային թերթի խմբագիր, ՀՀ գրողների միության անդամ Արտավազդ Նազարյանը , բանաստեղծ, հրապարակագիր Ռուզան Ասատրյանը , բանաստեղծ Սուրամ Անդրանիկը (Ալբերտ Հովհաննիսյան), Գրողների միության անդամ, բանաստեղծ Արտակ Ավագյանը , ամերիկահայ բանասեր Հովսեփ Նալբանդյանը , ֆրանսահայ գրող Հակոբ Բալյանը ՙ տիկնոջ հետ, տողերիս հեղինակը:

Ընկույզի տոնի հանդիսության սեղանը իրենց հուզաթաթավ երգերով հարստացրին գրողներ, երգիչներ Արսեն Համբարյանը , Անահիտ Դանիելյանը , Արմինե Եղիազարյանը : Իսկ գեղանկարիչ, քանդակագործ Հարություն Չալիկյանն ընկերական շարժերով աշխուժություն, ուրախություն պարգեւեց ընկույզի տոնի մասնակիցներին:

Մնայուն գործ կատարեց գեղանկարիչ Սերգեյ Պողոսյանը . նա իր վրձինով նկարեց տոնի մասնակից մտավորականներից մի քանիսին:

Ընկույզի տոնը «Յոթ մուսաների այգում» անցավ ջերմ մթնոլորտում եւ հոգեմտավոր հարստություն պարգեւեց մասնակիցներինՙ նրանց տոգորելով բնության, բերք ու բարիքի նկատմամբ սիրո ու պաշտամունքի զգացումներով:

9.10.2016 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ