RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-04-28 01:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 7028, Տպվել է` 499, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՇԱՑԱԾ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Անկախ դատավորների կայացրած որոշումները երբեմն անհստակ, նույնիսկ հակասական բառերի կույտեր են, հատկապես երբ խոսքը վերաբերում է միջազգային հարաբերություններին: Հաճախ քաղաքականությունն է որոշում որեւէ դատավճռի ելքը, լուծումը: Միջազգային իրավունք ասվածը նման է մի կոշիկի, որը համապատասխանում է ուժեղ ու հզոր մարդու ոտքին:

Թուրքիա, կամ Օսմանյան Թուրքիա անվանումով երկիրը ոչնչացնում է էթնիկական բնիկ մի ժողովուրդի, սրախողխող անում նրա երկու-երրորդին, տիրանում ամբողջ ունեցվածքին, տեղահանում ողջ մնացածներին, եւ մեկ դար անց դեռեւս մնում է քաղաքակիրթ հռչակված աշխարհի հարգարժան անդամը, մինչ զոհերն ու վերապրողները չեն կարողանում հետադարձ պահանջով դիմել հանցագործներին: Միջազգային իրավունքի բոլոր իրավական ճանապարհները առաջնորդում են դեպի... ոչ մի տեղ:

Քաղաքականությանը հարմարվելը դեմ է գնում ամեն տեսակի տրամաբանության եւ աղճատում է պատմական ճշմարտությունը:

Ներկայի խնդիրների մեծ մասը այս ձեւով է լուծում ստանում: Որոշումները բխում են ուժեղի շահերից: Հարավսլավիան մասնատվեց եւ ռումբերի հեղեղի տակ ծնունդ առավ Կոսովոն, որի ղեկավարներն այժմ Եվրոպայում կատարվող որոշ ահաբեկչությունների թիկունքին են կանգնած: Այս փոքրիկ պետությունը, որը չունի պատմական անցյալ եւ չի կարող շարժվել առանց ՆԱՏՕ-ի «հենակների», Եվրոպայի դեմ ծավալվող ծայրահեղ իսլամիստական շատ գործողությունների հրահրողն է:

Նման քաղաքական իրականությունը միայն հուսահատություն կարող է առաջացնել արդարություն որոնող երկրների մոտ:

Ադրբեջանն, իր հերթին, ՄԱԿ-ում ունեցած իր հզոր գործընկերների միջոցով քաղաքական իրականություն է դարձնում Նախիջեւանի, Խոջալուի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ստերը: ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ, եւ նույնիսկ Հայաստանի բարեկամ երկրներՙ Ռուսաստանն ու Իրանը, ընդունում են պարտադրված իրավիճակը: Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ անտեսվում է:

Յուրաքանչյուր տարի ապրիլին հայերն սկսում են հաշվել, թե քանի պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ մտածել, թե արդյոք Մ. Նահանգների նախագահն օգտագործելո՞ւ է «ցեղասպանություն» եզրը ամերիկահայերին ուղղված իր ելույթի ժամանակ: Այս խաղը մենք արդեն տասնամյակներ շարունակ խաղում ենք, եւ հավանաբար շարունակենք մնալ այդ տիրույթում մեկ կամ երկու դար եւս:

Երբ կենդանի օրգանիզմում վերք է առաջանում, բոլոր առողջ բջիջները դեպի այդ վերքն են շարժվում, որպեսզի բուժեն այն: Եթե սա գիտականորեն ճշմարիտ է, ապա ճշմարիտ պետք է լինի նաեւ հասարակագիտության բնագավառում:

Հայոց ցեղասպանությունը, որի 102-րդ տարելիցը նշում ենք այս տարի, անասելի հսկայական տարողության ողբերգություն, աղետ էր, որ հայրենազրկեց մի ամբողջ ժողովրդի, եւ վերապրողներին էլ թողեց, որ իրենց տեղը գտնեն քաղաքակիրթ ժողովուրդների կողքին: Բայց քաղաքական նպատակահարմարություն կոչվածը միշտ ի նպաստ Թուրքիային է գործում, խոչընդոտելով մեր երկսայր պայքարն ընդդեմ ժխտողականության եւ հանուն ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության:

Համաշխարհային գերագույն ուժերի աջակցությամբ Թուրքիան դարձել է տարածաշրջանային հզոր պետություն, որն իր ձեռքի տակ ունի հսկայական ռեսուրսներ: Նա մարտահրավեր է նետում ինչպես արեւելքին, այնպես էլ արեւմուտքին, միաժամանակ ցեղասպանական ներքին պատերազմ մղելով ընդդեմ իր քուրդ փոքրամասնության: Նա նաեւ պայքարում է ցեղասպանության ճանաչման հետամուտ հայերի դեմ, փորձելով կանխարգելել կամ նսեմացնել հայերի ձեռնարկած որոշ միջազգային ծրագրերի ազդեցությունը: 2015-ին այդ նկատառումներով Թուրքիայի կառավարությունը կազմակերպեց Գալիպոլիի արշավանքի հարյուրամյակի տոնակատարությունը: 1930-ականներին «Մուսա լեռան 40 օրերը» ֆիլմի նկարահանումները հաջողությամբ խոչընդոտելուց հետո, հիմա էլ Թուրքիան հովանավորել է «Օսմանցի լեյտենանտը» խորագրով ֆիլմի թողարկումը, որպեսզի աշխարհով մեկ տարածի Հայոց ցեղասպանության մասին իր խեղաթյուրված տարբերակը: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերՙ Սթիվն Ջոել Բրաունը «Հուրրիեթ Դեյլի Նյուսի» հետ զրուցելիս ասել է. «Օբյեկտիվ եւ հարգալից վերաբերմունքովՙ հանդեպ համընդհանուր տառապանքների, մենք ցանկացանք հանրությանը ներկայացնել այն ինչ տեղի է ունեցել հայերի եւ թուրքերի հետ արեւելյան Անատոլիայումՙ Առաջին աշխարհամարտի օրերին, մի թեմա, որ նախկինում չի արծարծվել»:

Սա հենց այն ճշգրիտ քաղաքական ուղերձն է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու նախկին վարչապետ Ահմետ Դավութօղլուն փորձում են մարդկանց մտքերում ամրապնդել վերջին տարիներին: Կատարվածը համընդհանուր դժբախտություն էր: Երկու կողմերն էլ, պատերազմի արդյունքում, տուժեցին: Թե որ կողմը պատճառեց ցավը, եւ որ կողմը տուժեց ավելի, էական չէ:

Բայց կարծես այս քարոզչական նպատակներով թողարկված ֆիլմը, որին ներգրավված է նաեւ Էրդողանի որդինՙ Բիլալը, այնքան էլ իր նպատակին չի ծառայելու:

«Հայոց ցեղասպանությունը ժխտող հոլիվուդյան նոր էպիկական ֆիլմը» խորագրով «Դեյլի Բիստ» պարբերականում տպագրված Մայքլ Դելիի ջախջախիչ հոդվածը քողազերծում է դերասանների խաբված լինելու հանգամանքը: «Եթե Բեն Քինգզլին, Ջոշ Հարտնետը եւ Հերա Հիլմարը պատկերացնեին, որ մեղսակից են դառնալու ցեղասպանության ժխտողական քարոզարշավին, նրանք վստահաբար չէին համաձայնվի նկարահանվել «Օսմանցի լեյտենանտը» ֆիլմում» գրում է Մայքլ Դելին: Սցենարիստ Ջեֆ Ստոքուելը նույնպես կուլ է գնացել խորամանկությանը: Թուրք անհատներ, որոնք կապ են ունեցել ֆիլմի արտադրության հետ, խուսափել են հարցազրույց տալ Դելին, սակայն նրան հաջողվել է հանդիպել Ստոքուելին , ով խոստովանել է, որ ինքը չի իմացել, որ ֆիլմը նպատակ է հետապնդում խոչընդոտելու «Խոստումը» ֆիլմի թողարկումը: «Ես վերջերս եմ կարդացել որոշ մեկնաբանություններ այդ ծրագրի իսկական նպատակների մասին, բայց եթե նույնիսկ դա էր խնդիրը, ինչո՞ւ ինձ տեղյակ չէին պահել: Պրոդյուսերները սովորաբար նման «մրցունակ» ծրագրերի մասին իրար տեղեկացնում են, որպեսզի խթանեն ավելի արագ թողարկելու տվյալ ֆիլմը», ասել է նա: (Կիցՙ լայն հատվածներ Մայքլ Դելիի հոդվածից):

Բոլոր ցուցանիշներով պարզվում է, որ թուրքական կողմը խաբել է Ստոքուելին: «Դեյլի Բիստը» շարունակում է. «Ստոքուելը, ինչպես նաեւ պրոդյուսեր Ջոել Բրաունը, լավ մտադրություններով են առաջնորդվել, բայց «ES» ֆիլմընկերության ներգրավվածությունը ցույց է տալիս, որ «Օսմանցի լեյտենանտը» սովորական հոլիվուդյան ֆիլմ չէ: Ստոքուելը գործ է ունեցել միայն «YProductions-ի» պրոդյուսերների հետ եւ ոչինչ չի իմացել «ES-ի» մասին, որը հապավումն է «Eastern Sunrise Films-ի» (Արեւելյան արշալույսի ֆիլմընկերություն, որի լոզունգն է «Արեւելքից, որտեղ արեւը առաջինն է ծագում, մենք վեր ենք կենում նայելու աշխարհին»): «Ես «ES- ֆիլմզի» համապրոդյուսեր լինելու մասին իմացել եմ մի քանի շաբաթ առաջ, ֆիլմի վերջնական օրինակում համապատասխան տարբերակիչ նշանը տեսնելուց հետո», նշել է Ստոքուելը:

Իրազեկվածությունից հետո Մայքլ Դելին խորամուխ է եղել Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությանը, եւ հայտնաբերել դեսպան Հենրի Մորգենթաուի եւ բազմաթիվ անվանի պատմաբանների վկայությունները: «Դեյլի Բիստ» (Daily Beast) պարբերականը իր այս հրապարակումով խառնել է բոլոր խաղաթղթերը թուրքերի, որոնք չեն հրաժարվում ժխտողականությունից: Թուրքիան կազմակերպված ձեւով եւ օգտագործելով իր տպավորիչ ռեսուրսները փորձելու է հակադրվել հայերի ամեն մի նախաձեռնությանը: Ավելին, նա փորձելու է առաջ անցնել եւ կանխարգելել մեր որոշ ծրագրերի իրագործումը: Դրա միակ պատասխանը մեր տաղանդների եւ ռեսուրսների ներկա մոբիլիզացումն է, որով պետք է վերականգնենք արդարությունն ու պատմական ճշմարտությունը:

Բազմաթիվ վավերագրական եւ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր կան հրեական հոլոքոսթի մասին, բայց հրեաները, կամ նրանցից շատերը, բողոքում են, որ աշխարհը դեռ ամբողջովին իրազեկված չէ այդ մասին: (Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերի վերջերս կատարած մեկնաբանությունները գալիս են ապացուցելու, որ որոշ ճշմարտություն կա դրանում):

Հայերս դեռ պետք է ունենանք այն միակ գեղարվեստական ֆիլմը, որը կհամապատասխաներ միջազգային չափանիշներին:

Որտե՞ղ են հաջորդ Քըրք Քըրքորյանները, որպեսզի ունենանք «Խոստումը» ֆիլմի նման այլ կինոնկարներ եւս:

Մենք պետք է պայքարենք եւ սպասենք, որ վերականգնվի արդարությունը, շարունակելով անշուշտ հիշատակել այժմ արդեն սրբադասված մեր անմեղ զոհերի տարելիցը, որովհետեւ ուշացած արդարությունը նշանակում է մերժված արդարություն:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ