RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 6237, Տպվել է` 490, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱԶԳ»-Ըՙ 26 ՏԱՐՎԱ ԿՈՇԻԿՆԵՐՈՎ, ԻՐ ՈՒ ՁԵՐ ՔՎԵԻ ՀԵՏԵՎԻՑ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մինչ իշխանական ճամբարում ընտրական գործընթացները միլիմետր առ միլիմետր հաշվարկում էին, գողոն էլեկտորատը բաշխում ու վերաբաշխում, բաժանում ու բազմապատկում, մենքՙ ոչ մի ճամբարի չպատկանող լրագրողներս հավատում էինք, որ արդար ընտրությունները նաեւ մեր աշխատանքի արդյունքն են լինելու: Ամեն քվեն կարեւոր է, «Ազգ»-ը այդ քվեն խոշորացնող, այդ քվեն ամբոխահաճո ելույթների թմբուկ-շեփորից «ականազերծող» տարածք էր: Սա գիտեին նաեւ մեր երկրում գործող օտարերկրյա դիվանագետները, որ նույնպես մտահոգված էին մեր թերթի ճակատագրով: Տարբեր դեսպանությունների հետ մեր առօրյա շփումները գեղեցիկ հիշողություններ ամբարելուց բացի առիթ էին տվել ստեղծագործական համագործակցության: Ֆրանսիայի դեսպանության հետ հեղինակել էինք «Ազգ»-ի բացառիկ մի համար, որ իր բովանդակությամբ նոր մշակույթ էր նորանկախ Հայաստանի լրագրության պատմության մեջ: «Էքսկլյուզիվ» թեք գրված վերտառությունը այսօրվա ֆեյսբուքյան թեթեւսոլիկ խայծի հետ առնչություն չուներ, մեր նիհարիկՙ 8 էջանոց թերթն արտաքնապես էլ շտկել էր իրեն. մի քիչ գիրացած փարիզյան մեր այդ պչրուհուն «Ազգ»-ի գեղարվեստական խմբագրի կապած թափանցիկ, թույլ շալն էր «Էքսկլյուզիվ»-ը, ի հակադրություն նույն բառիՙ ներսի բացառիկ բովանդակության, որ խիտ էր ու լուրջ, իսկ կարեւորըՙ հարցեր հարուցող:

Ֆրանսիայի դեսպանությունը հատուկ ընդունելությամբ նշեց համարը: Մեր երկրում Ֆրանսիայի առաջին դեսպան Ֆրանսուա դ՛Արթենգը ժամանակ նվիրեց «Ազգ»-ին: Ֆրանսիական օծանելիքի նուրբ բույրով առանձնացող բեյրութահայ Հակոբ Ավետիքյանը գրեթե յուրային էր Ֆրանսիան խորհրդանշող «Հրազդան» հյուրանոցի այս տարածքում:

Նրա ֆրանսախոս լինելը դեսպանության աշխատակիցներին չէր զարմացնում, անակնկալն այն էր, որ «Ազգ»-ի աշխատակիցների մեջ շատերն էին ֆրանսերեն հաղորդակցվում, ինչպես փոխխմբագիր, հետագայում դիվանագետ ու դեսպան Համլետ Գասպարյանը, իսկ բառապաշարի անպարագիծ հարստությամբ, բացառիկ առոգանությամբ Պետրոս Քեշիշյանը, կարծում եմ, մրցակից հիմա էլ չունի: Լեզվի, լեզուների հանդեպ բացառիկ վերաբերմունքն էր հավանաբար նաեւ պատճառ դարձել, որ «Ազգ»-ի ջանասեր հեղինակներիցՙ Փարիզում պաշտոնավարած խորհրդային դիվանագետ Հենրիկ Լիլոյանը, նրա որդինՙ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի թղթակից Տիգրան Լիլոյանը բարեկամություն էին կնքել հենց մեր հրատարակած «թիթեռնիկի»ՙ «Ազգ» թերթի հետ: Նրանք էլ աշխատակցել էին ֆրանսիական բացառիկ այդ համարին, եւ մեզ հետ էին հիշարժան այդ օրը:

Գերմանիայի դեսպանության հետ էլ բացառիկ մի համար հրատարակեց «Ազգը», բայց ավելի ուշՙ 2000 թվականին: Իսկ 90- ականներին, երբ մեր թերթը 42 հազար տպաքանակ ուներ, ակտիվ ու սիրով լուսաբանում էր Գերմանիայի դեսպանության աջակցությամբ կազմակերպված համերգաշար- փառատոնները: Ճիշտ է, որեւէ մեկս այն ժամանակ գերմաներեն չգիտեր, բայց այդ լեզուն սովորելու սերը մեզանից գոնե 3-ինՙ Հակոբ Ասատրյանին, Արիս Ղազինյանին ու ինձ լեզվի դասընթացի տարավ, իսկ գլխավոր խմբագրին գերմաներենի հատուկ դասընթացը «պարտադիր» չէր. նրա լավագույն միջնորդը Բեթհովենն էր, որ լսելուց բացի, կարող էր երգել:

Ինչ այսօր եմ գրում, մեր ընթերցողը վաղն է կարդում անշուշտ, ու թող ներող լինի, որ նախորդ համարում կիսատ թողած պատումս այսօր շարունակում եմ ուրի՛շ գույնի հիշողություններով: Փետրվարի 16-ինՙ մեր թերթի ծննդյան օրվա առիթն ինձՙ մանավանդ գերմանական արեւոտ օրվա այս հեռուներից հուշարար է դառնում ուրիշ ռիթմի, հեւքի... Հրաչյա Մաթեւոսյանի ասածՙ «պսակվելու 25-ամյակը» բոլորած, 26-ի կոշիկ հագած մեր եռօրյա-օրաթերթ-շաբաթաթերթը մի քիչ դանդաղ է քայլում, բայց հենակներ չունի, հենարանըՙ հույս նորոգած ժողովուրդն է, որ ուժ է տալու արդար լուսաբանել 2017-ի վարգ սկսած ընտրարշավը: Բայցՙ ձիս սանձեմ, որ իրապաշտական իմ հուշագրությանը վաղը դատարան չտանենՙ գերիրապաշտական մեղադրանք կնքած:

Նորից շրջվենք 1996- ի նախընտրական շրջան, երբ ժողովրդավար մեր երկրում «Ազգ» օրաթերթին զրկել էին շնչառության ճոճանակից: Դեսպանություններից անհանգստացած էին, Սփյուռքից զանգահարում էին, Փարիզի «Յառաջ»-ի խմբագիր Արփիկ Միսաքյաննՙ ամեն օր: Մեր թողարկած 99 օրինակը, գիտեմ, ընթերցողն ինքն էլ էր բազմացնում, բայց մինչեւ ե՞րբ:

Մտածեցինքՙ մեր թերթի արտոնության վերաբերյալ ստորագրություն հավաքենք: Բնավ չէի կասկածում, որ մի ժամում բոլոր ստեղծագործական միությունների նախագահների ստորագրությամբ ու կնիքով վավերացված փաստաթուղթը կդնեմ գլխավոր խմբագրի սեղանին: Բայցՙ այդպես չեղավ: Կոմպոզիտորների միության դրսից հյուրընկալ, ներսիցՙ անհասկանալի մթնոլորտն ինձ հիշեցրեց տատիկիս խորհուրդըՙ ուզում ես հասնել ուզածիդ, կռիվ մի՛ արա, խոսիր հանդարտ, կարեւորըՙ ժպիտդ մի՛ մոռացիր: Որեւէ խնդիր չէինք ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի հետ, թե ի՞նչն է պատճառը, որ չի ստորագրում, հասկանալի չէր: Իմ ժպիտի դեֆիցիտն արդեն նկատելի էր դառնում, բայց Կոմպոզիտորների միության նախագահ Ամիրխանյանի համար միեւնույնն էրՙ իր ստորագրությունը այդ թղթի վրա դնելու վտանգ էր տեսնում: Մի երկու ժամ հաստատ տեւեց, եւ շնորհակալություն մեր թերթի երաժշտական քննադատ Սվետլաննա Սարգսյանին, որ կարողացավ համոզել Ամիրխանյանին, թե «Ազգ»-ը ականապատ տարածք չէ, ավելինՙ ազատ է այնքան, որ շարունակում է տպագրել իր բացառիկ հոդվածները, եւ դրանց կողքինՙ նաեւ իր քննադատությունից նեղացածների գիրը, իսկ նրանցից ո՛ւմ վստահելՙ որոշում է ընթերցողը: Ամիրխանյանը ստորագրեց, տեսա, բայց ես արագ վերցրեցի թուղթն ու դուրս գալով նորից ստուգեցի: Թվում էրՙ ինչ էլ որ ասես, մի ուրիշ պատմություն այնքան էր ճնշում, որ իր ստորագրությամբ քո ազատության ավետիսը լսելու երջանկությունը չի էլ մոտեցնի:

Բաղրամյան պողոտաՙ գրողների միություն հասա մտքիս մեջ Հրանտ Մաթեւոսյանի հետ իմ հանդիպումը մի քանի անգամ «բեմադրելով»: Միության նախագահի տեղակալ Աբգար Ափինյանը բոլոր բացատրություններիս մի պատասխան ուներՙ ո՛չ, Հրանտ Մաթեւոսյանի մոտ չեք կարող մտնել: Չէիր թաքցնիՙ Մաթեւոսյանին սիրում էի, իրենՙ ակնհայտ ոչ, սա՞ էր պատճառը, թե՞ իսկապես համոզված էր, ինչպես ինքն էր ասում, որ գրողների միության գործը չէ «Ազգ»-ի ներկուսակցական այդ վեճին խառնվելը, չեմ կարող ասել, բայց մինչեւ հիմա մի հարց տանջում էՙ ինքն իբրեւ ընթերցող չէ՞ր փնտրում մեր թերթը:

Երբ գրողների միության նախագահի դուռը թակելուց հետո բաց արեցի ու ներս մտա, Մաթեւոսյանի շատ զարմացած հայացքն ուղղվեց երկուսիսՙ Ափինյանն արդեն ներս մտել, տարհամոզում էր Մաթեւոսյանին, որ իմ ներկայացրած թուղթը հանկարծ չստորագրի: Իմ սիրած գրողի հետ հանդիպմանՙ վայրկյաններ առաջ մտքիս մեջ բեմադրածն այնքան թույլ էր իրականի համեմատությամբ, որ ուզում էի ժամանակը կանգնեցնել: «Վարպե՛տ, ընթերցողն իրավունք ունի՞ իր սիրած գրողի հետ առանձի՛ն զրուցելու», լսելի ձայնով հարցրի Մաթեւոսյանին:

«Աբգա՛ր, դուռը ետեւիցդ փակիր», ասաց Մաթեւոսյանը ու շողացող դեմքիս իր մտահոգ հայացքն հառելովՙ զրույցի հրավերս հաստատեց: Իմ սիրած, ավելինՙ իմ ժամանակի գրողն էր Հրանտ Մաթեւոսյանը, որ գիտեի, մի վեպ անավարտ է թողել, խառը ժամանակներում ստանձնել նախագահի պաշտոնը, էլ ինչ սեր, եթե անկեղծ չասեմՙ ես Ձեր վեպին եմ սպասում, իսկ Ձեզանից այստեղ խլում են Ձեր ու մեր ժամանակը: «Այդպե՞ս ես կարծում», հարցրեց, ու կարծես գնահատեց ասածսՙ «իսկ դու որտեղի՞ց գիտես, թե ես վեպ եմ գրում»: Գաղտնիք պահել սովորեցրել էին, նաեւ այն, որ եթե սերդ, հոգատարությունդ անկեղծ է, աչքերդ վար մի կախիր, որ դիմացինը դրանք կարդա: Մեծ գրողին մեր թերթի համար գրելիք հոդվածումս արդեն հարցրել էիՙ մեր Նոբելյանը ե՞րբ են տալու: Ինքը կռահել էր, կռահում էրՙ նրա անավարտ վեպը քո, հավատավոր ընթերցողի իրավացի հույսն էր, միջազգային հարթակում ապագա հաղթանակը:

Մաթեւոսյանի հետ «Ազգը» փակելու, այն արտոնելու մանրամասն զրույց չեղավ, թերթերի, լրագրության մասին զրույցի ընթացքում գրիչն այնքան թեթեւ ստորագրեց այդ թուղթը, որ հրաժեշտից հետո ես էլ մոռացա Ափինյանին այդուհանդերձ ցտեսություն ասել:

(շարունակելի)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ