RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 5469, Տպվել է` 485, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԱՄԱՃԻԿԱՆՈՑ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Թեեւ Սթիվ Ջոբսին շատերն են ճանաչում, անգամ աֆրիկյան Չադում, բայց ես վստահ եմ, որ նրան Հայաստանում օլիգարխներից շատերը չեն ճանաչում: Ոչ թե որովհետեւ Ջոբսն առավել հայտնի է Աֆրիկայում, այլ քանի որ հայ օլիգարխները բոլորովին այլ հետաքրքրություններ ունեն: Օրինակ` հավաքվում են եւ գնում Դուբայ, կամ դաշինքի մեջ են մտնում, կամ դուրս են գալիս, մի խոսքով... Մինչդեռ Ջոբսը մահանալուց առաջ, ըստ իմ անձնական տպավորության, մի քիչ ճանաչել է հայ օլիգարխներին, հակառակ պարագայում չէր ասի. «Հարստության անդադար ձեռքբերումը մարդուն խամաճիկ է դարձնում, ինչպես եւ պատահեց իմ պարագայում»: Հաստատ ճանաչել է, այլ հարց է, որ հայ օլիգարխներից շատերը չգիտեն, թե հարստության անդադար ձեռք բերումն մարդուն ինչ է դարձնում, եւ խամաճիկն ինչ է...

Էլի շատ բաներ չգիտեն, օրինակ այն, որ հարստությունը, որն իրենք ձեռք են բերել կյանքի ընթացքում, չեն կարող իրենց հետ վերցնել: Ջոբսը սա գիտեր: Նրանք չգիտեն, եթե իմանայինՙ այդքան հարստության չէին ձգտի, դրանով իսկ չէին խամաճիկանա:

Բա որ, Աստված չանի, հիվանդանաք, պառկեք մահճակալին եւ հետ նայեք ձեր ապրած կյանքի՞ն: Չե՞ք հասկանալու, որ ամբողջ ճանաչումը, որն ունեք, եւ հարստությունը, որը ձեռք եք բերել, կորցրել է իր նշանակությունը վերահաս մահվան առջեւ: Ջոբսն, օրինակ, սա հասկացել էր: Կհասկանա՞ք արդյոք դուք, վստահ չեմ, վստահ չեմ, քանի որ վստահ եմ, որ ձեզանից շատերը ոչ Ջոբսին են ճանաչում, ոչ գիրք են կարդացել, ոչ էլ հասկանում են, որ կյանքում պետք է լինի ավելի կարեւոր բան, քան փողը, Դուբայը եւ մանդատը: Օրինակ` Ջոբսի կարծիքով` գուցե այդ կարեւոր բանը մարդկային հարաբերություններն են կամ արվեստը, միգուցե երիտասարդության երազանքները: Բայց այստեղ մի խնդիր կա` Ջոբսը գիտեր, թե ինչ են մարդկային հարաբերությունները, արվեստը եւ երիտասարդության երազանքը, նա նաեւ գիտեր, որ միակ բանը, որը մարդը, անկախ նրանից հարուստ է, թե աղքատ, կարող է վերցնել իր հետ, սիրո առաջացրած հիշողություններն են... Մինչդեռ ձեզանից շատերի հիշողությունները, պարոնա՛յք, վերջին խաշի սեղանի մասին են: Չէ, ոչ ոք չի վիճարկում, որ սիրել կարելի է նաեւ խաշ, բայց, կներեք, միայն խա՞շ... Ի դեպ, երբ այն հաճախ ես ուտում կամ, առհասարակ, հաճախ ես ուտում, վնաս է, հիվանդանում ես, եւ եթե դուք կարող եք որեւէ մեկին աշխատանքի ընդունել, որ ձեր փոխարեն մեքենա վարի, կամ գումար աշխատի, ապա ձեր փոխարեն ոչ ոք չի համաձայնի կրել ձեր հիվանդությունը, որքան էլ խաշ ուտեք նրանց հետ, ովքեր ամեն երկրորդ խոսքին ասում են` ցավդ տանեմ: Սա ամենակեղծ խոսքերն են, որովհետեւ եթե հնարավոր լիներ ինչ-որ մեկի ցավը տանել, ապա ոչ մի երեխա չէր մահանա իր ծնողի աչքի առջեւ: Ուրեմն նա, ով ասում է, որ պատրաստ է ձեր ցավը տանել, խաբում է, դո՞ւք եք ասում` ուրեմն խաբում եք...

Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերը սովոր են դրան, նկատի ունեմ` խաբելուն, հակառակ պարագայում այդքան հարուստ չէիք լինի: Կզարմանաք, բայց ես մարդկայնորեն հասկանում եմ, որ հարստության եք ձգտում` անգամ հարուստ լինելով: Ես ու, վստահ եմ, շատերը, չենք հասկանում ձեր կուրությունը, դիմացինին, կողքինին, հետեւում գտնվողին չտեսնելը: Սա չենք հասկանում, քանի որ չենք հասկանում, թե ինչպե՞ս կարելի է այդքան հարուստ լինել եւ կույր: Բա լավ, աշխարհում մի լավ ակնաբույժ չկա՞, որ գնաք մոտը, որ վերացնի ձեր կուրությունը, գոնե մեղմի: Փաստորեն չկա, Դուբայում էլ չկա...

Մի գաղտնիք բացահայտնեմ` եթե կույր չլինեիք, ապա ամեն օր կտեսնեիք, թե ինչ գեղեցիկ է հոսում գետը, կամ մայր մտնում արեւը, կամ տեղում ձյունը, կամ քնում բալետի պարուհի դառնալ երազող փոքրիկ աղջիկը, կամ գրում, կարդում, մտածում, խոսում են բոլոր այն մարդիկ, ովքեր ձեզանից ավելի հարուստ են եւ ձեզանից ավելի խելոք:

Պահպանեք ձեզ, եթե, իհարկե, չեք ցանկանում միշտ մնալ խամաճիկ:

Ճանաչեք մարդկանց, գնահատեք նրանց, սիրեք, սա ավելի կարեւոր է, քան եկեղեցաշինությունը, քանի որ Աստված չի ասել` անպայման եկեղեցի կառուցեք, Աստված ասել է անպայման... Չհասկացա՞ք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ