ՀԱՅԱԳԻՏԱԿ 2017-2018 թթ. հրատարակչական ծրագրեր «Հայագիտակը» 25 տարեկան է. հրատարակչությունը քառորդ դարում լույս է ընծայել շուրջ 200 անուն հայագիտական կոթողային աշխատություններ, հայ դասական եւ ժամանակակից հեղինակների երկերի ժողովածուներ, տեղեկատուներ, պատկերագրքեր, հուշանվերային կաշեկազմ եւ քարեկազմ գրքեր: Հատկապես ուշագրավ են «Հայերն աշխարհում» (1995) տեղեկատու բառարանը, «Ամենայն հայոց կաթողիկոսներ» (2001) պատկերագիրքը, Ն. Ադոնցի «Հայկական հարց» (1996) եւ «Հայաստանի ոսկեհանք» (2006) հոդվածների ժողովածուները, Ֆ. Դոստոեւսկու «Արեւելյան հարց» (2007) օրագրությունը (ռուսերեն), նմանահանությամբ վերահրատարակվել են Յ. Շիլթբերգերի 1886-ին տպագրված «Ճանապարհորդությունը» (2012), Ս. Գլինկայի եւ Վ. Աբազայի ուսումնասիրությունները, Ղ. Ալիշանի «Սիսական», «Շիրակ», «Այրարատ» աշխատությունները եւ Սայաթ-Նովայի խաղերիՙ Գեւորգ Ախվերդյանի հրատարակած (1852) ժողովածուն, Գ. Ջանշյանի «Եղբայրական օգնությունը»: «Գիր» մատենաշարով լույս են տեսել «Գանձարան հայ հին բանաստեղծության» (2000) ժողովածուն, Հ. Թումանյանի (2001), Ա. Իսահակյանի (2001), Վ. Տերյանի (2005), Ա. Բակունցի (2009) ընտրանիները, Ե. Չարենցի «Վերջին խոսք» (2007), Հ. Մաթեւոսյանի «Սպիտակ թղթի առջեւ» (2004) ժողովածուները: 2011-ին լույս են տեսել «Վահան Տերյան: Տերյանագիտություն եւ մատենագիտություն» մեծադիր հատորը, Ռ. Դավոյանի «Ընտրանին», 2016-ինՙ «Մաշտոցից մինչեւ Սեւակ» հայերեն, ռուսերեն ժողովածուն, Հ. Էդոյանի «Ընտրանին», Հ. Հովեյանի «Անժամանակությունը»: Առանձնահատուկ պետք է նշել Ա. Իսոյանի կազմած «Սեւ գիրք: Նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ Հայոց ցեղասպանության մասին» (հայերենՙ 2011, ռուսերենՙ Երեւանում 2011-ին, Մոսկվայումՙ 2012-ին, թուրքերենՙ 2013, անգլերենՙ 2014) եւ «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի եւ հայերի մասին. հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» (2014) ժողովածուները: 1998-ից հրատարակում է հուշանվերային քարեկազմ գրքերի մատենաշար: Լույս են տեսել Գ. Նարեկացու, Ե. Չարենցի, Հ. Թումանյանի, Վ. Տերյանի, Ա. Պուշկինի, Շ. Ռուսթավելու, Ս. Եսենինի, Բ. Օկուջավայի, Տիգրան Պետրոսյանի եւ այլոց քարեկազմ գրքերը: «Հայագիտակի» խմբագրական խորհրդի մեջ են ընդգրկված հայ գրականության եւ մշակույթի անվանի գործիչներ Ռազմիկ Դավոյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Հենրիկ Էդոյանը, Ալբերտ Նալբանդյանը, Հակոբ Ավետիքյանը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, Հակոբ Մովսեսը, Հովիկ Հովեյանը, Ալբերտ Իսոյանը: 1.ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 3 ՀԱՏՈՐՈՎ Երկու տարի հետո, 2019-ի տարեսկզբին համայն հայությունը մեծ շուքով նշելու է հայ ազգային մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Հոբելյանական միջոցառումներից ամենաէականը, մեր կարծիքով, նրա գեղարվեստական երկերի, թարգմանությունների, հրապարակախոսության եւ նամականու հրատարակությունն է հրատարակչական, տպագրական, կազմարարական բարձր որակով, այնպիսին, ինչպիսին վայել է Ամենայն հայոց բանաստեղծի ժառանգությանը: Մինչեւ օրս տեքստաբանական առումով կատարված է մեծ աշխատանք. նկատի ունենք նրա երկերի քառահատորյակը, որ լույս է տեսել 1969-ին, ինչպես նաեւ ակադեմիական երկու հրատարակություններըՙ հտ. 1-6 1940-1959-ին եւ Երկերի լիակատար ժողովածուն 10 հատորով 1989-1999-ինՙ Էդ. Ջրբաշյանի խմբագրությամբ: Սակայն այդ հրատարակությունների, հատկապես Լիակատարի, պոլիգրաֆական որակը, մեղմ ասած, զիջում է բնագրագիտական այն մեծ ու ծավալուն աշխատանքին, որ կատարել են թումանյանագետները: Հրատարակչական եւ պոլիգրաֆական միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակով Հ. Թումանյանի «Ընտրանին» երկու անգամ (2001, 2016) լույս է ընծայել «Հայագիտակ» հրատարակչությունը Հ. Մաթեւոսյանի առաջաբանով եւ Ա. Ինճիկյանի կազմած տարեգրությամբ: «Հայագիտակը» այժմ նախապատրաստական աշխատանքի մեջ ներգրավելով թումանյանագիտական բոլոր կարող ուժերինՙ հրատարակության է պատրաստում մեծ բանաստեղծի ձեռքով գրված բոլոր ավարտուն ստեղծագործությունների ժողովածուն երեք մեծադիր հատորով, համառոտ ծանոթագրություններով: Եռահատոր ժողովածուն, որ կազմելու է 3000 էջ, եւ լույս է տեսնելու 2018-ին, աչքի է ընկնելու տառատեսակի, ձեւավորման, էջադրման ինքնատիպությամբ, բարձրորակ թղթով եւ կազմարարական ինքնատիպ լուծումներով: Ժողովածուի հրատարակչական եւ տպագրական ծախսերը կազմում են 20 (քսան) միլիոն դրամ: 2. ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ Բազմաբնույթ եւ բազմահատոր հայոց պատմությունների կողքին մինչեւ օրս չունենք «Ժամանակագրություն հայոց պատմության» մի հիմնարար գիրք ոչ միայն օտար, այլեւ հայերեն լեզվով: Մինչդեռ այդ գիրքը, հատկապես օտար լեզուներով, կլինի ամենայն հայոց դեսպանը միջազգային բոլոր լսարաններում ու պաշտոնական գրասեղանների վրա, որտեղ Ադրբեջանը միլիոնավոր օրինակներով տարածում է կեղծիք ու զրպարտություն: «Հայագիտակ» հրատարակչությունը իր քառալեզու «Սեւ գիրք» եւ «Երկիր դրախտավայր» հանրագիտարանային ժողովածուներից հետո ձեռնամուխ է եղել հրատարակելու «Ժամանակագրությունը»: Գրքի ստեղծմանը մասնակից են պատմաբաններ, հնագետներ, ազգագրագետներ, աշխարհագրագետներ, տնտեսագետներ, մշակութաբաններ, գրականագետներ, քարտեզագիրներ: Գրքի ծավալը մեծ է, շուրջ 1000 էջ, 1750 լուսանկար եւ քարտեզ: Մեծ տեղ է հատկացվում օտար նշանավոր մարդկանց խոսքերին: Հայերեն տարբերակի հրատարակչական եւ 1000 օրինակի տպագրության ծախսերը կազմում են 12 (տասներկու) միլիոն դրամ: 3.ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Վերջին քառորդ դարում, երբ հայ ժողովուրդը կենաց ու մահվան կռիվ է մղում անարգ թշնամու դեմ հանուն Արցախի եւ պատմական ճշմարտության, մեզանում ի հայտ են եկել արտաքին թշնամուց առավել վտանգավոր ու քողարկված, Հ. Թումանյանի բառապաշարով ասածՙ «գետնաքարշ արարքների եւ հացկատակ խաղերի» ընդունակ հայ մտավորականներ, ովքեր օրը ցերեկով ոչ միայն անարգում են մեր ազգային սրբությունները, այլեւ ջուր են լցնում մեր թշնամու ջրաղացին: Խոսքը առաջին հերթին վերաբերում է մեր համազգային կողմնորոշումՙ Սուրբ Վարդան Մամիկոնյանի հասցեին հրապարակ նետված գրավոր եւ բանավոր մեհրուժանական հերյուրանքներին: Ի պատասխան հակապատմական եւ հակաազգային այդ դրսեւորումների, «Հայագիտակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել «Սուրբ Վարդան Մամիկոնյան» ժողովածուն, որտեղ տեղ են գտել Եղիշեի, Շնորհալու, Ալիշանի, Գաբրիել Պատկանյանի, Պետրոս Դուրյանի, Ռափայել Պատկանյանի, Ջիվանու, Ավետիք Իսահակյանի, Լեոյի, Դերենիկ Դեմիրճյանի, Հակոբ Մարթայանի եւ այլոց արձակ ու չափածո խոսքերը Կարմիր Վարդանի մասին: Գրքի ծավալն է 30 հրատ. մամուլ, տպաքանակը 1000 օրինակ: Հրատարակչական եւ տպագրական ծախսերը կազմում են 3 (երեք) միլիոն դրամ: 4. ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ, ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2 ՀԱՏՈՐՈՎ Հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի երկհատորյակի հրատարակությամբ սկիզբ է դրվում «Արեւմտահայ գրականություն» մեծ պահանջարկ ունեցող մատենաշարին: Վերջին քառորդ դարում Հ. Պարոնյանի երկերը չեն հրատարակվել եւ ժամանակակից հայ ընթերցողը գրեթե անհաղորդ է մնացել Ամենայն հայոց երգիծաբանի ստեղծագործությանը: «Հայագիտակ» հրատարակչությունը երկհատորյակը հրատարակչական եւ տպագրական բարձր մակարդակով լույս կընծայի 2017-ին: Մեր կարծիքով Մեծն Պարոնյանի խոսքը զվարթություն եւ խորություն կհաղորդի մեր օրերում արեւմուտքից թափանցող գորշ ու մակերեսային ընկալումներին: Ժողովածուի ծավալն է 100 մամուլ: Հրատարակչական եւ տպագրական ծախսերը կազմում են 8 (ութ միլիոն) դրամ: 5. ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐԻ, ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ «Հայագիտակ» հրատարակչությունը «Արեւմտահայ գրականություն» մատենաշարով հրատարակության է պատրաստել հայ արձակի մեծ վարպետ Հակոբ Մնձուրու պատմվածքների եւ հուշագրությունների մեծադիր հատորը, որի պահանջարկը մեզանում չափազանց մեծ է: Գրքի ծավալն է 50 հրատ. մամուլ, ծախսերը կազմում են 4 (չորս միլիոն) դրամ: 6.ԳԱՆՁԱՐԱՆ ՀԱՅ ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ 2000-ին «Հայագիտակը» լույս է ընծայել «Գանձարան հայ հին բանաստեղծության» մեծադիր հատորը (992 էջ) Պողոս Խաչատրյանի աշխատասիրությամբ. այժմ հրատարակության է պատրստել «Գանձարան հայ նոր բանաստեղծության» ժողովածուն, որն ընդգրկում է Սայաթ-Նովայից մինչեւ Պարույր Սեւակ ընկած ժամանակաշրջանը: Բացի բանաստեղծներից գրքում տեղ են գտել նաեւ նշանավոր թարգմանիչներՙ Մանուկ Սադաթյանի եւ Հովհաննես Մասեհյանի թարգմանություններից: Հավելվածում հրատարակվելու են նաեւ նմուշներ օտար լեզվով գրած հայ հեղինակների ստեղծագործություններից: Գրքի ծավալն է 60 մամուլ, հրատարակչական եւ տպագրական ծախսերը կազմում են 5 (հինգ միլիոն) դրամ: 7. ՀԱՐՅՈՒՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ Գրքում առաջին անգամ ներկայացվելու են բոլոր ժամանակների հարյուր նշանավոր հայերըՙ հրատարակչական մեծ խորհրդի քվեարկության արդյունքներով: Գրքի ծավալն է 240 էջ, հրատարակչական եւ տպագրական ծախսերը կազմում են 2 (երկու միլիոն) դրամ: 8.ՀԱՅԸ Այս ինքնատիպ ժողովածուի հեղինակներն են նշանավոր հայերը սկսած Մովսես Խորենացուց վերջացրած Դերենիկ Դեմիրճյանով: Գրքի բուն նպատակն է ինքնաճանաչում եւ կատարելագործում: Գրքի ծավալն է 30 հրատ. մամուլ, ընդհանուր ծախսերը կազմում են 3 (երեք միլիոն) դրամ: 9.ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ, հատոր II 2014-ին «Հայագիտակ» հրատարակչությունը լույս է ընծայել Ա. Իսոյանի կազմած «Երկիր դրախտավայրի» առաջին հատորը Կարեն եւ Սամվել Կարապետյանների հովանավորությամբ: Պատրաստ է նաեւ գրքի երկրորդ հատորը, որը նախորդ հատորի նման ընդգրկում է 300 նշանավոր օտարերկրացիների վկայությունները: Գրքի ծավալն է 45 հրատ. մամուլ, հրատարակչական եւ տպագրական ծախսերը կազմում են 6 (վեց միլիոն) դրամ: 10. ՀԱԿՈԲ ՄԱՐԹԱՅԱՆ. ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ. III հատորով Մեծ հայագետի այս բազմահատորյակը, որ 2004-2015 թթ. լույս են ընծայել «Մարմարա» օրաթերթը եւ Ուսուցչաց հիմնարկը, ընդգրկում է հնագույն շրջանից մինչեւ 1920-ը: Գրքում տեղ են գտնելու նաեւ բազմավաստակ լեզվաբանի ուշագրավ հոդվածները: Գրքի ծավալն է 150 հրատ. մամուլ, հրատարակչական եւ տպագրական ծախսերը կազմում են 14 (տասնչորս միլիոն) դրամ: 11. ԵՐԵՎԱՆ ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔ Գիրքն ընդգրկում է Երեւանի համառոտ պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Զգալի տեղ է հատկացված հայ եւ օտար հեղինակների վկայություններին: Պատկերների թիվը հասնում է շուրջ 300-ի: Գրքի ծավալն է 25 հրատ. մամուլ, հրատարակչական եւ տպագրական ծախսերը կազմում են 4 (չորս միլիոն) դրամ: «Հայագիտակի» հրատարակչական խորհուրդը լիահույս է, որ հայրենիքի եւ արտերկրի բարեգործական կազմակերպությունները, մշակութային հիմնադրամները, այդ թվում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը եւ բազմաթիվ այլ կազմակերպություններ ու մասնավոր անձիք երկրի համար այս բախտորոշ ժամանակներում, երբ մոլեգնում է արծաթասիրությունն ու օտարամոլությունը, կանսան մեր խնդրանքին եւ իրենց նպաստը կբերեն հայ Գրի եւ Մշակույթի մեր այս նախաձեռնություններին, որոնք ազգային ինքնության եւ գիտակցության հիմնասյունն են: Հայագիտական բարեգործական ՀԿ ՀՀ, ք. Երեւան 0009, Իսահակյան 28 ՀՎՀՀ 01503592 Հայէկոնոմ բանկ ԲԲԸ, Մյասնիկյան մ/ճ AMD 163038109407, USD 163038120990, EUR 163038121006, RUB 163038121014 հեռ.ՙ +374 10 54 01 27 բջջ.ՙ +374 94 990 299, +374 994 994 www.hayagitak.am. e-mail: info@hayagitak.am |